Ծեծված փաստաբանների գործով անգամ առերեսում չեն արել

Ծեծված փաստաբանների գործով անգամ առերեսում չեն արել

Փետրվարի 9-ին ոստիկանները ծեծի էին ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին։ Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։ Փաստաբան Մարզպետ Ավագյանի խոսքով, այդ ժամանակ իրենց պաշտպանյալը պատմելիս է եղել, թե ինչպես են իրեն նախորդ օրը ծեծի ենթարկել ոստիկանները. «Օպերատիվ աշխատողները մեծ քանակությամբ եկել՝ բաց դռան առջեւ կանգնել էին։ Դա ուղղված էր ճնշում գործադրելուն անչափահաս վկայի, ձերբակալված անձի նկատմամբ, որպեսզի նա չպնդի իր ցուցմունքները»։ Ծեծի ենթարկված փաստաբանները եւ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ու Փաստաբանների դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը համատեղ ասուլիսով հանդես եկան եւ ներկայացրին պատահածը։ Անչափահասների շահերի պաշտպան Հրանտ Անանյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են ոստիկանի եւ անչափահասի առերեսման ժամանակ իրավապահները ծաղրել փաստաբաններին. 

«Գլուխը հագուստով ծածկել են, մի քանի հոգով ծեծի ենթարկել, գետնին պառկեցրել, ոտքերը դրել իրենց վրա... Ու էդ ցուցմունքները տալու ժամանակ օպերլիազորի մոտ, ով որ առերեսվում էր տվյալ անչափահաս վկայի հետ, ըստ էության, լարվածություն ա կուտակվել»։

Լարվածությունը գագաթնակետին հասել է այն ժամանակ, երբ, փաստաբան Անանյանի խոսքով, անչափահաս տղայի պաշտպանները սկսել են հարցեր տալ ոստիկաններին։ Պատասխանների փոխարեն բռունցքներ են գործի դրվել արդեն միջանցքում. «Էմանուել Անանյանը, ով մի քանի վայրկյան անց է դուրս եկել միջանցք, երբ Մարզպետ Ավագյանին շրջափակած են եղել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածել են, հորդորել է հանգստանալ բոլորին, ոլորել են նաեւ Էմանուել Անանյանի ձեռքերը եւ հարվածներ են հասցրել»։ Ծեծին հաջորդել են ոստիկանների սպառնալիքները, թե հաղորդում տալու դեպքում հաշվեհարդար կտեսնեն նրանց հետ։

Դեպքից հետո ոստիկանությունից Փաստաբանների պալատի նախագահին ասել են, թե փաստաբաններն են ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորել։ Այս աննախադեպ դեպքից արդեն երկուսուկես ամիս է անցել, մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք պատժվե՞լ են չափն անցած ոստիկանները, քրեական գործ հարուցվե՞լ է, ծառայողական քննություն արվե՞լ է։ Պարզվեց՝ գործի հարուցումից հետո «սայլը տեղից չի շարժվում», անգամ չի եղել առերեսում՝ տուժողների եւ մեղադրյալների միջեւ:

Ծեծի ենթարկված փաստաբան Մարզպետ Ավագյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ գործի հետ կապված՝ շատ բան ասել չի կարող. «Քրեական վարույթը քննվում է, նախաքննական գաղտնիքով պայմանավորված՝ շատ բան ասել չեմ կարող, սակայն դեռեւս չի եղել առերես հարցաքննություն: Ունենք տուժողի կարգավիճակ, ոստիկանները, իմ տեղեկություններով, բացառապես վկայի կարգավիճակում են»:

«Իմ տեղեկություններով` ոստիկաններն իրենց մեղքը չեն ընդունում»,- նշեց նա: Հարցին՝ իսկ ինչո՞ւ մինչ օրս առերես հարցաքննություն չի եղել, ինչո՞ւ է գործն այսքան ձգձգվում, մեր զրուցակիցն ասաց. «Չեմ կարող ասել, պետք է առավել մանրամասն ուսումնասիրել հանգամանքները»: