Մեկնարկեց այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագիրը

Մեկնարկեց այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագիրը

2020թ.-ի փետրվարի 14-ին տեղի ունեցավ Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագրի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) պաշտոնական շնորհանդեսը: Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ ծրագիրն իրականացնում են Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: 

Ծրագրի շնորհանդեսի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Ավստրիական զարգացման համագործակցության փոխտնօրեն Նորա Ալանակյանը և ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը:

Ռեկտոր Ուռուտյանը մասնավորապես նշեց, որ ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագիրը սկզբունքային նշանակություն ունի Ագրարային համալսարանի համար, քանի որ ծրագրի միջոցով արդիականացվելու են համալսարանի ագրոնոմիական առարկաները, ներդրվելու են դասավանդման նոր մեթոդներ և վերապատրաստվելու են ոլորտային դասախոսներ: Նա հավելեց, որ իրականում ծրագրի գլխավոր շահառուն ուսանողն է, որին հնարավորություն կընձեռվի գործնական միջավայրում կիրառել ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները: Այդ նպատակով Ագրարային համալսարանի Ոսկեհատի տնտեսությունում կհիմնվի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ պտղատու այգի: 
Ծրագրի հիմնական ֆինանսավորող՝ Ավստրիայի զարգացման համագործակցության փոխտնօրեն տիկին Ալանակյանը իր խոսքում նշեց, որ իրենց գործակալությունը 2012 թվականից սկսած Հայաստանում իրականացնում է տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսական ոլորտում՝ նպատակ հետապնդելով բարձրացնելու գյուղատնտեսության զարգացման մակարդակը և արդյունավետությունը:

ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակում ստեղծվելու է նաև պտղաբուծության ոլորտում տեսակով առաջին էլեկտրոնային ուսուցման և տեղեկատվական հարթակը հայերեն լեզվով, որը հասանելի կլինի բոլոր շահառուներին՝ ֆերմերներին, ուսանողներին, փորձագետներին, ինչպես նաև լայն հանրությանը:

Չորս տարի ընդհանուր տևողությամբ ծրագիրը մեկնարկել է 2019 թ.-ի դեկտեմբերի 1-ին:

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հանրային կապերիբաժին