ԱՄՆ-ն` պոկեր, Չինաստանը` գոլֆ, Ռուսաստանը` շախմատ

Աշխարհում այս օրերին երկու կարեւոր հարց է դրված կշեռքի նժարին. առաջինը` ԱՄՆ ուղիղ միջամտությամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հաշտեցման հարցը, որն առայժմ բարեհաջող ընթացք չունի, ավելին՝ Զելենսկին ամենուր հայտարարում է, որ ոչ մի հրադադար լինել չի կարող, եթե Ռուսաստանը ետ չվերադարձնի բոլոր գրաված տարածքները, եւ նրան պաշտպանում են նաեւ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն: Պարզ է, որ Ռուսաստանն էլ դրան չի համաձայնի եւ անգամ եթե ռազմաճակատում այժմ պարտվելիս լիներ, դրան չէր գնա... Իսկ այս իրավիճակը խարխլում է ԱՄՆ նախագահ Թրամփի հեղինակությունը, որը նույնիսկ մաքսային դրույքաչափերի հարցում ոչնչի հասնել չի կարողանում: Եվ պաշտոնին անցնելուց առաջ տված խոստումներն էլ դեռ իրականություն չեն դառնում, քանզի այն մեթոդները, որոնցով ցանկանում է դա անել, կարծես իրատեսական չեն եւ առայժմ հաջողության չեն հանգեցնում: Օրերն անցնում են, դառնում ամիսներ, իսկ ռեալ արդյունքներ չեն ուրվագծվում: Եթե ներքին կյանքում նախագահ Թրամփի եւ իր ադմինիստրացիայի ձեռնարկած քայլերը միայն ԱՄՆ բնակիչները կարող են գնահատել, ապա արտաքին քաղաքական հարցերում եւ հատկապես` ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հարցում առաջխաղացման բացակայությունը ողջ աշխարհն է տեսնում, եւ քանի որ առայժմ ռեալ ու ակնառու արդյունքներ չեն երեւում, կարծում եմ, որ ԱՄՆ-ն պոկեր է խաղում, իսկ թե արդյունքում ինչի կհասնի, խիստ հարցական է, քանզի պոկերի արդյունքը միշտ անկանխատեսելի է լինում։
Չինաստանը պաշտոնական խողովակներով բացահայտ հայտարարել է, որ դեմ է ԱՄՆ-ի հայտարարած մաքսային դրույքաչափերին, դեմ չէ ԱՄՆ-ի հետ նստելու ու քննարկելու այդ հարցերը եւ ընդհանուր հայտարարի գալու, քանզի բացառված է, որ ենթարկվի ԱՄՆ սահմանած դրույքաչափերին, եթե անգամ արդյունքում սառը պատերազմի հանգեն։
ԱՄՆ նախագահը մաքսային դրույքաչափը հասցրել է 145-ի, դրան ի պատասխան՝ Չինաստանն էլ հասցրել է 125-ի, որից հետո՝ առայժմ քար լռություն։ Սա էլ կարծես շատ նման է նրան, որ Չինաստանը գոլֆ է խաղում, որի արդյունքը եւս անհայտ է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, մի կողմից, Ռուսաստանը կարծես սպասում է, չի շտապում, մյուս կողմից՝ իր քայլերը պայմանավորում է Ուկրաինայի կատարած քայլերով։ Եթե Ուկրաինան սրում եւ ինտենսիվացնում է հարձակումները, ապա Ռուսաստանն էլ փորձում է մեծացնել հարձակումների մասշտաբն ու ուժգնությունը` հակառակորդին պատճառելով մարդկային եւ տարածքային նոր կորուստներ: Փաստացի, Ռուսաստանի ռազմավարությունն ու մարտավարությունը շատ ավելի նման են շախմատային խաղի, որտեղ հաղթում է նա, ով ավելի ուժեղ է։
Այլ խոսքով, այս կռիվը շախմատային պարտիայի է նման: Իսկ շախմատն ազնիվ խաղ է, եւ հաղթում է նա, ով ավելի խելացի է, ուժեղ եւ քայլերը հաշվել գիտի:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, ապա այս միավորված ճամբարը` Զելենսկու դեմքով, հայտարարում է, որ այդ պատերազմը չի ավարտվի, քանի դեռ ողջ է վերջին ուկրաինացին, կամ` Ռուսաստանի կողմից գրավյալ բոլոր տարածքները հետ չեն վերադարձվել Ուկրաինային: ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն էլ բարձրաձայնում են, որ իրենք ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ զինտեխնիկայի մատակարարմամբ, բացառված չէ՝ նաեւ մարդկային ռեսուրսով, մինչեւ վերջին վայրկյանն Ուկրաինայի կողքին են լինելու եւ ոչ մի դեպքում չեն լքի նրան: Եվ այն, որ Ուկրաինան շարունակում է զորակոչ իրականացնել, եւ անգամ կանանց են կռվելու տանում, եւս խոսում է այն մասին, որ ոչ մի դեպքում ետ չեն կանգնի պատերազմելուց։
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Կարծիքներ