Եղեգնաձորի քաղաքապետը՝ մեղադրյալի աթոռին

Եղեգնաձորի քաղաքապետը՝ մեղադրյալի աթոռին

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Եղեգնաձորի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Համայնքապետարանում Պետական վերահսկողության ծառայության  ստուգումների արդյունքում նրա դեմ քրգործ է հարուցվել յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման համար։

Քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել քաղաքապետից, նա նախ հերքեց իր դեմ հարուցված քրեական գործը, ապա, երբ պնդեցինք հարցն, ասաց՝ գրավոր հարցում ուղարկեք։

Հարությունյանը վերջում ավելացրեց, որ ՊՎԾ-ն ստուգումներ անցկացրել է անցած տարի։

Գլխավոր դատախազությունից էլ մեզ փոխանցեցին. «ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրաՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում  ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019թթ, պաշտոնական փաստաթղթերում՝ կատարողական ակտերում, հանձնման և ընդունման արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 մլն. 323 հազ դրամի վատնում կատարելու, ինչպես նաև իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով շուրջ 41 մլն. 255 հազ. դրամի գործող նորմատիվների հիմնական պահանջներին չհամապատասխանող աշխատանքները ընդունելու և ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով 11.02.2020թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործը, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 08.07.2020թ. որոշում է կայացվել Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին»։

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վայոց ձորի մարզ, շրջայց էր կատարել Եղեգնաձորում՝ ծանոթանալով ընթացող սուբվենցիոն ծրագրերին։ Վարչապետը գոհ չէր մնացել կատարված աշխատանքներից և նշել էր, որ փողոցի վերանորոգման աշխատանքը «գլխառադ» է արված: