Մի համակարգ՝ մի Դանիել

Մի համակարգ՝ մի Դանիել

Ամենայն հավանականությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունը, ընդհանրապես սահմանադրական իրավունքն ու արդարադատությունը շուտով կմնան ոչ թե Ֆեմիդա աստվածուհու, այլ եկեղեցուց օրհնության թուղթ ունեցող դատավորների հույսին․ երեսներին խաչ հանելով՝ կկայացվեն սահմանադրական վճիռները, երդումով կկատարվեն իրավական գործընթացները, արդյունքում՝ խաչ կբարձրանան․․․ իրավունքը եւ արդարությունը։ 
Իսկ նրանք խաչ բարձրանում են ամեն օր՝ թե՛ դատական իշխանության դեմ հրահրվող ամոթալի արշավանքներով՝ դատարանների դռները փակելով ու դատավորներին «վնգստացնելով», թե՛ իշխանության քաղաքական հակառակորդների դեմ քրեական գործեր կարելով, թե՛ Սահմանադրական դատարանն ամենանողկալի միջոցներով վարկաբեկելով ու արժեզրկելով, թե՛ նաեւ այն անլուրջ կադրային քաղաքականությամբ, որ արդարադատության ոլորտում իրականացնում է Ն․ Փաշինյանի կաբինետը։ 

Այդ ոլորտի կադրային կարճատես քաղաքականության դրսեւորումներից է նաեւ Ն․ Փաշինյանի կողմից փետրվար ամսին ստեղծված «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը»՝ մասնավորապես վերջինիս կազմում սահմանադրագիտությունից եւ ընդհանրապես իրավագիտությունից «ֆիզիկոս լինելու չափ» հեռու ոմն քաղաքացի Դանիել Իոաննիսյանին ընդգրկելը։

Բազային կրթությամբ այս բնագետը սահմանադրագետ-իրավաբանի կրթությունը գուցե ստացել է «Բաց հասարակության ինստիտուտը» (այդպես է պաշտոնապես կոչվում Սորոսի հիմնադրամը) բարձր գրանտներով «ավարտելուց» հետո՞։ Բոլոր դեպքերում՝ Դանիելը Սորոսից բերած մի թուղթ հաստատ ցույց տված կլինի Ն․ Փաշինյանին, թե չէ վերջինս ի՞նչ հիմքով նրան պիտի ընդգրկեր այդ մասնագիտական հանձնաժողովի կազմում։ Ոչ միայն ընդգրկեր, այլ նաեւ արտոնություն տար այնքան, որ սա համարձակվեր դատական իշխանության կառուցվածք ու մոդել փոխելու առաջարկություն անել, երբ մասնագիտական լուրջ շրջանակներն են խուսափում այդպիսի կտրուկ ու վտանգավոր ձեռնարկումներից։

Այո, Դ․ Իոաննիսյանը քաղաքացիների իրավունքների իրազեկումից բացի, վերջերս սկսել է զբաղվել տարբեր հանձնաժողովներում ստանձնած «առաքելությամբ», եւ տարաբախտաբար՝ զբաղվում է այնքա՛ն լրջորեն, որ այլեւս ոչ թե ընդամենն «իրազեկում» է, այլ նաեւ երկրում դատական բարեփոխումների քաղաքական ուղղությունն է միանձնյա որոշում, քաղաքականություն մշակում։ Ի դեպ, դա զարմանալի չէ․ եթե Վահագն Հովակիմյանի նման իրավագիտական եւ քաղաքական անհայտությունը ՍԴ-ն ջնջող օրենքներ է հեղինակում ու ԱԺ-ով (սխալ չկա՝ ԱԺ-ով, ոչ թե՝ ԱԺ-ում) անցկացնում, ուրեմն ինչո՛ւ առավել բարձր «առաքելություն» չի կարող ստանձնել Դանիել Իոաննիսյանը։

Եվ այսպես, Դ․ Իոաննիսյանն օրերս հանդես է եկել Սահմանադրական դատարանը ցրելու առաջարկությամբ՝ դա ներկայացնելով որպես ամբողջ հանձնաժողովի առաջարկություն՝ այն դեպքում, երբ շաբաթներ առաջ նույն այդ առաջարկությունը նույն հանձնաժողովն ընդունել էր ձայների 6 դեմ, 7 կողմ հարաբերակցությամբ, իսկ վճռորոշը եղել էր հենց իր՝ Դ․ Իոաննիսյանի «մասնագիտական» ձայնը։ 

Իսկ ի՞նչ է ասում սորոսասուն սույն պարոնը։ «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն առաջարկում է փոփոխել սահմանադրական արդարադատության գործող մոդելը եւ սահմանել, որ առանձին սահմանադրական ատյանի փոխարեն այլեւս բոլոր դատարանները կարող են իրենց վարույթում քննվող գործերի սահմաններում քննարկել օրենքների սահմանադրականությունը: Ավելին, քանի որ առաջարկվող մոդելով չի լինելու առանձնացված սահմանադրական ատյան, պակասում է նաեւ այդ բարձր դատարանի որոշումների՝ թղթի վրա մնալու ռիսկը»։

