Hello! Here is Barone Viravorakan

Hello! Here is Barone Viravorakan

Երևանում մի երեկո, բոլորս հավաքվել էինք ճոխ ուտելիքներով լցված սեղանի շուրջ․ շախմատ աաղացողներ, դուդուկ նվագողներ, բառերի, գաղափարների, գույների հետ խաղացողներ : Բախտի բերմամբ, կողքիս նստել էր Մարինե Պետրոսյանը՝ նախընտրածս բանաստեղծուհին, ում գործերը թարգմանել եմ ֆրանսերեն։

-Բանաստեղծուհի լինելը շատ լավ է, ասացի նրան, բայց հայկական գետտոյից դուրս գալու համար ավելի նպատակահարմար է վեպ գրել, ինչպես հաճախ Ֆրանսիայում ինձ են առաջարկում հրատարակիչները, որոնց մտահոգությունն է Հայաստանը բացահայտել։

– Վեպ գրե՜լ,- պատասխանեց նա,- չեմ կարծում, թե նման բան կարող ես մտքովդ անցկացնել։ Ի դեպ, խիստ վիրավորական առաջարկություն է։

Խիստ վիրավորակա՞ն։ Դե, գնա ու հասկացիր։

Վերջերս, «Ես ատում եմ Փաշինյանին» հոդվածս մեղադրանքի արժանացավ Վիոլետ Գրիգորյանի կողմից, ով նախընտրածս բանաստեղծուհին է և ում գործերը թարգմանել եմ ֆրանսերեն` « վիրավորական» տեսքով հանդես գալու համար, իբր թե Հայաստանի հայերին արհամարհանքով եմ վերաբերվում, և իբր թե, որպես սփյուռքում ապրող գրող, խորին միտումներ եմ ունեցել նրանց դաս տալ, դուրս բերելու համար «խավարամիտ ուսուցումից», մի բան, որ ֆրանսիացիների հանդեպ ինձ թույլ չէի տա անել, սակայն իրենց հետ թույլ եմ տալիս:

Երկու անգամ, երկու նախընտրածս բանաստեղծուհիների կողմից «վիրավորական» գրողի շարքերին դասվելով, պիտի ընդունեմ, որ այս զավեշտական մականունը, որով պճնազարդել են ինձ, ազնվական տիտղոսի արժեք ունի։ «Պարոն Վիրավորականը» խիստ հայերեն է հնչում, ինչպես ասենք՝ «հայկականը», «արմենականը», «թաքլամականը », ինչպես նաև՝ «քաքլամականը»։

Այնինչ, չենք ասի, որ «վիրավորական» լինելու փաստը Վիոլետ Գրիգորյանի աչքին, իրավունք կվերապահի ինձ պատասխանել «վիրավորական» ձևով իր մեղադրանքներին՝ լինելով «վիրավորական» գրող սփյուռքում։ Այնուամենայնիվ, ես իրավունք ունեի հենց այդպես էլ վարվել՝ բավարար հիմքեր ունենալով, որ Վիոլետ Գրիգորյանը ֆրանսերենին չտիրապետելով` չի կարող իր դատողությունը հիմնել սկսած այն բազմաթիվ հոդվածների վրա, որ գրել եմ իմ ECRITTERATURES բլոգում և ամփոփել գրքերի մեջ։ Պետք է նա նկատած լիներ, որ եթե դիմում եմ որքան Հայաստանի, այնքան էլ սփյուռքի հայերին, այն պարզ պատճառով եմ անում, որ գրիզլիների մեջ մի ոմն գրիզլի չեմ, այլ մի հայ եմ, ով ծնվել է հայերի մեջ։ Եվ առաջին գրքիցս սկսած՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՅՐ գործից, մինչև վերջինը՝ ԼԱՈ, իմ ստեղծագործության կարևորությունը կայանում է նրանում, որ դրանք վերաբերում են հայերին, որոնք համարվում են ամբողջական իմաստով գրական կերպար։ Ինչի՞ համար,- կհարցնեք ինձ։ Որովհետև հայերը միավորում են անհուն տառապանքի և անսահման տոկունության բաղադրիչները ավելի շատ, քան մի այլ ժողովուրդ : (Այս առումով նրանք արժանի են հետազոտվել որպես խոր ուսումնասիրության նյութ)։ Բայց նաև այն պատճառով, որ հայը աշխարհում միակ ժողովուրդն է, ում հետ կիսում եմ նույն պատմությունը։ Այս փաստումով ինձ իրավասու եմ համարում կիսել նրա հետ նույն ներկան և նույն ապագան։

