Նիստի սկավառակը կտրամադրվի՞ Սերժ Սարգսյանին 

Նիստի սկավառակը կտրամադրվի՞ Սերժ Սարգսյանին 

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր բավականին ուշագրավ հայտարարություն էր տարածել՝ գրելով, որ 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովից այսօր ստացված պատասխան գրության մեջ հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի բարձրացրած հարցերին։ եվ այդ մասին զեկուցվել է նախագահ Սարգսյանին: 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին հրավիրել են հանձնաժողովի նիստին՝ բացատրություններ տալու, ՀՀԿ-ից մի քանի պայմաններ էին առաջադրել՝ ներկայանալու համար, մասնավորապես՝ կորոնավիրուսի հետ կապված վտանգը, եւ նիստի ձայնագրությունն իրենց տրամադրելու պահանջն էին առաջ քաշել։ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովից Սերժ Սարգսյանի գրասենյակի մտահոգությունները փորձել էին փարատել՝ հաղորդելով, որ Կորոնավիրուսի հետ կապված իրենք թեստավորվել են, պաշտպանական միջոցառումներ են իրականացրել, իսկ ինչ վերաբերում է՝ նիստի ձայնագրմանը, ապա այն ձայնագրառվում է եւ պատրաստ են սկավառակը տրամադրել Սերժ Սարգսյանին։ 

Եվ չնայած ԱԺ հանձնաժողովի մեր աղբյուրները հավաստիացնում են, որ սկավառակը Սերժ Սարգսյանին տրամադրվելու է, սակայն ՀՀԿ-ում նամակին ոճից ենթադրել են, որ չնայած ձևական համաձայնությանը, այն լի է բառախաղերով։ Եւ հանձնաժողովը նման ձևակերպումներ է արել, որ հետագայում կարողանա մերժել Երրորդ նախագահին՝ հանձնաժողովի փակ նիստում ունեցած ելույթի կամ հարցուպատասպանի տեսագրության սկավառակի տրամադրումը։ Նման հետեւություն անելու հիմք են հանդիսացել նաեւ պատասխան նամակում տարբեր ընթացակարգերին ու պսևդո իրավական հիմքերին կատարված հղումները։ 
Երրորդ նախագահի գրասենյակը խոստացել է լրացուցիչ պարզաբանմամբ հանդես գալ։