Իրենց ընկալմամբ՝ ավելի արդյունավետն իրենց կողմից առավել կառավարելին է

Իրենց ընկալմամբ՝ ավելի արդյունավետն իրենց կողմից առավել կառավարելին է

Մինչեւ իշխանափոխությունը, Հայաստանի իրավապաշտպանների ինստիտուտ կար։ 2018-ից հետո այդ ոլորտում իրական ճգնաժամ է։ Արթուր Սաքունց կամ Լեւոն Բարսեղյան․ ընդամենը մարդկանց հուշերում մնացած ՀԿ-ներ են, որոնք 2018-ից ի վեր Հայաստանում ոչ միայն մարդու իրավունքների խախտումներ չեն նկատում, այլեւ վերածվել են թոշակառու իրավապաշտպանների, որոնք դեռ շարունակում են գրանտներ ստանալ, բայց մարդկանց իրավունքների պաշտպանությամբ այլեւս չեն զբաղվում։ Թեեւ քաղաքական գործիչների նման, եթերներում դեռ շարունակում են դատապարտել նախկին իշխանություններին։ Այնուամենայնիվ, մարդիկ ըմբռնումով են վերաբերվում, որ իրենց իրավապաշտպան համարող մարդիկ չէին կարող պաշտպանել Մանվել Գրիգորյանի կամ Նարեկ Մալյանի իրավունքները, քանի որ չէին սիրում նրանց։

Բայց լրիվ այլ բան է, երբ մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված կազմակերպությունները քար լռություն են պահպանում անգամ այն ժամանակ, երբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավ է սանձազերծվում։ Շաբաթ օրը Արման Թաթոյանը հայտարարեց, որ ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման նվազեցման պատճառով միջազգային կառույցները կվերացնեն Հայաստանի ՄԻՊ-ի «A» կարգավիճակը, որը մինչեւ վերջերս «B» կարգավիճակ ունեցող Ադրբեջանի նկատմամբ միջազգային կառույցներում լուրջ առավելություն է ունեցել։ Ասաց, որ ՄԻՊ-ին չեն հրավիրում կառավարության նիստերին եւ այլն։ 

Հայտնի իրավապաշտպանները 2018-ից հետո նաեւ հին չինովնիկական մեթոդներով չեն պատասխանում լրագրողների հարցերին, ֆեյսբուքյան գրառումներ չեն անում, եթե անում են, ապա՝ լրատվամիջոցների ու ազատ խոսքի դեմ։ Բարեբախտաբար, Հայաստանում դեռ մնացել են իրավապաշտպաններ, որոնցից մեկը Զարուհի Հովհաննիսյանն է, ով նույնպես Սորոսի հիմնադրամի խորհրդի կազմում է, բայց քաղաքացիական կեցվածք է դրսեւորում։ Նա օմբուդսմենի գրասենյակի նկատմամբ նման մոտեցումն անթույլատրելի է համարում, «հատկապես, որ այդ իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ»։ ««Օմբուդսմենի մասին» օրենքը սահմանադրական օրենք է, եւ այդ օրենքի շրջանակներում փոփոխություններ իրականացնելը նշանակում է նվազեցնել սահմանադրական անկախությունը։

Անկախության երաշխիքը, որը նաեւ սահմանադրական երաշխիք է։ Եվ դա լուրջ հարված է նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանը, որովհետեւ օմբուդսմենն օժտված է մանդատով, որով երկրում որեւէ հասարակական կազմակերպություն ու իրավապաշտպան օժտված չէ, տարբեր հաստատություններ անարգել մուտք գործելու, տարբեր խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելու, միջգերատեսչական տարբեր քննարկումների մասնակցելու եւ դրանով իսկ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ արագ արձագանքելու։ Այսինքն՝ սա այն կառույցն է, որն առաջնային ազգային մեխանիզմ է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Եվ պետք է այդ կառույցը ոչ թե սեղմել, կրճատել, հետապնդել, այլ հակառակը՝ հնարավորություններն ընդլայնել։ Եվ որքան ՄԻՊ գրասենյակն առավել կայացած է եւ ուժեղ, այնքան պաշտպանված է ՀՀ քաղաքացին»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով՝ ցանկացած իրավապաշտպան պետք է այսօր ձայն բարձրացնի եւ արձագանքի պաշտպանի գրասենյակի հետ կապված նման դրսեւորումներին, որովհետեւ դա անմիջականորեն մարդու իրավունքներին վերաբերող մոտեցում է։

