Մենք չենք կարող ամբողությամբ իրենց ուզածն անել. Արմեն Փամբուխչյանը` 4֊րդ գյուղի բնակիչների պահանջի վերաբերյալ

Մենք չենք կարող ամբողությամբ իրենց ուզածն անել. Արմեն Փամբուխչյանը` 4֊րդ գյուղի բնակիչների պահանջի վերաբերյալ

Վաղը ես կընդունեմ «Հաղթանակ» թաղամասի բնակիչներին, ես պատրաստվում եմ իրենց ուղիղ եթերի տակ ընդունել: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

«Այն պնդումը, որ ոչ մի գործ առաջ չի գնում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ արդեն իսկ 96 գործ արված է վերջին երկու տարվա ընթացքում՝ «Հաղթանակ» թաղամասի հետ կապված: Ունենք էլի դիմումներ, որոնք ընթացքի մեջ են: Այնտեղ մի կարևորագույն խնդիր կա գերեզմանատան հետ կապված: Այս ամբողջից առաջ դա փակ գերեզման էր, սակայն իրենց խնդրանքով մենք համարեցինք բաց գերեզման: Եթե բաց գերեզման է, այնտեղ կա սանիտարական գոտի, որ 300 մետր շառավղով չպետք է լինեն որևէ բնակելի և այլ տարածքներ։

Մենք չենք կարող ամբողջությամբ համ իրենց ուզածը անել, համ պահպանել սանիտարական գոտին եւ մնացած կանոնները: Իրենք պետք է որոշում կայացնեն՝ կամ ունենում են սանիտարական գոտի, փակ գերեզման է համարվում, որտեղ այլևս որևէ հուղարկավորություն չի իրականացվում, կամ բաց է մնում գերեզմանատունը, բայց 300 մետր շառավղով բազմաթիվ հողեր և բնակելի տներ խնդիր են առաջացնելու:

Կամ մենք առաջարկել ենք երրորդ տարբերակը, որը ենթադրում է, որ պետք է կառավարության որոշումով լինի: Մենք ասել ենք, որ նաև այդ պրոցեսին ենք պատրաստ, այսինքն՝ կիսաբաց ռեժիմ համարենք: Դա ենթադրում է, որ այնտեղ կարելի է իրականացնել հուղարկավորություն, եթե ընտանիքի անդամ է մահանում և իրենք ունեն գերեզմանատուն, բայց նոր հուղարկավորություններ չեն կարող իրականացնել»։

Փամբուխչյանը նաեւ նշեց, որ բնակիչները պետք է ընտրություն կատարեն, որովհետև այդ սանիտարական գոտին կարևոր հատված է առողջապահական և բնապահպանական տեսանկյունից: