Ադրբեջանում հակառուսական հիստերիան նոր թափ է ստանում

Ադրբեջանում հակառուսական հիստերիան նոր թափ է ստանում

Քաղաքագետ և «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն կարծում է, որ Ադրբեջանում նրանք, ովքեր աջակցում են Կրեմլի քաղաքականությանը, պետք է զրկվեն որոշումներ կայացնելու իրավունքից։ Այս մասին նա ասել է Minval.az-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի մի շարք նախկին պաշտոնյաներ ներկայացնում են մի խումբ, որը գործում է Ռուսաստանի շահերից ելնելով։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ռուսամետ խմբավորումը գլխավորում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևը։ Բացի այդ, զեկույցներում հիշատակվում են նաև նախկին նախարարներ Աբուլֆաս Գարաևը, Ազադ Ռահիմովը, Էլմար Մամեդյարովը և Էլդար Մախմուդովը։
«Ռամիզ Մեհտիևը Ադրբեջանում Ռուսաստանի շահերի հիմնական ջատագովներից է։ Չկա մեկը, ով չիմանա այս մասին։ Նա ժամանակին ադրբեջանական թերթում հոդվածներ է հրապարակել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կարևորության մասին։ Նա միշտ մեծ ուրախությամբ էր այցելում Ռուսաստան, Բաքվում ընդունում էր ռուս գործընկերներին։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի հետ կապեր են ունեցել նաև այլ պաշտոնյաներ, որոնց անունները հնչել են։ Ռուսական քաղաքականության հետևորդների այս ցուցակում ես կներառեի նաև փոխվարչապետ Յակուբ Էյուբովին և երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդդին Սադըխովին»,- ասել է քաղաքագետը։
Նրա խոսքով, Ռուսաստանում բիզնեսներ ունեցող և Կրեմլի քաղաքականության կողմնակից պաշտոնյաներն ու պատգամավորները պետք է հեռացվեն քաղաքականությունից և զրկվեն որևէ որոշում կայացնելու իրավունքից. «Սա Ադրբեջանի ազգային անվտանգության խնդիրն է»։

«Մեր պատգամավորների մեջ կան այնպիսիք, ովքեր արձագանքում են Ռուսաստանի հակաադրբեջանական քաղաքականությանը և ռուս պատգամավորների վիրավորական հայտարարություններին մեր ժողովրդի և պետության դեմ։ Բայց Միլլի Մեջլիսում նստածների մեծամասնության դիրքորոշումը մնում է անհասկանալի, իբր նրանք սպասողական դիրք են զբաղեցնում»,- կարծում է փորձագետը։
Լռողների տրամաբանությամբ, շարունակել է Շահինօղլուն, «թող ուրիշները պատասխանեն ռուս քաղաքական գործիչների և դիվանագետների հարձակումներին, և իրենք հանգիստ կհետևեն, թե ինչ է կատարվում»։
«Հասարակությունը ցանկանում է լսել նրանց ձայնը, ովքեր կարծում են, որ իրենց գործը միայն բարձր աշխատավարձ ստանալն է, արտասահման մեկնելը և ինչ-որ երկրում անգլերենով ելույթներ անգիր անելը: Մեր կայքերը տեղեկություններ են պարունակում Ադրբեջանի ռուսական «հինգերորդ շարասյան» հետ անմիջական կապ ունեցողների մասին։ Ի՞նչ են մտածում այս մասին մեր լուռ պատգամավորները։ Միգուցե «հինգերորդ շարասյան» ղեկավարների հրամանները կատարած պատգամավորները շատ են։ Մենք չենք մոռացել նրանց, ովքեր մեր երկրում շարադրությունների մրցույթ են անցկացրել՝ ի պատիվ հունվարի 20-ի ողբերգության մեղավորներից Եվգենի Պրիմակովի, և նրանց, ովքեր ասում էին, որ Ադրբեջանը պետք է դառնա Ռուսաստանի կողմից ստեղծված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,- եզրափակել է Շահինօղլուն։