«Վարձակալած ավտոբուսներ են, ու էդ նկարը որ նայում ես՝ իրար քամակից կպած՝ մտնում են»

«Վարձակալած ավտոբուսներ են, ու էդ նկարը որ նայում ես՝ իրար քամակից կպած՝ մտնում են»

Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ձեռնարկությունը՝ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան, պարետի որոշմամբ՝ այսօր առավոտվանից փակ  է 72 ժամով, քանի որ այնտեղ վարակակիրներ են հայտնաբերվել։ Նախ հայտնի դարձավ 3 դեպքի մասին, ապա մամուլը գրեց, որ 39 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ  ֆաբրիկայի աշխատակիցներով լեփ-լեցուն ու դռներից կախված ավտոբուսի լուսանկար հրապարակեց։ Ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը տարօրինակ էր համարել «մի լուսանկարի հիման վրա» այսպիսի խոշոր արտադրությունը կանգնեցնելու որոշումը։ Նշենք, որ սեփականատերն ինչ-որ առումով ճիշտ է, քանի որ ֆաբրիկայից դուրս ավտոբուսում հակահամաճարակային կանոնների պահպանումը ոչ թե տնօրինության, այլ ոստիկանների խնդիրն է։

«Էդ հո մեր ավտբուսները չեն, վարձակալած ավտբուսներ են, քաղաքապետարանը տենդեր ա հայտարարում, տալիս ա, ոստիկանն էլ գնում ա հսկում ա, ես ընդամենը էդ ավտոբուսները վարձակալել եմ, վճարում եմ։ Բացի դա, էդ նկարը որ նայում եք, ես չեմ պնդում, որ էդ ավտոբուսները 5 հոգով են գնում, բայց նենց էլ չի, որ էդ նկարից երևում ա․․․ հլը մի հատ ուշադիր նայեք, ավտոբուսի պատուհանից դիմացի մայթի շենքի դուռն էրևում ա, այսինքն՝ ընդամենը իրար հետևից գնում են, մարդիկ մի քիչ կարգապահ չեն, ու, կներես արտահայտությանս համար, իրար քամակից կպած՝ մտնում են, ինչ անեն»,-«Հրապարակի» հետ զրույցում ասաց ընկերության սեփականատեր Բագրատ Դարբինյանը։

Նա չգիտի` երբ 72 ժամը լրանա, ֆաբրիկան կվերսկսի՞ աշխատանքը, թե՞ ոչ։ «Կարող ա, դրանից հետո բոլորին վերցնեն, թեստավորեն, վիրուսակիրներ լինեն, դրանից հետո ինչքանի մոտ կհաստատվի, ինչքանի մոտ՝ ոչ, ես չգիտեմ՝ պարետատան ընթացակարգը ո՞նց ա․ քանի՞ հոգու դեպքում են դադարեցնում, ինչքանով: Ես հիմա սպասում եմ, որ այդ երեք օրն անցնի»։ 

Հիշեցնենք, որ ֆաբրիկան ունի 2 հազար 600 աշխատակից։ Մեր դիտարկմանը, թե, ըստ կայքերի, իրենք ունեն ոչ թե 3, այլ 39 վարակակիր, պարոն Դարբինյանն ասաց, որ ինքն այդ մասին չգիտի։ Սակայն նա այն կարծիքին է, որ «եթե ամբողջ հանրապետությունը թեստավորեն, 10 հազար հիվանդ չի լինի, այլ 110 հազար, որովհետև էդ վիրուսն արդեն տարածվել է մթնոլորտում, ու հիմա երեքից երկուսին զանգում ենք, ասում են՝ ոչ մի բան էլ չենք զգում»։

Դարբինյանն ասաց՝ ֆաբրիկան երեք օր անց վերաբացելուց հետո այլևս ավտոբուսներ չի վարձակալի, վարձակալության գումարներն աշխատողները կստանան որպես փոխհատուցում, որի հաշվին արդեն իրենց միջոցներով կհասնեն աշխատավայր։

Հիշեցնենք, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցները կարանտինի օրերին բողոքի ակցիաներ էին անում՝ աշխատելու համար։ Դարբինյանը հիմա էլ վստահ է, որ աշխատելը ճիշտ էր։ «Մարդիկ  ոզում են գան աշխատեն, պատվերները չկորցնենք, 30 տարի ստեղծել ենք, մարդկանց վստահությունն ենք ձեռք բերել, պարտնյորներ ունենք Եվրոպայում, բա որ չաշխատենք․․․ ես ի՞նչ գիտեմ` ճի՞շտ էր, թե՞ չէ, ես համարել էի, որ ճիշտ էր։ Միգուցե ուրիշ մեկն ինձ ապացուցի, որ ճիշտ չէր»,-ի պատասխան՝ ասաց Դարբինյանը։