Արդյոք դա վերջին միջոցն էր, առանց որի արդյունավետ պայքար հնարավոր չէր մղել համաճարակի տարածման դեմ

Արդյոք դա վերջին միջոցն էր, առանց որի արդյունավետ պայքար հնարավոր չէր մղել համաճարակի տարածման դեմ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում անդրադարձավ հեռախոսազրույցների ֆիքսման մասին օրենքի դրույթներին։

«Քանի որ շահարկումները բավական շատ են, կրկին անդրադառնամ, թե ինչի մասին չէ օրենքը։ Այն որևէ կերպ գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ։ Այսինքն՝ նախ նաև տեխնիկապես հնարավոր չէ քաղաքացիների զանգերը գաղտնալսել կամ բովանդակությանը ծանոթանալ։ Նպատակը բոլորովին այլ է։ Այս կարգավորումները, որոնք նախատեսում են մասնավոր ընտանեկան կյանքին միջամտություն, բացառապես արտակարգ դրության ընթացքում են կիրառվելու։ Այսինքն՝ արտակարգ դրությունից հետո որևէ նման սահմանափակում հնարավոր չէ, որ շարունակի գործել։ Ավելին, սա վերաբերում է միայն այնպիսի արտակարգ դրությանը, որը հայտարարվել է համաճարակի հիմքով։ Այսինքն՝ ցանկացած այլ հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում նման միջամտություններ քաղաքացիների հիմնական իրավունքներին ու ազատություններին, չեն նախատեսվում»,- ասաց նախարարը։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ բոլոր տվյալները՝ կլինեն դրանք անձնավորված, թե ապաանձնավորված, ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կամ համապատասխան միջոցառումից հետո, եթե դա ավելի վաղ կլինի, քան արտակարգ դրության ավարտը։

«Հիմա անդրադառնամ նրան, թե իրականում ինչ էին քննարկում իրավաբաններով։ Ասում էին, որ նման միջամտությունը կարող է իրավաչափ համարվել, եթե իրավաչափ նպատակ է հետապնդում, համաչափ է այդ միջամտությունը։ Եվ քանի որ խոսք էր գնում մասսայական անձնական տվյալների և մասնավոր ընտանեկան կյանքի տեղեկությունների հասանելիության մասին, իհարկե, ոչ ամբողջ ծավալով, արդյոք դա վերջին այն միջոցն էր, առանց որի արդյունավետ պայքար հնարավոր չէր մղել համաճարակի տարածման դեմ։ Երևի դուք բոլորդ տեղյակ եք, որ առողջապահության նախարարն ընդամենը երեկ վիճակագրական տվյալներ հրապարակեց, թե գործող սահմանափակումների պահպանմամբ համաճարակի ինչ զարգացում կունենանք։ Եվ նա նշեց, որ զարգացումը ցույց է տալիս, որ 7 օրը մեկ վարակակիրների քանակը պետք է կրկնապատկվի։ Եթե միայն այդ վիճակագրական տվյալը վերցնենք և տեսնենք, թե մենք ինչ ենք արել, մենք ասում ենք, որ զանգելու փաստը և միևնույն տեղանքում հայտնվելը, ավտոմատ համակարգը միանգամից այդ երկու տվյալները համադրում է՝ վարակակրի տեղակայման վայր, զանգեր։ Եվ եթե զանգի հասցեատերերի հետ իրենք մեկ տեղակայման վայրում պարբերաբար հայտնվել են, դա նշանակում է ռիսկի գործոն։ Ռիսկի գործոնի հիման վրա ավոտմատացված համակարգը բերում է տեղեկությունները։ Եվ ի՞նչ է ստացվում։ Եթե, օրինակ, հիմա վարակակիրը շփվել է 10 անձանց հետ և նոր է թեստավորվում, բայց ավելի վաղ է վարակել, օրինակ, պոտենցիալ վարակակիրների քանակը 5 է, այդ 5 անձինք կիմանան այն մասին, որ իրենք վարակակիր են, երբ որ թեստի արդյունքները լինի։ Ինչ է այս օրենքով փոխվում։ Փոխվում է այն, որ անմիջապես ավտոմատացված համակարգի հիման վրա տեղեկությունները ստացվում են, և այդ 5 անձինք ոչ թե 2-3 օր կշարունակեն շփումները, այլ ավելի վաղ կտեղեկացվեն, որ հնարավոր է՝ վարակվել են։ Եվ կկիրառվեն մեկուսացման ու ինքնամեկուսացման սահմանափակումները։ Այսինքն՝ իրենք իրենց հարազատների հետ չեն շարունակի շփումները։ Եվ այդ շղթան հնարավոր կլինի կոտրել։ Այսինքն՝ այն դինամիկան, որ բերելու է 7 օրը մեկ դեպքերը կրկնակիի հասցնելու, այս միջոցով դա հնարավոր է կանխարգելել։ Այ դրա մասին էինք խոսում, որ ասում էինք, վերջին միջոցն է, համաչափ է»,- մանրամասնեց Ռուստամ Բադասյանը։

Ըստ նախարարի՝ կառավարության նպատակն է, որ մեկ անձը միջինում 1-ից քիչ անձի վարակի։ Երբ  հասնենք այդ իրավիճակին, նշանակում է, կունենանք վերահսկելի իրավիճակ, պիկային իրավիճակ չի լինի, հետևաբար առողջապահական համակարգի վրա մեծ ծանրաբեռնվածություն չի լինի։