Այնուամենայնիվ, կեղծ կլիներ մտածել, թե չեմ հետաքրքրվում ֆրանսիացիներով, ինչպես ասենք նաև՝ թուրքերով, Ամերիկայի սևամորթերով և ինքս ինձնով, որպես իմ առաջնահերթ թիրախ : Այդ ժամանակվանից, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ իմ գրքերը քիչ թե շատ ընթերցվում են, ոչ ոք մինչև հիմա չի զբաղվել դրանց թեմաների բազմազանության մեկնաբանությամբ, իսկ Վիոլետը, չտիրապետելով ֆրանսերենին, ավելի ներելի է համարվում, քան, որ Ֆրանսիայում արդեն քիչ են կարդում իմ գրքերը։ Նույնիսկ, եթե զգալի ջանք եմ գործադրում գոնե մատչելի դարձնել գրքերս հայերին։ Զուր ջանք է այնքանով, որ Հայստանի գրողները, ապացույցը այն բանի, որ հիվանդագին անհետաքրքրասիրություն են ցուցաբերում սփյուռքի այն գրողի հանդեպ, որը չի անհանգստանում ուրիշների իրավունքների մասին մտածել։

Վիոլետ Գրիգորյանի ոչ այնքան սիրալիր ու բարի մտքերը՝ մեղադրելով ինձ Հայաստանի հայերին անկիրթ, անտաշ համարելու մեջ, մեծ ցավ է պատճառում ինձ։ Ավելի քան «վիրավորական» լինելով, այս երեխայական դատողությունը կարող է զրպարտության հասցնել։ Ողջ կյանքիս ընթացքում առաջնորդվել եմ իմ գրություններով և պատվել եմ իմ ձայնով որքան ողջ մնացած, այնքան էլ նահատակված հայ ժողովրդին։ Անցյալիս գրքերը (ԷԹՆՈՍը ապացույց է սփյուռքի երիտասարդ գրողի ստեղծագործության՝ խորհրդային Հայաստանի մասին) և գալիք գրքերս (« Հայերի ցեղասպանության թեմատիկ հանրագիտարանը) վկայում են դրա մասին։

Արհամարհանքն իմ աչքին երբեք գրական արժեք չի ներկայացրել, ճիշտ հակառակն է, որ հասկացնում է իմ անձի վերաբերյալ Վիոլետի անբարյացակամ վերաբերմունքը։ Այլ նաև խոր հումորով և լեզվի վրա գործադրած ջանադիր աշխատանքի շնորհիվ է, որ կարող ենք հասնել ամբաստանելու հասարակության ծիծաղաշարժ կողմերը։ Իմ կողմից, ավելի քան մնացած անձնավորությունները, որպես թիրախ միշտ ընտրել եմ դատողության դեմ հանդես եկող անհեթեթությունները, արդարությունն և ճշմարտությունն եմ ընտրել, որտեղից էլ, որ սերվել են։ Իսկ Վիոլետի դատապարտումներն ընդդեմ ինձ, ոչինչ չեն փոխի։ Խորքում, գրողը անհեթեթություններ բացահայտող է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, այն անհեթեթությունները, որ տառապանք են պատճառում հայերին, չափազանց շատ են։

