Կոնդն է բողոքում

Կոնդն է բողոքում

Ժամանակին բողոքի ակցիաներ էին անում Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի փողոցի բնակիչները, հետո՝ Արամի փողոցի, Եկմալյանի ու Ֆիրդուսնոցի։ Ֆիրդուսու եւ Եկմալյանի բնակիչների հարցերը դեռ լուծված չեն, բայց արդեն նրանց են միացել նաեւ Կոնդի բնակիչները, որոնք երեկ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ։ Եվ նշում էին, որ իրենց նամակները տեղ չեն հասնում, ինչի արդյունքում վարչապետը չի կարողանում լուծում տալ իրենց խնդիրներին։

Կոնդի բնակիչները պահանջում են վարչապետից անհապաղ աշխատանքից ազատել քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին, ով «տակով է անում» իրենց դիմումները։ Նրանց պահանջն է՝ կրկին չափագրել իրենց տները եւ սեփականության նոր վկայականներ տրամադրել։ Հիշեցնենք, որ Կոնդի բնակիչներին բազմաբնակարան շենքեր տեղափոխվելու առաջարկներ են արվել, բայց բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց հատկացվելիք բնակարանների մակերեսն ավելի փոքր կլինի, քան իրենց տներն են։ Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առնվել, իսկ բուն տների մակերեսն էլ փաստաթղթերում սխալ է գրված։