Պառկեցրած օրենք, մահահոտ կարգախոս եւ փչացած բարոյականություն

Պառկեցրած օրենք, մահահոտ կարգախոս եւ փչացած բարոյականություն

Դեռ պաշտոնապես չի նշանակվել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի անցել գործի: Ոչինչ հաստատ ու վերջնական չէ եւ կարող է ամեն վայրկյան փոխվել: Իսկ իշխանությունն արդեն փոխում ու փոփոխում է սահմանված օրենք ու կարգ՝ հարմարեցնելով իր քիմքին ու ճաշակին: Ընտրական օրենսգիրքն է փոփոխում, պատիժներն է խստացնում, չլինի թե հանկարծ վարչապետի պաշտոնակատարին վիրավորեն հանդիպումների ժամանակ, ինչպես պատահել է Սյունիքում:  

Ապրիլը կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մեկնարկ. անօրինական քարոզչություն, որ պաշտոնական դիրքի չարաշահում է: Իսկ դրա համար պատիժներ չկան, իրականում սահմանված են, բայց Հայաստանում կիրառելի չեն իշխանության գլուխ կանգնածի համար: Օրենքը թույլ է տալիս, երբ հակառակ կողմից ես կարդում: Օրենքը կարելի է շրջել՝  մեջքի վրա պառկած վիճակից շուռ տալ փորի վրա պառկած վիճակի. ճկուն է, կորվող: Մեզանում օրենքը միշտ է եղել պառկած. ով ոնց ուզեցել, այնպես էլ պառկեցրել է:

Եթե օրենքն ունի սողանքներ, բարոյականությունը սողանքներ չունի: Իսկ մենք դեռ չունենք այն գիտակցությունը, որ ընդվզենք, թույլ չտանք կանգնածին պառկեցնել եւ պառկեցնելը համարել անբարոյականություն: 

Արդեն փողոցներում առկա են իշխանության նախընտրական գովազդային պաստառները, թե ապագա կա: Դարձյալ օրենքը պառկած է, իսկ պառկած վիճակից ամեն ինչ թարս է երեւում. տեսնում է ոչ թե նախընտրական պաստառներ, այլ իշխանության լուսավոր կամքի դրսեւորում: Անբարոյականություն է թույլ տալիս մեկը, ով անվերջ մատնանշում էր, ջղաձգվում եւ աչք խոթում նման անբարոյականությունը: Բայց նախկինում բարոյականությունն այդքան անբարոյական չէր, որովհետեւ նրա անխոնջ պաշտպանը Նիկոլն էր. ոտնձգություններ կատարողները զգուշանում էին, խուսափում ավելորդ գլխացավանքից: Իսկ հիմա բարոյականությունը Նիկոլի անբարոյականացնելուց պաշտպանողներ չկան եւ ավելի է փչացած, քան երբեւէ: Մենք նախկինում գոնե տրտնջում էինք փչացնողի դեմ, իսկ հիմա հանդուրժում ենք փչացնողին: Սա մե՞ր փչացածության աստիճանն է, թե՞ փչացնողի:   

Երբեւէ այսքան տագնապալի եւ տողատակում օրհաս պարունակող կարգախոս չենք ունեցել. «Ապագա կա»: Որեւէ քաղաքական ուժ այդպես վերջին ճիգով հանդես չի եկել եւ այն որպես փարատում չի հրամցրել մեզ: Նշանակում է, որ Հայաստանի ապագան վիճահարույց է, անորոշ, կարող է եւ չլինել: Խոստովանում է, որ ներկան այդ մահերգանքն է մեր մեջ արթնացրել, որ բացառել է ապրելու յուրաքանչյուր հնար եւ հույս չի ներշնչում: Մնում է խոստանալ, որ դուռը կարող է ճեղքվել, եւ լույս թափանցել: Ապագայի հարության հույս են տալիս նրանք, ովքեր տապանաքար են դրել ապագայի վրա: Տապալված կարգախոս է, մահահոտ:

Առայժմ օրակարգը եւ օրվա ռեժիմը պատկերագրվում են այնպես, ինչպես ուրվագծել է Նիկոլը: Առանց այլակարծության իրականացնում է այն սցենարը, որը գրել է: Իր պիեսն է, եւ բեմի վրա ինքն է խաղացողը: Տարակուսում ենք, ողբերգությո՞ւն է, թե՞ կատակերգություն: Իսկ ինքը վերջում ակնկալում է ծափեր: Ծափեր՝ պառկեցրած օրենքի համար, ծափեր՝ բարոյականի անբարոյականացման՝ փչացածության համար, եւ ծափեր՝ մահահոտ կարգախոսի համար:

Հուսիկ Արա