Վնաս չկա, որպեսզի մի հատ էլ չափենք՝ վնասն ինչ աստիճանի է․ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար

Վնաս չկա, որպեսզի  մի հատ էլ չափենք՝ վնասն ինչ աստիճանի է․ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար

«Առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որոնք պետք է կանխեն վտանգները և այն մեղմման միջոցները, որոնք նախատեսել է «Լիդիանը», փորձագետների կողմից գնահատվել են ողջամիտ և եթե այդ միջոցառումներն իրականացվեն պատշաճ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի և եթե բնապահպանական ռիսկերը լինեն կառավարելի, նշանակում է վնաս չկա, որպեսզի  մի հատ էլ չափենք՝ վնասն ինչ աստիճանի է»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ամուլսարի» գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը՝ պատասխանելով հարցին, թե «Էլարդ»–ի զեկույցում նշված է, որ գնահատումները թերի են, հնարավոր չէ պատասխանել հարցին, արդյոք հանքի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ, եւ սրանից հետո ինչպե՞ս է պնդում, որ հարց չկա։

Մյուս հարցին, թե  ինչու՞ է միայն «Լիդիանը», որպես շահագրգիռ կողմ ներգրավվել փորձաքննությանը, նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում գործով շահագրգիռ կողմին կողմ ներգրավվելը․

«Մենք գործ ունենք պետության պոզիտիվ իրավունքի իրացման հետ և պետությունը պետք է ապահովի հնարավոր բոլոր միջոցները, որոպեսզի տվյալ կողմը հնարավորություն ունենա ներկայացնելու իր պարզաբանումները, արդարացումները»։

«Հրապարակ»-ի դիտարկմանը, թե գիտական եզրակացություն կա, որ Ամուլսարում նախատեսվող դատարկ ապարների լցակույտերի տակ զգալի չափի ուրան եւ թորիում կա, որի վտանգները ոչ մի կերպ գնահատված չեն, Իվանյանը նշեց․ «Կառավարությանն առնթեր միջուկային կենտրոնի եզրակացությունը տրամադրվել է Ամուլսարի գործով փորձագետներին, և այնտեղ Ամուլսարի տարածքում թուրանի և թորիումի հանքայնացումների մասին որևէ տեղեկություն չկա»։