Անիմացիոն ֆիլմերի շաբաթ` Երեւանից մինչեւ Գորիս 

Անիմացիոն ֆիլմերի շաբաթ` Երեւանից մինչեւ Գորիս 

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական միջոցառումների պետական ծրագրի շրջանակներում Հայաստանի կինոգործիչների միության նախաձեռնությամբ` մայիսի 8-15-ը Հայաստանում կանցկացվի «Անիմացիոն ֆիլմերի եւ մուլտֆիլմերի շաբաթը» (Մայիսի 9-10-ը` Գորիսում, մայիսի 11-12-ը` Գյումրիում, մայիսի 13-14-ը` Ստեփանավանում): 

Գորիսի, Գյումրիի, Ստեփանավանի մշակութային օջախներում ցուցադրվելու են հայկական հին եւ նոր մուլտիպլիկացիոն կինոնկարներ, վերջին տարիներին նկարահանված անիմացիոն ֆիլմեր, կայանալու են հանդիպումներ կինոգործիչների, մուլտիպլիկացիայի ռեժիսորների, նկարիչների հետ:

«Անիմացիոն ֆիլմերի եւ մուլտֆիլմերի շաբաթը» բացվեց այսօր` Կինոյի տանը, մի շարք անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններով, մուլտիպլիկատորների հետ ուղեկցվող քննարկումներով եւ լեփ լեցուն դահլիճում: 

Ի դեպ, այս տարին հոբելյանական է ոչ միայն հայ կինոյի, այլեւ հայկական մուլտիպլիկացիայի համար, լրանում է 85- ամյակը. «Եթե 1923թ-ին երկու համարձակ մարդիկ` Համո Բեկնազարյանը եւ Դանիել Դզնունին Հայաստանում ստեղծեցին հայկական կինոն, ապա 1938թ-ին եւս մի շատ համարձակ մարդ` Լեւ Ատամանյան անունով Հայաստանում ձեռնարկեց հայկական մուլտիպլիկացիայի ստեղծումը եւ 1938թ-ին նկարահանվեց «Շունն ու կատուն» մուլտֆիլմը` Հ. Թումանյանի ստեղծագործության հիման վրա»,- իր բացման խոսքում նշեց Արայիկ Մանուկյանը, որից հետո մեծ էկրանին դպրոցականների համար ցուցադրվեց տարբեր ժամանակների անիմացիոն ֆիլմեր, այդ թվում 1-ին հայկական մուլտֆիլմը` «Շունն ու կատուն»: