Մինչեւ վերջ գնալու եմ
Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնից մոտ մի քանի ամիս առաջ ազատված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը դիմել է դատարան։ Համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը մեզ ասաց, թե մրցույթ է հայտարարվել, եւ մասնակից երկու թեկնածուներից ընտրվել է մյուսը՝ ոչ Ավետիսյանը։
«Բուհի գիտական խորհուրդն է ընտրել։ Մենք երկու թեկնածուներին էլ դրական երաշխավորություն ենք տվել։ Պարոն Ավետիսյանի հետ մինչեւ վերջ ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ, նրան առաջարկել ենք՝ շարունակել դասավանդել բուհում, բայց նա հրաժարվել է»,- ասաց բուհի ռեկտորի պաշտոնակատարը։ Հարցին, թե ընտրված թեկնածուն որեւէ կուսակցության անդա՞մ է, Պետրոսյանը պատասխանեց․ «Նոր ընտրված դեկանը մեր ամբիոնի վարիչներից է, անկեղծ ասած՝ կուսակցական պատկանելության պահով չեմ ճշտել»:
Մենք զրուցեցինք ՀՀԿ-ական նախկին պատգամավորի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես եղավ, որ շուրջ 2 տարի բուհում պաշտոնավարելուց հետո հայտնվեց համալսարանից դուրս: «Ես գիտեմ՝ ինչի հետ է կապված, իրականում դուք էլ գիտեք։ Բայց եղավ այսպես. բաց մրցույթ անցկացրին, լրիվ ապօրինի էր, չկա փաստաթուղթ, թե որ կանոնակարգով եւ ով է անցկացնելու մրցույթը։ 20 տարի ոչ մի անգամ մասնաճյուղի դեկան չի ընտրվել, նշանակվել է։ Դահլիճում բոլորը տեսան ինչ եղավ` ոչ մի փակ, գաղտնի քվեարկություն։ Բոլորը բոլորի ներկայությամբ, ով որտեղ հարմար գտավ, քվեարկեց, թեկնածուներն իրենց ծրագրերն անգամ չներկայացրին, հարցեր չտվեցին։ Չթույլատրեցին, որ խոսեինք։ Իրենց որ հարցնես, կասեն՝ ձայնի իրավունք տվել ենք, չեք խոսել։ Չենք խոսել՝ մեզանից ոչ մեկին չընտրեիք։ 2 տարի դեկան էի, եւ մտքովս չէր անցնի, որ մի մարդ, որ ամբիոնի վարիչից հրաժարվեց, քանի որ դրան ի վիճակի չէր, հիմա նշանակվել է դեկան, զուտ նրա համար, որ իրենց մտերիմն է, համակուրսեցին։ Ես եմ դատի տվել բուհին։ Նախորդ դատական նիստին բուհի ներկայացուցիչները բացակայում էին, հաջորդ դատական նիստը վաղն է, այս անգամ ասել են՝ իբր 3 ներկայացուցիչ լինելու է»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Ապա հավելեց․ «Հարցն այլ է․ իմ սկզբունքներն իրենց դուր չեկան, իսկ ես իմ սկզբունքներից հրաժարվող չեմ։ Ինչ վերաբերում է բուհում մնալ, դասավանդելուն, ես կոչումով մարդ եմ, որտեղ ուզեմ, այնտեղ էլ կարող եմ դասավանդել։ Անցյալ տարվա հուլիսի 1-ից ես ազատվել եմ, սկզբունքորեն գործերս հանձնեցի եւ ասացի՝ ներողություն խնդրեք, դատարանում էլ սկզբունքայնորեն մինչեւ վերջ գնալու եմ»։
Կարծիքներ