Մոսկվան ուզում է Ուկրաինայում իշխանության բերել իր «խաղալիք» նախագահին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ժամանակ նախագահական ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել բանակի կորստի և բոլոր պայմանները կստեղծի ռուսական հակահարձակման համար։ Այս մասին Զելենսկին ասել է բրիտանական ITV հեռուստաալիքի լրագրողների հետ զրույցում։
«Ի՞նչ է նշանակում այսօր ընտրությունների անցկացումը. ես դրանցից ընդհանրապես չեմ վախենում։ Բայց ի՞նչ կլինի: Մենք պետք է վերջ տանք ռազմական դրությանը կամ կասեցնենք այն: Եթե ռազմական դրությունը կասեցնենք, բանակը կկորցնենք։ Եվ սկզբունքորեն ռուսները կուրախանան։ Անվտանգության, մարտական ոգու և այլնի հարցն է՝ դու պարտվելու ես։ Իսկ օրինական առումով նման բանակ չես կարող պահել»,-նշել է նա:
Հավելենք, որ Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանային 2024 թվականին, սակայն երկրի օրենքներն արգելում են ցանկացած քվեարկություն ռազմական դրության ժամանակ։
Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ Ուկրաինայի բնակչության մեծամասնությունը սատարում է ընտրություններ չանցկացնելու իշխանությունների որոշումը։
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը առաջին հերթին է շահագրգռված նման սցենարով. այս դեպքում նա հնարավորություն կունենա հակահարձակում նախապատրաստել և Ուկրաինայում իշխանության բերել «իր մարդուն»՝ «խաղալիք նախագահին»։
Կարծիքներ