Ինչու՞ խառնվել ուրիշների խումհարին

Ինչու՞ խառնվել ուրիշների խումհարին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը դատապարտող բանաձեւի քվեարկությունը տապալվել է: Անվտանգության խորհրդի երկու մշտական, վետոյի իրավունք ունեցող երկիր՝ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը փաստացի արգելափակել են փաստաթղթի ընդունումը, ինչը վկայում է, որ Անկարան Սիրիայի հյուսիսում իր քայլերը համաձայնեցրել է Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ: Կարելի է երկար-բարակ դատողություններ անել գերտերությունների կողմից քրդերին դավաճանելու, թուրքական վտանգի դեմ նրանց մենակ թողնելու եւ այն մասին, որ հարյուր տարում Թուրքիայի դեմքը նույնն է մնացել: Դրանից ոչինչ չի փոխվի:

Արդեն ակնհայտ է Մերձավոր Արեւելքը մասնատելու, քրդական բուֆերային պետություն ստեղծելու, Թուրքիային պատժելու ամերիկյան ծրագրի շուրջ վերջին մի քանի տարիներին մանավանդ հայկական մեդիա եւ փորձագիտական շրջանակներում տարածված տեսակետի սնանկությունը: Այս համապատկերին արժե՞ր, որ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես գար Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմագործողությունը դատապարտող, Անկարային լուրջ մեղադրանքներ ներկայացնող հայտարարությամբ:

Տեղաշրջանում մի քանի հազար հայերի անվտանգության հարցը հնարավո՞ր չէր քննարկել դիվանագիտական փակ խողովակներով: Թե չէ ստացվում է այնպես, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը փաստացի արտոնում են Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս, Դամասկոսը պաշտոնապես մերժում է տեղաշրջանի քրդական ուժերի հետ բանակցելու՝ Մոսկվայից արված առաջարկը, քանի որ, կարծես, Ասադի ռեժիմին էլ ձեռնտու է, որ քրդերը պատժվեն, իսկ Հայաստանի արտգործնախարարությունը բաց աջակցություն է հայտնում Սիրիայի ամբողջականությանը: Թուրքիայի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, ԼՂ հարցում Անկարան միանշանակորեն սատարում է Ադրբեջանին:

Բայց դրանից անպայման հետեւում է, որ Թուրքիայի ցանկացած քայլ Հայաստանը պետք է դատապարտի՞: Դիվանագիտական ցանկացած ուղերձ, որ հնչում է Երեւանից, պետք է ամենից առաջ բխի Հայաստանի ազգային-պետական շահից: Այս իմաստով ի՞նչ է մեզ տալիս Սիրիայում Թուրքիայի գործողությունները դատապարտող՝ Հայաստանի ԱԳՆ  հայտարարությունը: Ու՞մ հետ է համերաշխվում Հայաստանը: Կա՞ միջազգային հակաթուրքական ճակատ, որին միանալով՝ Հայաստանը հնարավորություն կստանար առաջադրելու նաեւ իր շահերը: Չկա նման ճակատ: Եւ հազիվ թե կազմավորվի: Որովհետեւ, կրկնենք, Անկարան իր քայլերը նախապես համաձայնեցրել է Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ: Միացյալ Նահանգներն ընդունել են Մերձավոր Արեւելքից ռազմական ներկայությունը հեռացնելու որոշում: Ռուսաստանը չի աջակցում Սիրիայում քրդական իքնավարության նախագծին:

Այդ հարցում Մոսկվան եւ Անկարան սկզբունքային դաշնակիցներ են: Իսկն ասած, այլ բան չէր էլ կարող լինել: Քրդական գործոնի առասպելը միջազգայնորեն պսակազերծվել է: Քրդերն ընդունակ են ահաբեկչությունների, բայց երկարատեւ ազգային-ազատագրական պայքարի՝ ոչ: Իրաքյան Քրդստանի ոչ հեռավոր անցյալի դեպքերը դա են վկայում: Աշխարհաքաղաքական նման դասավորության դեպքում ի՞նչ իմաստ ունի Հայաստանի դիվանագիտական դեմարշը, ի՞նչ խնդիր է ուզում լուծել Երեւանը: Միջին Արեւելքի հայկական համայնքներն արդեն  նույնիսկ քաղաքակրթական արժեք չեն ներկայացնում: Տարածաշրջանը դատարկվում է հայերից, գործընթաց, որ սկզիբ է առել անցյալ դարի կեսերից եւ մոտենում է տրամաբանական ավարտի: Ի՞նչ անելիք ունի Սիրիայում Հայաստանը: Կամ՝ Իրաքում: Կամ՝ վաղվա Լիբանանում: Այդ տարածքներն ընդամենը մեկ դար առաջ Օսմանյան կայսրության մաս էին:

Եւ եթե պատերազմի իրավունքով դրանց տիրացած Անգլիային ու Ֆրանսիային չի հաջողվել հարյուր տարում արաբական աշխարհը դարձնել քաղաքական ու քաղաքակրթական ամբողջություն, եթե նույն այդ ժամանակը Թուրքիան օգտագործել է քաղաքականապես, ռազմա-տնտեսական եւ, մանավանդ, ժողովրդագրական առումով հսկայական առաջընթացի հասնելու համար, ուրեմն օրինաչափորեն պետք է իր ազդեցությունը ծավալի Մերձավոր Արեւելքում: Հայաստա՞նն է այն երկիրը, որ պետք է կամ պարտավորված է կասեցնել Թուրքիայի ընթացքը: Անշուշտ՝ ոչ, բոլոր առումներով ռեսուրսներն անհամադրելի, անհամեմատելի են: Ուրեմն ինչու՞ խառնվել ուրիշների խումհարին: