Ես մատաղացու չեմ, որ ինձ զոհաբերեն

Ես մատաղացու չեմ, որ ինձ զոհաբերեն

Ապրիլի 5-ին նախատեսվող հանրաքվեն քաղաքական առեւտրի լավ հնարավորություն է ստեղծել իշխանությունների համար։ Նիկոլ Փաշինյանն այսօր կարող է որոշակի փոխզիջումների ու պայմանավորվածությունների գնով «կարգավորել» հարաբերությունները թե՛ ընդդիմադիր ուժերի, թե՛ իր թիմի այն անդամների հետ, որոնք տարաձայնություններ ունեն իր հետ։ Միաժամանակ՝ ապահովել, որ 650 հազար ձայն ստանա՝ որպես իր բարձր վարկանիշի ապացույց։ 
Օրինակ՝ Սասուն Միքայելյանը, ում տանը կիրակի օրը ընտանյոք հանդերձ հյուրընկալվել է վարչապետ Փաշինյանը, այդ «առեւտրի» մասնակիցներից է։

Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը, որը Հրազդանի քաղաքապետն է, ֆեյսբուքյան իր էջում անգամ լուսանկար էր հրապարակել Փաշինյանի կրտսեր դստեր՝ Արփիի հետ։ Թերեւս դրանով փորձել է ցույց տալ, որ հարաբերությունները բնավ լարված չեն երկու ընտանիքների միջեւ, հակառակը՝ շատ ջերմ են։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ու Միքայելյանը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Մասնավորապես՝ ասացին, որ Փաշինյանն առաջարկել է Սասուն Միքայելյանին, որ նա աջակցի իրեն հանրաքվեի հարցում, դրա դիմաց խոստացել է մտածել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին պաշտոնից ազատելու մասին, ում հետ Միքայելյանները վաղուց լարված են։ Մեզ ասացին, որ եթե Կոտայքի մարզպետին ազատի, ապա դա երկու ուղղությամբ «կվաճառի»․ մեկը՝ Սասուն Միքայելյանին, մյուսը՝ Գագիկ Ծառուկյանին, որը եւս, մեղմ ասած, լավ հարաբերություններ չունի Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Իսկ վերջինս Կոտայքի մարզում իր գոյությամբ մի տեսակ բալանսավորող դեր է խաղում՝ թույլ չտալով, որ ո՛չ Սասուն Միքայելյանի ազդեցությունը գերակշռի մարզում, ո՛չ Գագիկ Ծառուկյանի։ Հաշվի առնելով Սասուն Միքայելյանի վերջին ելույթն ԱԺ-ում, ապա՝ ԲՀԿ-ի խաղերը հանրաքվեի մասով, տրամաբանական է, որ նման գործարք է կայացել մարզպետին «զոհաբերելու» ակտի շրջանակներում։

Ի դեպ, փետրվարի 7-ին պետք է տեղի ունենար Ռոմանոս Պետրոսյանի մամուլի ասուլիսը, սակայն այն հետաձգվել է։ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆիզիկապես չի հասցրել, բայց անպայման ասուլիս կտա՝ կա՛մ այս շաբաթվա ընթացքում, կա՛մ՝ մյուս։ Հարցին՝ հանրաքվեի քարոզարշավին որեւէ մասնակցություն ունենալո՞ւ է, մարզպետն ասաց․ «Հանրաքվեի քարոզարշավի հետ կապված՝ որեւէ բան չենք քննարկել, եթե մասնակցություն ունենամ էլ, դա կլինի բացառապես արձակուրդի ռեժիմում կամ աշխատանքային ժամից դուրս, որը չի զուգորդվի պաշտոնական լիազորությունների իրացման հետ»։

- Ի դեպ, վարչապետը կիրակի օրը այցելել էր Կոտայքի մարզ եւ հյուրընկալվել էր Սասուն Միքայելյանի տանը․ Ձեզ հետ հանդիպում ունեցե՞լ է։  

- Կոտայքում՝ ոչ, չի հանդիպել։

- Պարզապես հիմա քննարկվում-շրջանառվում է Ձեր հրաժարականի հարցը։

- Վահե ջան, եկեք էդ անանուն աղբյուրներին հղում անելով՝ եզրակացություններ չանենք, խնդրում եմ։ Ես նման քննարկումներ չեմ լսել, ինձ որեւէ մեկը նման բան չի իրազեկել, առհասարակ՝ ես բնականոն գործունեության շրջանում եմ գտնվում։

- Քաղաքական առեւտրի շրջանակներում, ասում են, կարող է Ձեզ զոհաբերեն կամ, մամուլի լեզվով ասած՝ «ժերտվա» տան։

- Դե, շատ բան են ասում, ես մատաղացու չեմ, որ որեւէ մեկն ինձ զոհաբերի, նման ձեւակերպումները կոռեկտ չեն, խնդրում եմ չնշեք։ Իսկ, առհասարակ, այդ այցի հետ կապված՝ որեւէ մեկնաբանություն չեմ ուզում անել, իմ գործունեության հետ կապված էլ որեւէ խնդիր այս պահին չկա։ 

- Իսկ Գագիկ Ծառուկյանի եւ Սասուն Միքայելյանի հետ հարաբերություններն ինչպե՞ս են, նախկինի պես սա՞ռը։

- Գործընկերային։