Հրաժեշտ Բորիս Ջոնսոնին 

Հրաժեշտ Բորիս Ջոնսոնին 

Համաշխարհային քաղաքականության եւ դիվանագիտության մեջ քիչ բան կգտնվի, որ մարդկային հուզմունք պատճառի: Տխրեցնող իրողություններ` որքան ասես: Ուրախացնող իրադարձություններ` երբեմն պատահում են: Բայց դրանք քիչ են առնչվում անձին, անհատին, սովորաբար վերաբերում են պետություններին, ժողովուրդներին: Բացառությունը երեւի երկար պաշտոնավարած առաջնորդների հրաժեշտներն են, բայց դրանք էլ մեծ մասամբ ինձ չեն հուզում: 

Միակ արարողությունը միջազգային քաղաքական-դիվանագիտական հարթությունում, որ դիտելիս չեմ կարողանում չհուզվել դա Միացյալ Թագավորության վարչապետերի հրաժեշտի խոսքն է Դաունինգ-սթրիթ 10 հասցեից: Այդ խոսքերը միշտ առանձնակի հաջողված ու հուզիչ են լինում, նույնիսկ երբ հեռացող վարչապետի պաշտոնավորությունը առանձնապես վառ դարաշրջան կամ հաջողությունների տեղատարափ չի եղել: Դաունինգ 10-ի դռան առջեւ հրաժեշտի խոսքը հնչելիս մի պահ ցանկանում ես, որ ժամանակը կանգ առնի, վարչապետը չհեռանա, խոսքերը չհուզեն, բայց վիճակը նետված է: Վարչապետը հեռանում է:

Երեկ էլ հեռացավ Բորիս Ջոնսոնը, ասելով անմոռանալի մի ֆրազ. «Ցանկանում եմ դուք իմանաք, թե ես որքան տխուր եմ, որ թողնում եմ աշխարհի լավագույն աշխատանքը» (And I want you to know how sad I am to be giving up the best job in the world): Շատ էր անկեղծ եւ ճշմարիտ: 

Այդ ֆրազը գուցե ինչ-որ տեղ էլ խոստովանություն ու բացահայտում էր, թե Ջոնսոնը ինչն է համարել աշխարհում լավագույն պաշտոն, պարգեւ եւ պատիվ եւ հոգու խորքում ինչի է ձգտել: Չէ՞ որ Brexit-ի ժամանակ անվերջ խոսվում էր այն մասին, որ Ջոնսոնը այդ շարժմանը հարել էր, Brexit-ի կողմակիցների ճամբարի առաջնորդ էր դարձել այն պատճառով, որ այդպես իր համար վարչապետի պաշտոնին հասնելու ամենակարճ ու շոշափելի ճանապարհն էր գծվում: Չլիներ Brexit-ը, Դեյվիդ Քամերոնը գուցե դեռ երկար կպաշտոնավարեր: Իսկ ընկերոջ դեմ, առանց գաղափարական փաթեթավորման, Ջոնսոնը դուրս գալ չէր կարող, որովհետեւ հասարակությունը դա չէր ընդունի: 

Շատերը կհիշեն, ինչպես Էդվարդ Միլիբենդի մրցակցությունը եղբոր` Դեյվիդի Միլիբենդի դեմ Լեյբորիստական կուսակցությունը առաջնորդելու համար հասարակությունը այդպես էլ չընդունեց, եւ Էդ Միլիբենդը Լեյբորիստական կուսակցության առաջնորդ դառնալով` երբեք վարչապետ չդարձավ: Դեյվիդ Քամերոնն ու Բորիս Ջոնսոնը եղբայրներ չէին, բայց մտերիմ ընկերներ էին` դեռ մանկության եւ ուսանողության տարիներից` Էթոնից եւ Օքսֆորդից: Նույնիսկ մի անգամ Քամերոնը լրագրողներին պատմել էր, որ վերջին անգամ, երբ կարգին խմել եւ գինարբուքի է մասնակցել կյանքում, Օքսֆորդում ուսանելու տարիներին է եղել: Խնջույքին հաջորդած առավոտյան էլ Բորիսին երկար փնտրել, վերջը ոստիկանության բաժանմունքից են գտել, որտեղ չէր հիշում, թե ինչպես է հայտվել: 

Իհարկե, Ջոնսոնը երեկվա հրաժեշտի խոսքից հետո դեռ կշարունակի պաշտոնավարել` մինչեւ Թորիների (Պահպանողական) կուսակցությունը մի քանի փուլով կուսակցության նոր առաջնորդ ընտրի, եւ այդ առաջնորդը ստանձնի վարչապետի պաշտոնը: Դա կտեւի նվազագույնը մի քանի շաբաթ: Այդ ընթացքում Ջոնսոնը դեռ շարունակելու է իրականացնել իր լիազորությունները որպես վարչապետ, Մեծ Բրիտանիան ներկայացնելու է արտերկրում եւ ակնկալելի է, որ Ուկրաինան կպահի իր ուշադրության կենտրոնում: Ուկրաինայում ընթացող պատերազմը միակ օտարերկրյա իրադարձությունն էր, որին Ջոնսոնը անդրադարձավ իր հրաժեշտի խոսքում, ուկրաինացիներին հավատացնելով, որ Միացյալ Թագավորությունը կսատարի Ուկրաինայի` ազատության համար պայքարին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:

Դե, ինչ կյանքը շարունակվում է, Բորիս Ջոնսոնի բուռն, աննախադեպ իրադարձություններով լեցուն եւ անսպասելիորեն բազմաթիվ հաջողություններ գրանցած վարչապետությունը (որոնք Ջոնսոնը չմոռացավ հիշեցնել իր հրաժեշտի խոսքում) վերընթացի ժամանակ ընդհատված է: Մնում է տեսնել, ով այդ ընթացքի ղեկը կստանձի եւ կշարունակի շարժումը դեպի, ինչպես Ջոնսոնը ձեւակերպեց, ոսկեշող ապագա: