Սա ոչ թե պետական իշխանություն է, այլ ադրբեջանական փաստահավաք իրավապաշտպան ՀԿ

Սա ոչ թե պետական իշխանություն է, այլ ադրբեջանական փաստահավաք իրավապաշտպան ՀԿ

Նիկոլ Փաշինյանը Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի ուղերձում նշել է. 

«Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ, Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլեւ ընտանեկան, անձնական ողբերգություն է։ Այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան մեկդարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է, անկախ նրանից, թե որքանով է ձեւակերպված եղել որպես այդպիսին։  Այս օրակարգի շուրջ Կառավարության եւ անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին․ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան։  Պետություն եւ պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարեւանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը։ Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, մենք գնում ենք այս ճանապարհով, որովհետեւ այսպես ենք վերծանում այն ուղերձը, որ մեզ հղում է պատմությունը, այսպես ենք վերծանում Ձեզնից յուրաքանչյուրի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սրտի տրոփյունը, որ չի հեռարձակվում ոչ մի հեռուստատեսությամբ, չի արտահայտվում ոչ մի սոցիալական ցանցում, բայց լսելի է Ձեր քվեով Հայաստանի Հանրապետությունում ձեւավորված կառավարող մեծամասնությանը, լսելի է անձամբ ինձ։ Այս ճանապարհով գնալը լավատեսության կամ հոռետեսության հարց չէ, այլ առաքելության, ապահովելու Հայաստանի Հանրապետության, մեր հայրենիք–պետության հարատեւությունը, եւ անցնելով դաժան փորձությունների ու ողբերգությունների միջով՝ մենք վաստակել ենք այդ հնարավորությունը եւ այդ հնարավորությունը բաց պիտի չթողնվի։ Ու համոզված եմ, մենք՝ ժողովուրդն ու նրա ընտրած կառավարող թիմը, բաց չենք թողնի այս հնարավորությունը հանուն մեր նահատակների եւ հանուն մեր սերունդների»։ 

Ի՞նչ մեսիջ է փորձում հանրությանը փոխանցել վարչապետն իր ուղերձով, ո՞րն է խոսքի առանցքը: Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հնչեցրած մտքերին, նկատում է.

«Նիկոլ Փաշինյանի այս տարվա ապրիլի 24-յան ելույթը կարող էր ընդհանրապես չլինել,  նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հայտարարությունը լրիվ հերիք էր: Բաղդասարյանը մեր հարևաններին փոխանցեց իր ղեկավարի անմիջական խոսքը, փաստացի` դիվանագիտական լեզվով Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում, որ այրվել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները: Այս ամենին ավելացնենք նաև երեկվա այն թեժ քարոզչությունը, թե իբրև դրոշներն այրելու հետևանքով է ադրբեջանական կողմը կրակել հայկական տների ուղղությամբ: Երեկ կոնկրետ՝ սինխրոն աշխատանք սկսվեց` Ադրբեջանը սկսեց կրակել, իսկ ՀՀ իշխանություններն իրենց ԶԼՄ-ներում Ադրբեջանին մեղադրելու և հստակ արձագանք պահանջելու փոխարեն սկսեցին մեղադրել ջահերով երթի կազմակերպիչներին: Ժամանակագրական առումով ստորագույն մանիպուլյացիա է սա: Մարտի 13-ից Ադրբեջանը հետևողականորեն լարվածությունը սահմանին ավելացնում է: Երեկվա կրակոցներին նախորդել էին այլ դեպքեր, դրանից առաջ կրկին բնակելի տների վրա էին կրակել, սակայն Փաշինյանը Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու փաստն օգտագործում է հանրությանը հերթական անգամ ահաբեկելու համար: Ասում է՝ ով հայ է, նա խնդիրներ է ունենալու: Այս բոլոր պրոցեսներից հետո, անկեղծ ասած, բոլորովին կարևոր չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ ուղերձներ է հղում: Եթե Փաշինյանն արդարացնում է ադրբեջանական կողմի կրակոցները և ասում է, որ եթե ջահերով երթ չլիներ, ադրբեջանցիները չէին կրակի, վստահաբար կարող եմ ասել, որ եթե վաղն էլ անեքսիայի ենթարկվի Սյունիքը, Փաշինյանը դրա համար էլ կգտնի արդարացում, օրինակ՝ կպնդի, որ հրաժարվեցիք սահմանադրությունը փոխելուց, դրա համար Ալիևը հարձակվեց…. կամ կարող է ասել՝ մեզ շատ ձայներ չտվեցիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և այսպես շարունակ: Մենք ոչ թե պետական իշխանության, այլ՝ ադրբեջանական փաստահավաք իրավապաշտպան ՀԿ-ի հետ գործ ունենք, որը պարզապես իր գործունեությունը ծավալում է Հայաստանում: Հայաստանի Հանրապետության ներկայիս սահմանների գոյությունը պայմանավորված չէ նրանով, թե ինչպես է մեզ վերաբերվում Թուրքիան: Իր ուղերձում Փաշինյանը խոսում է սահմանազատման մասին, սակայն մենք այս պետությունը կարողացել ենք ստանալ մի շարք հանգամանքների արդյունքում: Ամենակարևոր առանցքային երեք կոմպոնենտները հետևյալն են՝ ԽՍՀՄ-ից օրենքի օժով ժառանգեցինք 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածք, հետո ուժի իրավունքով՝ Արցախյան պատերազմում պահպանեցինք Արցախն ու Հայաստանը, և վերջապես մեր սահմանային կոնֆիգուրացիան լեգիտիմացրինք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական դաշինքի արդյունքում: Այժմ եթե Փաշինյանն ամեն ինչից հրաժարվում է և սահմանների լեգիտիմությունն ու տարածքային ամբողջականությունը փորձում է կապել Թուրքիայի և Ադրբեջանի «դաբրոյի» հետ, նա շատ շուտով ձախողվելու է: Սրանք դատարկ խոսքեր չեն, Սիրիայի հետ տեսա՞ք ինչ եղավ, նրանք էլ էին գնում սահմանազատման և սահմանագծման, անգամ ականազերծման աշխատանքներ իրականացրին, սակայն Թուրքիան հենց այդ հատվածից ներխուժեց ուղիղ Սիրիա: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է թյուրքական աշխարհին ինտեգրելու, նրա և իր խոսնակի հայտարարությունները պատահականություն չեն: Նրանք դեռ մի բան էլ ներողություն են խնդրում Ցեղասպանության մասով «ապատեղեկատվություն» տարածելու համար: Հավատացած եղեք` կգա օրը, և նրանք այլևս Ծիծեռնակաբերդ էլ չեն այցելի, եթե, իհարկե, քաղաքական փոփոխություններ տեղի չունենան», - ասաց քաղաքագետը: