Սա հաստատ այն Հայաստանը չէ

Սա հաստատ այն Հայաստանը չէ

Նորից կարդացի լակոտների «ցասման» պատճառ դարձած հոդվածը HAYELI.AM կայքում: Հոդվածում ծայրից ծայր նկարագրված են վերջին օրերի իրադարձությունները Սոչիում, որոնք հաջորդեցին ԵԱՏՄ երևանյան հանդիպմանը: Այս տեղեկատվությունը եղել է գրեթե բոլոր լրատվամիջոցներում, Ալիևի ելույթի համապատասխան հատվածը ցուցադրվել էր գրեթե բոլոր հեռուստաալիքներով, ընդհուպ «Ազատություն»-ով:

Ես ի՞նչ մտածեմ հիմա, ինչո՞ւ են հատկապես «Հայելի» ակումբի վրա հարձակվել: Կամ հիվանդ են, կամ նրանց հենց այդպիսի հանձնարարություն են տվել, կամ էլ երկուսը միասին: Կա՞ ուրիշ տարբերակ... Եթե հիվանդ են ու հասարակության համար վտանգավոր՝ ինչո՞ւ նրանց չեն հավաքում համապատասխան հիմնարկում: Մանավանդ, որ սա, որքան հասկանում ենք համացանցում տարածված հայտարարություններից, այս երիտասարդների կողմից կազմակերպված խուլիգանության առաջին դեպքը չէ: Ի մասնավորի նշվում է, որ հենց նրանք էին Ազատության հրապարակում սպառնում կոտրել Արցախի առաջնորդների գլուխները: Չեն պատժվել և այժմ էլ գործել են անպատժելիության և «բեսպրեդելի» օրենքներով:

Տեղի ունեցածը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել: Պատահականությո՞ւն է, արդյոք, որ հարձակվում են ՀՀ ՍԴ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քրոջ՝ Անժելա Թովմասյանի ղեկավարած լրատվամիջոցի վրա, փակում են հենց Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեռուստահաղորդումը: Ի դեպ, HAYELI.AM-ում հոդված կա նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հեռացնելու նպատակով ԱԺ նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավորների ցուցաբերած թոթովախոսության մասին: Գուցե ա՞յդ հոդվածի դեմ է բանդայի բողոքը, որովհետև, կրկնում եմ. այն հոդվածը, որ նրանք են պատճառաբանում, այդ թեմայով գրված և ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը քննադատող «ամենաթույն» հոդվածը չէ:

ՀՀ իշխանությունները համապատասխան քայլերով պետք է ապացուցեն, որ այս վախկոտ արարքը խուլիգանների ձեռքի գործ է և ոչ թե իրենց վարած քաղաքականության շարունակությունն ու հետևանքը: Սա հաստատ այն Հայաստանը չէ, որի մասին ամեն օր խոսում է իրենց վարչապետը: