Ուրիխանյանը հիմնադրամից պակասող 1.2 միլիարդի հարցով վճռական քայլերի կդիմի

Ուրիխանյանը հիմնադրամից պակասող 1.2 միլիարդի հարցով վճռական քայլերի կդիմի

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրել ու մերժել են Տիգրան Ուրիխանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրության հիմքով քրեական գործի հարուցումը՝ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի 2018-2019թթ․ ֆինանսական մուտքերի հետ կապված։ Դատախազության պատասխանում գրված է․ «Մասնավորապես՝ Ձեր կողմից ներկայացված աղյուսակներն իրենցից ենթադրում են ոչ թե ամիս/մուտք, այլ ամիս/պարտավորություն ցուցակային տվյալներ։

Բացի այդ, առկա են գաղտնի եւ հրապարակման ոչ ենթակա որոշ տվյալներ, որոնք օրենքի ուժով չեն արտացոլվում հաշվետվություններում»։ Հետո հավելել են․ «Այլ խոսքով ասած՝ համեմատության մեջ են դրվել ոչ ճիշտ ելակետային կամ անհամեմատելի տվյալներ»։ Այս ամենը դատախազությունը պարզել է նաեւ պաշտպանության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի եւ հիմնադրամի ներկայացուցիչների միջեւ տեղ ունեցած քննարկումների արդյունքում։

Տիգրան Ուրիխանյանն ապշած է դատախազության պատասխանից եւ ասում է․ «Հիմնադրամի հետ կապված ի՞նչ գաղտնի հարց կարող է լինել, ո՞նց կարա տենց բան լինի․․․ կանոնադրություն գոյություն ունի, օրենք, որը կարգավորում է ու նման բան չի նախատեսում։ Այսինքն՝ մտածեցին, մտածեցին, ուրիշ հիմնավորում չունեն, որոշեցին բան անել՝ գաղտնի ծախսո՞վ»։ Ուրիխանյանը խոստանում է․ «Շատ մեծ, լուրջ պատմություն է լինելու»։ Ավելի կոնկրետ՝ փետրվարի 29-ին կառավարության նիստերի դահլիճում «Սոցիալական շարժման» մեծ համաժողովի անունից կհայտարարվի, որ այդ պահի դրությամբ շարժման մասնակիցները պահանջում են բացակայող՝ արդեն 1․2 միլիարդ դրամի չափ գումարը տրամադրել շահառուներին։ Ինչպես նաեւ նշելու են այդ հարցով հանրահավաքի օր։ «Դե որ էդպես է, դե որ ուրիշ տարբերակ էլ չկա»։

Իսկ մինչ այդ նա վարչապետին գրություն է ուղարկելու՝ պահանջելով, որ վերահսկողական բոլոր հնարավոր մարմինները պարզաբանեն, թե դատախազությունն ինչ հիմքով է հինադրամի գաղտնիության հետ որեւէ աղերս չունեցող գաղտնիությունը որպես հիմք մատնանշել։

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը 2019-ից կառավարության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ինչ-որ բան թվաբանության մեջ ճիշտ չէ, եւ հարցն այնպիսի մի նուրբ կառույցի է վերաբերում, որը Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամն է։ Ամիսներ շարունակ Ուրիխանյանը բարձրաձայնում է, որ 1,5 տարուց ավելի նոր Հայաստանում բացահայտված ու ստվերից դուրս հանված մոտ 60 հազար նոր աշխատատեղերից հիմնադրամի հաշվին 1000-ական դրամներ՝ ամսական 60 միլիոն դրամ, չի փոխանցվել հիմնադրամի հաշվին։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես ԱԺ-ում այս մասին հայտարարած Տիգրան Ուրիխանյանի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մեջբերեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տրամադրած մեկ այլ տեղեկանք, ըստ որի՝ այդ գումարները կան։ «Մասնավորապես՝ 2019-ի 9 ամիսներին հիմնադրամին ավել է փոխանցվել նույն ժամանակահատվածի համեմատ 648․8 միլիոն դրամ»։ Ուրիխանյանն էլ չհամաձայնեց, ասաց, որ իր ձեռքում պաշտոնական փաստաթուղթ է, ինչին Փաշինյանը բառացի հակադարձեց, թե իրենն ավելի պաշտոնական է, եւ սկսեց խոսել ինչ-որ սխեմաների մասին, որ հնարավոր է այս ամիս լինի, մյուս ամիս չլինի, որովհետեւ սկզբում մտնում է ՊԵԿ եւ այլն։ Հետո այս հարցի պարզաբանման համար Ուրիխանյանը դիմել էր Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին, ապա՝ դատախազություն։ 

Ուրիխանյանը նշեց, որ դատախազության պատասխանը պետք է համադրվի Նաիրի Սարգսյանի նախորդ գրության հետ, որում նա հայտարարել էր 1․9 միլիարդ դրամի չփոխանցված գումարների մասին։ Ուրիխանյանն ընդամենը մեկ հարց ունի բոլոր ատյաններին՝ որտե՞ղ են գումարները։ Եթե չկան, «ուրեմն՝ քրեական գործ եւ պատիժ», եթե կան, ուրեմն որտե՞ղ են գումարները՝ ասում է Ուրիխանյանը։ Իրականում, մեր կարծիքով, այստեղ ոչ մի գաղտնիք չկա՝ ոչ թե գումարներն են պակաս փոխանցվել, այլ նոր բացված աշխատատեղերի մասին տեղեկատվությունն է հորինված։