Ուրախացնող տվյալներ

Ուրախացնող տվյալներ

Ամերիկյան հանրապետական ինստիտուտին շատ դժվար է ընդդիմադիր հայացքներ ունենալու մեջ մեղադրել։ Ավելին՝ այդ ինստիտուտը ՀՀ իշխանությունների հետ համագործակցության հարուստ անցյալ ունի, ուստի նախօրեին հրապարակված հարցումների արդյունքներին եթե անգամ կարելի է կասկածել, ապա միայն այն մասով, որ դրանք շեղում ունեն հօգուտ իշխանությունների։ Ուստի մի քանի հետեւություն, որոնք բխում են այդ հարցումներից, չեն կարող չուրախացնել մեզ։ Մասնավորապես այն, որ իշխող քաղաքական ուժն ու նրա լիդերը, թեեւ 2021-ին 50 տոկոսից ավելի ձայն ստանալով վերարտադրվեցին, սակայն այսօր ունեն ընդամենը 20 տոկոսի աջակցությունը, վարչապետն ավելի քիչ՝ 14 տոկոսի։ Հաջորդ փաստը․ չնայած մենք բողոքում ենք, թե հասարակությունն անտարբեր է Արցախի եւ մեր անվտանգության խնդիրների նկատմամբ, սակայն հարցումները ցույց են տալիս, որ բոլորովին այդպես չէ։ Եվ չնայած այս տարիներին փորձել են մեզ ներշնչել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամության կողմնակիցները մեր հասարակության մեջ շատ են, բայց անգամ իշխանական կողմնորոշում ունեցող մարդիկ Թուրքիային ու Ադրբեջանին համարում են մեր թիվ 1 թշնամին եւ վտանգ են տեսնում այդ պետություններից։ 98 տոկոսը լուրջ թիվ է։

Եվ վերջապես, այս հարցումները, մանավանդ՝ իրենց նշած վտանգների դեմն առնելու համար փողոց դուրս չգալու հանգամանքը եւ ընտրություններին չմասնակցելու որոշում ունեցողների մեծ քանակը մի հստակ հետեւության են հանգեցնում․ մարդիկ չեն տեսնում՝ ում հետեւից գնան, ինչպես պայքարեն։ Այսինքն, ուժեղ ու պայքարող ընդդիմություն ունենալու հանրային մեծ պահանջ կա։ Եվ սա ամենամեծ քննադատությունն է՝ ուղղված ընդդիմադիր դաշտին, որը չի կարողացել մոբիլիզացնել 60-80 տոկոս կազմող հանրային այս հսկա զանգվածին։