Բայց վատից վատթարը կա։ Վիոլետ Գրիգորյանը մերժելու՞ է, որպես սփյուռքի գրող, Հայաստանի հայերի մասին գրելու իրավունքը։ Սա նման է տհաճ հնացած հոտի, որը հայտնվում է նորից ներքին ռասիզմի ձևով՝ աղբարների հանդեպ։ Ի միջի այլոց, նա կարո՞ղ է ստիպել որևէ հայ գրողի, որ գաղթել է Կանադա, միայն գրիզլիներից հարցազրույց վերցնել։ Այդ ժամանակից սկսած, նշենք ամենաճշգրիտը, այս իրավունքն վերցնում եմ վասն ազատության արտահայտության և կիրառում եմ այն բնագավառում, որտեղ ուզում եմ։ «Հայության» գրքիս մեջշատ եմ գրել սփյուռքի հայության թերությունների մասին։ Բայց Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում քննադատական նյութերս ինձ կայուն թշնամանքներ պարգևեցին։ Ուստի, ազգամոլ ապուշների կամ մասնագետների հիմարությունը խթանում է գրիչս։ Ի՞նչ անել այս դեպքում։

Փաստորեն, Վիոլետի հանդիմանությունները մոտենում են որոշ պոպուլիզմի այն չափով, որ թվում է, թե նրա համար հայ ժողովուրդը պետք է դուրս գտնվի քննադատությունից։ Սրբազան՝ այո, Վիոլետ, անձեռնմխելի՝ ոչ։ Սրբազան այն իմաստով, որ ինչը նրան է վերաբերում, իր նախապահպանմանը, իր արժանապատվությանը և իր իրավունքին, որքանով մեր մտքերը և մեր գործողություններն են հասանելի։ Բայց անձեռնմխելի՝ ոչ։ Քանզի հայ ժողովուրդը, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, իր հերոսներն ու խուլիգաններն ունի։ Եվ հայ գրողի գրիչը պետք է պայթեցնի պալարներն ամենուր, որտեղ գոյություն ունեն արժանապատվության անբավարարություններ։ Հիշենք 2012 թիվը, Հովհաննես Իշխանյանի վիճաբանությունները իր «Օր զորացրման» նովելների ժողովածուի կապակցությամբ։

Ի դեպ, ո՞վ չգիտի, որ հայերին որպես անարժեք մարդկանց առաջին հերթին Հայաստանի հայերն են անդրադարձել, սկսած հանրապետության երեք նախագահներից, անտեսելով օլիգարխներին։ Պետք է նրանց դատապարտե՞լ, թե՞ պետք է խնայել զերծ մնալ ամեն տեսակի քննադատությունից՝ պատճառաբանելով, թե հայ ժողովրդին չպետք է ձեռք տալ։

Այս առումով Վիոլետ Գրիգորյանին նկատել կտամ, որ այն ինչ եմ ասել հայերի մասին Ֆրանսիայում, էսսեիստներն ու լրագրողները հարյուրապատիկ ավելի են խոսում ֆրանսիացիների մասին։ Ժողովրդավարությունն է դա պահանջում։ Խորքում ինչու՞ դատապարտել ինձ՝ քննադատ լինելու համար, երբ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր լրագրող, ով ժողովրդավարության կողմնակից է, անում է դա ամենայն ազատությամբ։ Պե՞տք է նշել, որ Վիոլետ Գրիգորյանի «վիրավորական» բառը հարում է ժողովրդավարության մերժմանը և պարտադրում է յուրաքանչյուրին զսպել իրեն այն պատճառաբանությամբ, որ հայ ժողովուրդը նվիրական է։ Ֆրանսիայում և այլուր քննադատական լրագրությունը ժողովրդավարության գլխավոր բաղադրիչն է։

Ավելացնեմ, որ հեռու լինելով որևէ մեկին դաս տալուց, համաձայնել եմ որպես պարտականություն, գրիչս ներդնել հանրությանը ծառայելու գործին և նպատակներին, որի միջով անցնում է հայ ժողովուրդը։ Իմ աչքին, գրել Հայաստանի մասին, նախ և առաջ դա որպես քաղաքացի իրականացնելն է։ Պնդում եմ քաղաքացի բառի վրա։ Քանի որ, եթե պատահականությունը հայերի մի մասին նետել է իր օրինական տարածքներից հեռու, սփյուռք ստեղծելու համար, վերջինս շեղված լինելով ղեկավարման սև տարիների ընթացքում, երբեք չի դադարել, հեռվից կամ մոտից նյութապես սատար կանգնել երկրին, չնայած տեղական կաշառակերությանը, որ մոլեգնում էր այնտեղ և օգտվում էր անցումային շրջանի ժամանակ։ Այդ ժամանակից սկսած, այս փաստը ինձ ստիպում է մտածել, որ ես Հայաստանի տնտեսական քաղաքացի եմ, որովհետև շարունակ օգնել եմ բարեկամներիս, ինչպես նաև՝ թարգմանիչների, մի հրատարակչի, տպագրիչների, բոլորին վճարելով իմ գրպանից։ Բայց Վիոլետ Գրիգորյանը պետք է նաև տեղեկացած լիներ Վահան Իշխանյանից՝ իմ նախընտրած լրագրողից, այն հայ ընտանիքին ցուցաբերածս օգնության մասին, որը լքված էր բոլորի կողմից և հանդիպում էր միայն աչքերի ճարպակալման հիվանդությանը: Ըստ իս, շատ «վիրավորական» է, որ այդ հայերը ոչ մի ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին, ո՛չ հայ ժողովուրդը, ո՛չ ղեկավարությունը։

Առնվազն երեք տասնամյակի ընթացքում հայ հանրությունը խայտառակ հանրություն էր։ Քոչարյանի ու Սարգսյանի օրոք հայերը կարող էին սպանվել որևէ ոստիկանական բաժանմունքում (Ղուլյանի գործը), նույնիսկ որևէ ռեստորանում (Պողոս Պողոսյանի գործը)։ Երևանի աղբանողը, ինչպես նկարագրում եմ իմ «Աղբաստան» վեպում, անարգանք է ծորացնում։ Նա, ով կկարդա, կտեսնի, որ հայ քրջահաւաքներին անտաշ մարդկանց տեղ չեմ դնում։ Փաստորեն, գրականության մեջ իսկական ամոթանքը կուրորեն նայելն է անամոթներին։ Ինչպես մեր մտավորական բանախոսները, կորած անցյալի մասին խոսողները, ովքեր երբեք ամենաչնչին ուշադրությանը չեն արժանացրել հայերին, որոնք տառապում էին անարդարությունից և քմահաճ իշխանությունից։
Ի վերջո, գիտակցաբար եմ այստեղ որպես թիրախ ընտրում Վիոլետ Գրիգորյանին՝ իմ նախընտրած բանաստեղծուհուն։ Քանի որ ցանկանալով ինձ դաս տալ և ինձ կասկածելի հայի տեղ դնել, ով ապրում է սփյուռքում, նա զավեշտ է ավելացնում իր «վիրավորական» արտահայտությանը։ Բայց քանի որ հիմա բոլորս «վիրավորական» մարդկանց վիճակում ենք մեր ծիծաղաշարժությամբ ու թերություններով, նշանակում է բոլորս քույր ու եղբայր ենք, պատկանելով նույն ժողովրդին, որն իրականության, ճշմարտության և երջանկության որոնման մեջ է։
Բոլոր հայերը միևնույն նավի մեջ են, որ լողում է դեպի միևնույն արժանապատվությանը :

Դընի Դոնիկյան
Թարգմանությունը` Նվարթ Վարդանյան