«Գուցե Հայաստանում լուրջ չի՞ ընկալվում մարդու իրավունքների պաշտպանությունը, եւ կարծում են, թե հեղափոխությունից հետո նմանատիպ խնդիր չկա, եթե այո, ապա կարող եմ վստահեցնել նրանց, որ այսօր ավելի շատ կա, քան եղել է երբեւէ, հատկապես հաշվի առնելով մարդու խաղաղության իրավունքը եւ այն, որ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ՄԻՊ-ը երեւի թե միակն էր պետական կառույցներից, որ գործել է անխափան, գործել է լավագույնս եւ կատարել է իր պարտականությունները»,- ասաց իրավապաշտպանը։ Ընտրովի իրավապաշտպանության մասին էլ հարցրիք Զարուհի Հովհաննիսյանին։ «Ինձ շատ դժվար է այդ հարցին պատասխանել, իրականում։ Ես վստահ եմ, որ կարձագանքեն։ Գրեթե 100 տոկոսով վստահ եմ։ Գուցե հայտարարության տեսքով կարձագանքեն, գուցե այս պահին մշակո՞ւմ են, թե ինչ շեշտադրումներով եւ այլն»։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանն էլ գրեթե բառացի ասաց նույնը․ «Վերջին կես տարվա մեջ ավելի ակնհայտ է, որ պաշտպանի ինստիտուտն ամենագործուն ինստիտուտներից է Հայաստանում, որը կարողանում է իր առջեւ դրված խնդիրները եթե ոչ լուծել, գոնե պատշաճ կատարել, որովհետեւ լուծումը միայն իրենից չէ կախված։

Համենայնդեպս, այն գործունեությունը, որ կատարում է ՀՀ ՄԻՊ-ը, ամբողջությամբ արդարացնում է այն մանդատը, այն ռեսուրսները, որոնք տրված են այդ ինստիտուտին։ Ու դա սովորական պետական կառավարման մարմին չէ, այլ անկախ մարմին է, որի ֆինանսավորումն էլ պետք է երաշխավորված լինի։ Ու դա արված է Սահմանադրությամբ։ Այսինքն՝ որեւէ ձեւով արդարացնել այն, որ մյուս ինստիտուտների՝ գործադիրի եւ այլն, ծախսերը կրճատվում են, ու սա էլ պետք է կրճատվի, որեւէ քննադատության չի դիմանում»։

Արտակ Կիրակոսյանը նաեւ նշեց, որ նման հարձակումներ արվում են բոլոր այն ինստիտուտների նկատմամբ, որոնք գործադիրի ուղիղ թելադրանքի տակ չեն՝ Սահմանադրական դատարան, ընդհանրապես՝ դատարաններ, ՏԻ մարմիններ։ «Մենք, փաստորեն, տեսնում ենք, որ Հայաստանում փորձ է արվում անընդհատ կոնսոլիդացնել իշխանությունը գործադիրի շուրջ եւ ամբողջ համակարգը դարձնել իրենց ազդեցության օղակ։ Խնդիրը նոր չէ, որովհետեւ 18 թվականից գործադիր իշխանությունը, նոր պառլամենտը այդ հեղափոխություն կոչվածի ողջ իմաստը դրել էր նրանում, որ կարողանան եղած համակարգը դարձնել ավելի արդյունավետ։ Իսկ իրենց ընկալմամբ՝ առավել արդյունավետը դա իրենց կողմից առավել կառավարելին է»։

Բոլոր սխալները, ըստ Կիրակոսյանի, եկել են Փաշինյանի այն ընկալումից, որ եթե կարողանանք ամբողջ պետությունը կառավարելի դարձնենք մի կենտրոնից, ապա իրավիճակը հնարավոր կլինի շտկել, որը սկզբունքորեն սխալ է եւ բերեց այն վիճակին, ինչն ունենք։