Խորհրդարանական ընդդիմությունում կատարվողը հիասթափեցնող է 

Խորհրդարանական ընդդիմությունում կատարվողը հիասթափեցնող է 

Խորհրդարանական ընդդիմության ճամբարում ինչ-որ հետաքրքիր «խմորումներ» են տեղի ունենում։ Երեկ «Հրապարակի» շնորհիվ հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի անդամներ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը դուրս են եկել կուսակցությունից, սակայն շարունակում են մնալ «Հայաստան» խմբակցության կազմում, իսկ այսօր էլ պարզվեց, որ «Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանն է վայր դնում մանդատը, ինչի մասին եւս «Հրապարակը» օրեր առաջ գրել էր։ 

Դատելով Գրիգորյանի հայտարարությունից, ներթիմային տարաձայնություններ են եղել, որի պատճառով էլ նման որոշում է կայացվել։ Ինչ որ է։ Օրը կգա, ամեն ինչ հայտնի կդառնա, քանի որ ինչպես ասում են, այս աշխարհում քիչ բան կա, որ ծածուկ է մնում։ Սակայն տեղի ունեցողը մտահոգություն չի կարող չառաջացնել նրանց համար, ովքեր գոնե ամենափոքր համակրանք ունեն հայաստանյան խորհրդարանական ընդդիմության հանդեպ, կամ աջակցում են վերջինիս։

Ի՞նչ է ստացվում։ Թերեւս այն, որ հերթական անգամ, հնարավոր է, որ ականատես ենք լինում ընդդիմադիր ճամբարի կազմաքանդմանը կամ ընդդիմադիր ռեսուրսների փոշիացմանը։ Իհարկե, Արամ Վարդեւանյանը կարող է ասել, որ շարունակելու է ուժերի ներածին չափով աջակցել պատգամավոր գործընկերներին եւ շարունակում է ընդդիմադիր հայացքներ ունենալ եւ այդ դաշտին պատկանել, սակայն այլ է իրավիճակը, երբ դու լինելով բանիմաց ու կարող ուժ՝ խորհրդարանական մանդատով ամրապնդված ես գործում, այլ է իրավիճակը, երբ դու, ասենք, սոսկ որպես մասնավոր քաղաքացի, հասարակական-քաղաքական գործիչ կամ թեկուզ որպես փաստաբան կամ իրավապաշտպան ես գործում։ 

Անկախ այն հանգամանքից, թե ինչ մթնոլորտ է տիրում խորհրդարանում, անկախ այն հանգամանքից, թե որքանով է այդ մթնոլորտը քեզ «շնչահեղձ անում», եթե մանդատ ես ստացել ժողովրդի ընտրությամբ եւ եթե թեկուզ 100 հոգի քո ներկայացրած քաղաքական ուժին ձայն տվել են հենց թեկուզ քո հանդեպ ունեցած համակրանքով պայմանավորված, ուրեմն դու պարտավորված ես թեկուզ եւ «խաչվել», բայց մինչեւ մանդատիդ լիազորության ժամկետի ավարտը պաշտոնավարել ու այն օգտագործել ըստ այն առաքելության, որը քեզ պատվիրակել է ընտրողդ՝ քեզ ուղարկելով խորհրդարան։ Մնացածն ավելորդ սենտիմենտալություն է։

Պատմության մեջ, ու նաեւ Հայոց պատմության մեջ, ավելի դժնդակ ժամանակներ էլ են եղել, ավելի վատթար իրականության պայմաններում էլ մարդիկ շնչահեղձ են եղել, կամ ունեցել են թիմային անհաղթահարելի տարձայնություններ, բայց ամեն դեպքում մնացել են «համակարգի» մեջ կամ «օրգանիզմի» կազմում եւ փորձել են իրականացնել այն առաքելությունը, որին կոչված են եղել։ Պարզ ասած՝ եթե մարդը ընտրել է իր «խաչի ճանապարհը», ապա պետք է գնա մինչեւ վերջ, ու խմի իրեն վիճակված բաժակը՝ ցմրուր։ Ամեն մարդ ունի իր «Գողգոթայի ճանապարհը» ու այդ «ճանապարհի» կեսից հետ դառնալը կոնկրետ այս դեպքում սխալ է։ Ի դեպ, այսօրվա «սենտիմենտները» վաղվա ընտրություններում հաշվի են առնվելու եւ արդյունքում էլի ընդդիմության ընտրական ներուժն է վնաս կրելու։