Ինչ են փնտրել հատուկ ծառայության աշխատակիցները Թրամփի տանը 

Ինչ են փնտրել հատուկ ծառայության աշխատակիցները Թրամփի տանը 

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփթի՝ Ֆլորիդա նահանգում գտնվող տանն իրականացրած խուզարկության ժամանակ, ի շարս այլ բաների, փնտրել են նաեւ փաստաթղթեր, որոնք կապված են եղել միջուկային զենքի հետ։ Այս մասին հայտնում է WP պարբերականը։ Խուզարկության փաստն ինքնին, որ աննախադեպ է ԱՄՆ նախագահների պարագայում, ցույց է տալիս, որ ամերիկյան ներկայիս իշխանությունները խորապես անհանգստացած են այդ գերգաղտնի ինֆորմացիայով, որը կարող է ընկնել այլոց ձեռքը։ Չի մանրամասնվում, թե արդյոք այդպիսի փաստաթղթեր խուզարկության ընթացքում հայտնաբերվել են, թե ոչ։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն հրաժարվել են այս հարցի առնչությամբ որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ։ Մասնագետները նշում են, որ նման փաստաթղթերը որպես կանոն խիստ գաղտնի են եւ միայն շատ սահմանափակ թվով մարդիկ ունեն հասանելիություն ամերիկյան վարչակազմից, այդ փաստաթղթերի հանդեպ։ Նման տեղեկատվության հանրայնացումը կամ փոխանցումն այլ անձանց կարող է ծառայել որպես ճանապարհային քարտեզ, որով ԱՄՆ ոչ բարեկամ երկրները կկարողանան մշակել սպառազինություններ եւ միջոցներ՝ ամերիկյան միջուկային զենքին հակազդելու համար։

Ամերիկյան գործող վարչակազմն ըստ էության, փորձում է որքան հնարավոր է արագ այդ փաստաթղթերը հետ վերադարձնել, որպեսզի ԱՄՆ ազգային անվտանգությունը լրջագույն կերպով չվտանգվի, հատկապես որ Թրամփի նախագահության օրոք նրա օգնականները կոպտագույն խախտումներ են թույլ տվել կապված գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի պահպանման, մշակման եւ ոչնչացման ընթացակարգերի հետ։