Այս հարցերի շուրջ Մոսկվայի եւ Կիեւի տեսակետները առավել մոտեցել են իրար

Այս հարցերի շուրջ Մոսկվայի եւ Կիեւի տեսակետները առավել մոտեցել են իրար

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում առկա որոշ առանցքային հարցեր պետք է որոշվեն նախագահների մակարդակով։ Այս մասին թուրքական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է Hurriyet պարբերականի հետ զրույցում։

«Տեղի է ունենում երկու կողմերի տեսակետների մոտեցում առանցքային հարցերի շուրջ։ Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ նրանք համարյա թե պայմանավորվել են չորս կետերի հետ կապված։ Որոշ հարցեր պահանջում են լուծումներ պետությունների ղեկավարների մակարդակով»,- ասել է նախարար Չավուշօղլուն։ Համաձայն թուրքական կողմի, այդ չորս կետերը, որոնց հետ կապված Մոսկվան եւ Կիեւը համարյա թե կարողացել են համաձայնության գալ, հետեւյալն են՝
1․ Ուկրաինայի չեզոք կարգավիճակ եւ ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարում
2․ Ուկրաինայի ապառազմականացում եւ անվտանգության փոխադարձ երաշխիքներ
3․ Ուկրաինայի ապաազգայնականացում
4․ Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվի կիրառությունը սահմանափակող օրենքներից հրաժարում
Կա եւս երկու հարց՝ Դոնբասյան հանրապետությունների կարգավիճակը եւ Ղրիմի պատկանելության հարցը, որոնց հետ կապված կողմերի մոտեցումները դեռ բավարար չափով չեն մոտեցել։