Որդուն բացահայտում է զոհվելուց հետո

Որդուն բացահայտում է զոհվելուց հետո

Անձնական երջանկության հինգ ակնթարթ ունեցավ հետախույզ, մայոր Լեւոն Ավետիսյանը: 2020 թվականի սեպտեմբերի 26-ին երիտասարդ սպան ամուսնացավ ու սիրելիի հետ մեկնեց Ծաղկաձոր: Լույսը չբացված՝ պատերազմի բոթն առավ: Ընտանիքն ու հարազատները, որ դեռ հետհարսանեկան տրամադրության մեջ էին, սարսռացին։ «Վախենամ՝ երիտասարդ կինն էլ չկարողանա հետ պահել պատերազմ մեկնելու մտքից»,- ասել է Լեւոնի մայրը՝ տիկին Գայանեն:
 «Ընդամենը 5 օրվա ամուսնացած էր, որ գնաց: Բայց այդ 5 օրն էլ չափազանց լարված ու անհանգիստ է եղել: Հարսս զանգեց, ասաց՝ շատ տխուր է, անընդհատ զանգեր է ստանում, տեղեկանում իրավիճակի ու զոհված ընկերների մասին: Ես էլ խնդրեցի, որ տրամադրությունը ցրի, որ չկենտրոնանա գնալու վրա, բայց չստացվեց… ամսի 2-ին գնաց զորամաս, 3-ին Արցախում էր: Նույնիսկ տուն չեկավ, որ մեզ հրաժեշտ տար: Գիտեր՝ ես ու հայրը աղաչելու էինք…»,- պատմում է հետախույզի մայրը:

Կես տարուց ավելի է՝ որդին անմահացել է, բայց արցունքները չեն ցամաքում տիկին Գայանեի աչքերից: Տղայի թաքնված տեսակը մայրը նոր է բացահայտում՝ զինակիցների  պատմություններով: «Չէի դիմանա, կմեռնեի, եթե այդքանն իմանայի իր ողջության օրոք… Փաստորեն, յուրաքանչյուր առաջադրանքը կյանքի ու մահվան արանքում է եղել: Ընկերները լեգենդներ են պատմում, որից մարմինս փշաքաղվում է: Ասում են՝ տեղանքը 10 մատի պես գիտեր, քարտեզներ էր կազմում, հույժ կարեւոր գործողություններ ղեկավարում… Իսկ իրական կյանքում սովորական մարդ էր, երբեք ցույց չէր տա իր կարեւորությունը: Նույնիսկ չեմ իմացել, որ վարժ ադրբեջաներեն ու թուրքերեն է խոսում»:

Լեւոն Ավետիսյանը զինվորական նախնական կրթություն է ստացել «Տիգրան Մեծ» վարժարանում, ապա գերազանց առաջադիմությամբ ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան: «4-րդ կուրսում, երբ պետք է զինվորական նեղ մասնագիտություն ընտրեին, խնդրեցինք հետախույզի գործը չընտրի: Առարկեց, ասաց՝ ես դա եմ սիրում. օպերատիվությունը, գաղտնիությունը հետաքրքիր են ինձ… Ճիշտ է՝ համակերպվեցի, բայց  անհանգստություն մտավ մեջս: Չէ՞ որ մեր երկրում ոչ պատերազմ էր, ոչ խաղաղություն. մի օր պայթելու էր»:

Լեւոնի ու նրա ընտանիքի համար առաջին պայթյունը 2016-ի ապրիլին էր: Երիտասարդ հետախույզն արդեն հատուկ նշանակության վաշտի հրամանատար էր: Ամենաբարդ տեղերում էր, ամենավտանգավոր հանձնարարություններով: Քառօրյայից հետո «Արիության մեդալ» ստացավ, ՀՀ ՊՆ-ն էլ հատուկ հետախուզական կրծքանշան շնորհեց:

Իսկ 44-օրյա պատերազմին մեկնեց ամուսնական առագաստից: Մայրը որդու վերջին խոսքերը հեռախոսով է լսել: «Ասաց՝ մամ ջան, Մաշիս լավ կնայես, մինչեւ գամ… Ի՜նչ լուսավոր նպատակներ ուներ. ուզում էր ամուսնությունից հետո գնար Մոսկվա, ուսումը շարունակեր ռազմական ակադեմիայում, հետ գար ու նորից ծառայության անցներ Արցախում: Ասում էր՝ Արցախն իմ հայրենիքն է: Անձնական կյանքում էլ շատ ծրագրեր ուներ. առաջնահերթ ուզում էր աղջիկ ունենար, որ անունս դներ: Շատ երեխաներ էր ուզում, լավ ընտանիք, տուն… կիսատ թողեց: Ես չեմ ուզում հավատամ, որ չկա. մտածում եմ՝ Արցախում է, հետ է գալու»:

Լեւոն Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին՝ Հադրութի Սարիշեն գյուղում: Մայրը խռովված է կյանքից: Ասում է՝ անարդար է, այսքան զոհեր չպետք է լինեին: «Հիմա որ աշխարհն էլ ինձ տան, դժգոհ եմ լինելու: Ես ընդամենը երկու գանձ եմ ունեցել ու հիմա զրկվել եմ մեկից: Նույնիսկ եթե այս պատերազմում հաղթեինք, էլի՛ չէի սփոփվելու. լուսավոր կետս կորցրել եմ…»։