«Թռածներն» ու նույնասեռականները նույն խցերում են նստած
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում ուսումնասիրություններ իրականացնող դիտորդական խումբը մեկնել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ իր ստացած ահազանգի հետքերով,- «Հրապարակ»-ին ասաց դիտորդական խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը։ Իսկ թե ինչ է պարզել դիտորդական խումբը, նշեց, որ դեռեւս դիտորդները չեն վերադարձել, արձանագրումներից այս պահին տեղյակ չէ։
Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց ընդհանուր առմամբ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը, եւ թե որ դեպքերում են իրենք մոնիթորինգ իրականացնում․ «Ես ասեմ, որ այս ձեւաչափով է իրականացվում մոնիթորինգը․ կան չնախատեսված այցեր, կան այցեր, որոնք կատարվում են դատապարտյալների կամ կալանավորների ահազանգի հիման վրա, եւ կան պլանավորված այցեր»։
Նախորդ անգամ ՔԿՀ-ներ այցերն իրականացվել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին․ «Դատապարտյալների եւ կալանավորների բարձրացրած խնդիրները կապված են առողջապահական վիճակի եւ առողջական խնդիրների հետ։ Կան մարդիկ, որոնք բողոքում են բուժսպասարկման որակից, կան անձինք, որ՝ դեղորայքից: Այսինքն՝ այն դեղորայքը, ինչն իրենք ստացել են նախկինում, հիմա, ներկա դրությամբ հայտնվելով ՔԿՀ-ում՝ այդ դեղորայքը չեն ստանում, փոխարենը տրվել է ուրիշ դեղորայք: Մարդիկ կան` բողոքում են հոգեբանական ծառայությունից, ոմանք բողոքում են իրենց քրեական գործից, առողջական վիճակի հետ կապված՝ արդյոք պատիժն ու առողջական վիճակն անհամատեղելի՞ են, թե՞ չէ, կամ՝ բուժսպասարկող անձնակազմը ժամանակին չի արձագանքում։ Հարցերն արձանագրվում են, ուղարկվում են համապատասխան գերատեսչություններին, ստանում ենք հստակ պատասխաններ եւ փորձում ենք ահազանգի շուրջ հնարավորին կերպով լուծումներ գտնել եւ համապատասխան արձագանքել»։
- Պարոն Գաբրիելյան, այսինքն՝ այդ բարձրացված հարցերն ուղարկում եք նախարարի՞ն, ՔԿԾ-ի՞ն։
- Ուղարկվում է առողջապահության նախարարություն, քանի որ այժմ առողջապահության համակարգն անջատվել է արդարադատության նախարարությունից եւ գտնվում է առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Այն հարցերը, որոնք ուղղված են առողջապահական խնդիրներին, ուղղում ենք նախարարություն, եւ այն հարցերը, որոնք ուղղված են պահման պայմաններին եւ վիճակին, ուղղվում են արդարադատության նախարարությանը կամ ՔԿԾ-ին։
- Նույնասեռականներն ինչպե՞ս են պահվում, նրանց նկատմամբ ճնշումներ կա՞ն։
- Խցային փոփոխություններ չկան, բայց կարող եմ ասել, որ վերաբերմունքի փոփոխություն կա, չեմ ասում՝ ամբողջապես փոխվել է, բայց որոշակի բան կա։ Եթե նախկինում կար տարբերակված մոտեցում, որ անձնակազմի կողմից կարող էին լինել վիրավորանքներ, այժմ մի քիչ քչացել են, բայց պետք է ասեմ, որ ստորացուցիչ աշխատանքներն իրականացվում են նրանց կողմից, խցերը վատ վիճակում են գտնվում, բուժսպասարկում իրականացնող անձնակազմը չի արձագանքում, խտրական է արձագանքում։ Կարող եմ ձեզ ասել, որ նախատեսվում է պլանային այցելություն, եւ մինչեւ տարվա վերջ կունենանք այցելություն։ Պետք է նաեւ ասեմ, որ քրեական ենթամշակույթ գոյություն ունի ՔԿՀ-ներում, որտեղ նույնասեռականների հետ պահվում են, այսպես ասած, քրեական ենթամշակույթի կանոնները խախտած անձինք՝ «թռածները» եւ վատ հոդվածով դատապարտվածները։ Երբ մենք խոսում ենք նրանց հետ, ասում են՝ մենք ենք ցանկացել տեղափոխվել։ Դա նրա համար են ասում, որպեսզի ավելի ապահովված լինեն։ Իհարկե, դա ողջունելի չէ, որովհետեւ նույն պայմաններում չեն, ինչպիսին են այլոք։
- Այսինքն՝ նույնասեռականներն ու Ձեր ասած՝ «թռածները» նույն խցերո՞ւմ են պահվում։
- Մենք չենք կարող ասել՝ որոնք են նույնասեռականները, «թռածները», բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ՝ այո, բոլորը գտնվում են նույն խցում։
Կարծիքներ