Եթե ամեն ինչ կամավոր հանձնում ես, ի՞նչ Էսկալացիա․․․

Ժամեր առաջ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հոդված է հրապարակել․ «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են, էսկալացիա չկա»։ Նա կենցաղային մակարդակով, ինչպես միշտ, բացատրում է։ Ադրբեջանի քարոզչամեքենան սա է,- նշում է նա․ «Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետևաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում»:
Նման պարագայում նրա եզրահանգմանը համարժեք կարելի է պատասխանել՝ դու գնա և բաստուրմայով ձվածեղ արա, դա քո մոտ ավելի լավ է ստացվում։ Ու գիտե՞ք ողբերգությունը որն է, որ նա արդարանում է, որ Հայաստանը չի պատրաստվում հարձակման հետևյալ ենթակետերով՝ «Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, արդյո՞ք սպառազինվում է Հայաստանի Հանրապետությունը»։ ՀՀ ցանկացած քաղաքացի նրա ենթակետերին հետևյալ կերպ կպատասխանի․ դու՝ հարձակվո՞ղ, դու միայն տվող, հանձնող ես։ Ու դա ողջ աշխարհը գիտի, այդ թվում և Ադրբեջանը։ Արցախը դուրումի պես հանձնող, բանակը կազմալուծող մարդուն ինչպե՞ս կարելի հարձակվող համարել։ Հայաստանի սահմանները կամավոր հանձնող, զորքերը հետքաշման հրաման արձակողին ինչպե՞ս կարելի է հարձակվող համարել։ Ալիևը դա չգիտի՞։ Գիտի ու շատ լավ գիտի, բայց շարունակում է Հայաստանի ժողովրդին ահաբեկել նոր էսկալացիայով և, կարծում եմ, նա դա համաձայնեցրել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Որպեսզի հետո Փաշինյանը փրփուրներից բռնելու տեղ ունենա և ասի՝ տեսա՜ք, ես զգուշացնում էի որ Ադրբեջանը կհարձակվի՝ այս, այս բաները պիտի հանձնեի և խաղաղության պայմանագիր կնքեի։
Նիկոլ Փաշինյանը խաղաղասիրաբար է ուզում բավարարել Ադրբեջանի ախորժակը, ընդհուպ մինչև մեր վերջին պատառը։ Երբ գայլի երախը մարմնից պատառ է պոկում ու մի մասը հոշոտում, մարմինը չի ապրում։ Գուցե մի քիչ դիմադրում, բայց չի ապրում։ Սա Ալիևը լավ գիտի, առավել ևս երբ նրա թիկունքում բաց երախներ կան․․․ Այսօր Հայաստանն այս վիճակում է։ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ է հասկանում, որ եթե ամեն ինչ կամավոր հանձնում է, ի՞նչ Էսկալացիա․․․ Սա յուրօրինակ բնաջնջում է։ Գառները կամավոր գնում են գայլի երախը։ Փախչելու ոչ մի փորձ։ Հովիվն ուղղորդում է նրանց։
Կարծիքներ