Հայհոյող մարդը հավասարվում է անասունի

Հայհոյող մարդը հավասարվում է անասունի

7-րդ գումարման Ազգային ժողովը վերջին նիստում քննարկեց Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով ծանր վիրավորանքը քրեականացվում է։

Օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Այս օրենքը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, շատերը իշխանությանը հիշեցրին, որ երբ ԱԺ-ում նստած՝ հայհոյանքը քրեականացնելու օրենք են ընդունում, ՀՀ սահմանին հակառակորդն ակտիվացել է, օրվա տարբեր ժամերի կրակոցներ է արձակում մեր ուղղությամբ, զոհեր ու վիրավորներ կան։ Սակայն իշխանությունն անդրդվելի էր, եւ օրենքն ընդունվեց։

Փաստաթղթի նախնական տարբերակը սահմանում է, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 500-ապատիկի չափով, այսինքն՝ 100-500 հազար դրամով։ Բացի այդ, նախատեսվում է, որ վերոնշյալ արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է հրապարակային եղանակով կամ էլ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է 500 հազարից մինչեւ 1 մլն դրամի տուգանքով։ Եթե այս գործողությունները նույն անձի նկատմամբ պարբերաբար են կատարվել, ապա տուգանքը կկազմի 1-3 մլն դրամ, կամ կնախատեսվի կալանք՝ 1-3 ամիս ժամկետով։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք դատավոր աշխատած, ապա հենց նրա օրոք պաշտոնից հեռացված Պարգեւ Օհանյանն ընդունված օրենքը դրական է գնահատում, բայց կարծում է, որ կան հարցեր․ «Նախ՝ հարց է, թե որ խոսքն է հայհոյանք համարվելու»։

- Այդ հարցն ԱԺ-ում իրենց խմբակցությունից տվեցին, արձագանքեցին՝ Հայաստանի իրավապահ, դատական մարմիններն ու յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում են տարբերել հայհոյանքի եւ վիրավորանքի շեմը։

- Սկսենք նրանից, որ տեսականորեն դեմ չեմ, քանի որ հայհոյանքը շատ վատ բան է, բայց հիմա տեսեք, թե նախկինում ոնց էր․ եթե հայհոյանքը կատարվում էր հասարակական վայրում, դիտվում էր որպես խուլիգանություն, եւ Ֆեյսբուքը հասարակական վայր է, եթե ՖԲ-ում կամ այլ սոցցանցում հայհոյում ես, այդ արարքն իր մեջ պարունակում է խուլիգանության հատկանիշներ։ Այսինքն՝ առանց բողոքի, այստեղ տուժող պետք չէ, մասնավոր գանգատի գործ չէ, որ պետք է տուժողի բողոք լինի, ոստիկանությունը պարտավոր էր եւ պարտավոր է, եթե սոցցանցում մեկը հայհոյում է, պետք է քրեական գործ հարուցեն եւ հայհոյողին կանչեն դատարան։ Այս նոր օրենքի կարիքը չկար, բայց եթե ընդունել են նոր հատուկ նորմ, ես ընդունում եմ, բայց կան բազմաթիվ նրբություններ։ Նրբությունը որն է․ էլի ունեցել ենք եւ նոր օրենքով էլ ունենալու ենք, թե որ դեպքում է հայհոյանքը համարվում ցենզուրային եւ ոչ ցենզուրային։ Սեռական բնույթի հայհոյանքը պիտի համարվի հայհոյա՞նք, թե՞ պարտադիր չէ, որ լինի սեռական բնույթի։ Մի շարք հարցեր կան, ամեն դեպքում՝ երեւույթը շատ տգեղ է, եւ դրա դեմը պետք է առնել։ Ես, իհարկե, առանց խորանալու նրբությունների մեջ, ընդունված օրենքը ողջունում եմ։

- Վիրավորանքը եւ զրպարտանքը տարիներ առաջ ապաքրեականացվեցին, իսկ հիմա կարիք կա՞ր կրկին քրեականացնելու․ քաղաքական հաշվեհարդարի հոտ չե՞ք առնում, օրինակ, ԶԼՄ-ների նկատմամբ։

- Նախկինում այդ խուլիգանության գործերով ինչպիսի պարզաբանումներ կային․ եթե հայհոյանքները չեն կատարվել հասարակական վայրերում եւ ուղղված են եղել կոնկրետ անձի, պետք է դատարանը գնահատեր՝ հասարակական կարգը խախտվե՞լ է, թե՞ պարզապես վիրավորական բնույթ է կրել։ Բայց էլի եմ ասում՝ հայհոյանքն ամենաբացասական երեւույթներից է, չի կարելի, հասկանո՞ւմ եք, հայհոյող մարդը հավասարվում է անասունի։ Ինչքան էլ սիրտդ վառված լինի, ինչ ողբերգություն էլ ուզում ես ապրած եղիր, հայհոյանքով չեն սփոփվում, դա չի կարելի։ Ամբողջ սոցցանցերը ողողված են հայհոյանքներով։

- Ժամանակին Դուք 1 տարվա ազատազրկման եք ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ զրպարտության համար: Փաշինյանն իր թերթում հոդված էր հրապարակել, թե ինչպես է այն ժամանակ պատգամավոր Արտաշես Գեղամյանի կինը ներքնազգեստի մեջ զարդեր թաքցնելով՝ փորձել սահմանը հատել:

- Այն ժամանակ զրպարտանքը եւ վիրավորանքն ապաքրեականացված չէին։ Հիմա ես չգիտեմ՝ հայհոյանքը քրեականացվել է որպես վիրավորանք անձի՞ նկատմամբ, թե՞ հասարակությանն ուղղված։