Փաշինյանը չի կատարում իր խոստումները

Փաշինյանը չի կատարում իր  խոստումները

Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանը միայնակ քաղաքական պատասխանատվություն ստանձնեց։ Անցել է 1․5 օր, ժողովուրդը, իմքայլականները, բնապահպանները մինչ հաղթահարում են վարչապետի հայտարարություններից առաջացած հետլայվյան շոկը, սկսել է բարձրացվել  հարց, թե ինչու Ամուլսարի հարցը չլուծել տեղական հանրաքվեով։ Ժողովուրդն էլ հավաքական պատասխանատվություն կրի հանքի շահագործման ու հնարավոր ռիսկերի համար և հակառակը։

Մասնավորապես, հեղափոխության գործում «մասնաբաժին ունեցող» Լևոն Բարսեղյանը ՀՀ քաղաքացիներին երեկ հիշեցում արեց՝ քաղաքացիական նախաձեռնությունների սահմանադիր իրավունքների մասին, ըստ որի՝ ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք, և քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը կարող է հանրաքվեի դրվել։

Ինչպես հիշում ենք՝ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես եկած կուսակցություններից ամենաշատը «Ազգային առաջընթացն» էր իր ծրագրային թեզերում հանդես գալիս հանրաքվեների մասին թեզերով։ Այս կուսակցությունից Լուսինե Հարոյանը հայտնեց, որ այլևս կուսակցության նախագահը չէ, բայց, անդրադառնալով հանրաքվեների գաղափարին, ասաց, որ Ամուլսարը հույժ կարևոր հարց է և անպայման պետք է դրվի հանրաքվեի։ Մի բան, որը, ըստ Լուսինե Հարոյանի, Նիկոլ Փաշինյանը չի անում՝ խախտելով իր հեղափոխական և վաղ հետհեղափոխական խոստումները ոչ միայն բնապահպանական հարցերում, այլև Ընտրական օրենսգրքի և այլ հարցերի հետ կապված։ Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա Լուսինե Հարոյանն ասում է․ «Խնդիը մենք այլ տեսանկյունից էլ ենք դիտարկում, մասնավորապես, Սահմանադրությունը, որն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում հողը, ջուրը, ընդերքը, բնական ռեսուրսները ժողովրդի սեփականությունն են, բայց Հայաստանում այնպիսի պատկեր է, որ ընդերքը չի պատկանում հայ ժողովրդին»։