Իրավագետ կամ սահմանադրագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ Սահմանադրությանը համապատասխանելու վճիռները թողնելով բոլոր ատյանների դատարանների հույսին՝ նախ կփլուզվի դատական աստիճանակարգությունը (առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ, սահմանադրական դատարաններ (ապագայում՝ վերջին երկուսի միավորմամբ՝ Գերագույն դատարան))։ Ըստ այդմ՝ ցանկացած առաջին ատյանի, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան իրավունք կունենա սահմանադրականության հարց լուծել, եւ իրավական քաոս կտիրի այս համակարգում, երբ առանց այդ էլ խառնաշփոթն ամենուր է։

Սխալվում է Դ․ Իոաննիսյանը, եթե կարծում է, թե դատական ատյանների բոլոր դատավորներն անխտիր մասնագիտական այնքան պատրաստվածություն կունենան, որ կտիրապետեն նաեւ սահմանադրական իրավունքի նրբություններին՝ դրանք գործնականում կիրառելու աստիճան։ Դ․ Իոաննիսյանի համար՝ գուցե ոչ, բայց լրջմիտ ցանկացած իրավաբանի համար սահմանադրական իրավունքը լուրջ գիտություն է, այնքան լուրջ, որ, համենայնդեպս, իր դռների մոտ չի թողնում ոչ խորապես պրոֆեսիոնալներին, եթե նույնիսկ նրանք Սորոսի «ինստիտուտի» համբավավոր շրջանավարտներ են։ «Նախկինները», որքան էլ նրանց փնովեն մեր նորագույն հանճարները (օրինակ՝ «երջանկահիշյալ» Վ․ Հովակիմյանը), բավականաչափ խոհեմություն ունեցել են՝ հասկանալու համար Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի բարձր կարգավիճակը, որն անուղղակիորեն արտահայտվել է նաեւ այդ դատավորի ընտրության ոչ դյուրին ընթացակարգով։ Զարմանալին այն է, որ երկար ժամանակ հազար ու մի կեղծիքի, հազար ու մի ապօրինության դիմած իշխանությունը, երբ մի «չալոյի» հալի հազիվ իր սրտի ուզած Սահմանադրական դատարանն է ստացել, թույլ է տալիս հեշտ ու հանգիստ (մի Դանիելի «ձայնի» չափ հեշտ ու հանգիստ) փլուզել մի կառույց, որի վերաբերմամբ հասարակական կարծիքը որքան էլ հակասական է եղել, այնուամենայնիվ, անողնաշար այս իշխանության պարագայում ի դեմս այդ կառույցի՝ մի վերջին հենարանի հույս կամ պատրանք ունեցել է՝ գոնե։

Նույնիսկ մեր տարաբախտ «հեղափոխականներն» էին հասկացել ՍԴ-ի ամբողջ նշանակալիցությունն ու կարեւորությունը՝ երկրում սահմանադրական իրավունքի ապահովման առումով։ Սահմանադրական դատարանի գաղափարին յուրաքանչյուր պետություն հասնում է ներքին իրավական զարգացումների դժվար ճանապարհով, հիմա մենք ուզում ենք կտրուկ հետընթաց կատարել․ ինչո՞ւ։ Ո՞րն է հիմնավորումը, որո՞նք են փաստարկները։ Արդյո՞ք դատական համակարգը պատրաստ է հրաժարվել սահմանադրական խնդիրների լուծման ընդունված համակենտրոն մոդելից՝ ՍԴ-ից (որն իրեն արդարացրել է աշխարհի բազմաթիվ երկրներում), եւ ցրվել ու տարրալուծվել տասնյակ առաջին ատյանների դատարաններում, վերաքննիչ դատարանում․ ո՞րն է համակարգի շահն ամբողջ այս ինքնափլուզումից։

Մասնագիտական հանձնաժողովն ունի՞ այս հարցերի պատասխանները, թե՞ այդ հարցերն իրեն չի էլ տվել։ Ուրեմն՝ հանուն ինչի՞ է առաջիկա անխուսափելի քաոսը։ Որովհետեւ այդպես է ուզում ինչ-որ «իրազեկ քաղաքացիների միությո՞ւն», որն ակնհայտորեն իրազեկ չէ սահմանադրական իրավունքից ու սահմանադրագիտությունից։ Որովհետեւ այդպես է ուզում իշխող վարչախո՞ւմբը՝ իր անհավասարակշիռ առաջնորդով։ Թե՞ այդպես է ուզում Սորոս պապը, որի հիմնադրած «ինստիտուտի» շրջանավարտն է իրավական համակարգն ամբողջովին կազմալուծող այս առաջարկության ջատագովը՝ Դանիել Իոաննիսյանը։

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