Ադրբեջանը Իրանին համ եղում է, համ դեղում, իսկ մենք հնարավորությունների կողքով ենք անցնում․ Մենուա Սողոմոնյան

Բանակցություններ կարծես թե գնում են, բայց խաղաղության պայմանագրի մասին խոսելիս Ադրբեջանն առաջ է քաշում նոր նախապայմաններ՝ քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը, քանի դեռ տարածքներ ու աայսպես կոչված անկլավներ չի հանձնել, քանի դեռ այսպես կոչված ադրբեջանցիները չեն եկել Հայաստանում՝ խաղաղության պայմանագրի մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հայաքվե» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը:
Սա ոչ թե բանակցային գործընթաց է, այլ կապիտուլյացիա՝ դանդաղ տեղի ունեցող կապիտուլյացիա:
«Այս իշխանություններն էլ կոմունիկացնում են մեզ, ասում են՝ դե եթե մենք իրենց պայմանները չենք ընդունում՝ պատերազմ է լինելու: Իրենք այնպես են կոմունիկացնում, որ պատերազմն ու պարտությանը մենք հավասարազոր ենք նայում, եթե պատերազմ, ուրեմն մենք պարտադիր պետք է պարտվենք: Փաշինյանը Կիրանցում ասում էր, որ վաղը չէ մյուս օրը պատերազմ լինի ու ինձ փողոցում տեսնեք՝ չհարցնեք, թե ինչի եղավ: Այսինքն վաղը պատերազմ կլինի, մենք կպարտվենք, ինքը կշարունակի մնալ իշխանության, բայց եթե մենք տեսնենք իրեն, հարցնենք, կասի՝ ես մեղավոր չէի, դուք ընտրեցիք»,-ասաց Սողոմոնյանը:
Հնարավոր է, որ այս իշխանությունների կողմից հայտարարված՝ աշնանը Ադրբեջանը ռազմական ագրեսիա նախաձեռնի ՀՀ-ի դեմ:
«Ադրբեջանցիները միշտ տանում են տեղեկատվական այդ ֆոնը ստեղծելուն ուղղված քաղաքականություն, որ հայկական կողմը իբրև թե սահմանին խախտում է իրավիճակը: Հայկական կողմը այդ խայծը կուլ է տալիս, ասում է, առաջարկում են հրադադարի ռեժիմի վերահսկողություն, հետաքննության երկկողմ ձևաչափ ստեղծել, որը որ անհեթեթեություն է պարզապես»,-ասաց Սողոմոնյանը:
Դրանով նաև ցույց են տալիս, որ եվրոպացի դիտորդներին ՀՀ-ում տեղակայելը փաստորեն անօգուտ էր և միևնույն ժամանակ Եվրամիության վարկանիշին են հարվածում:
Եվ այսպիսով, տեղեկատվական ֆոնն ապահովվում է, Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգության ապահովման միջազգային իրավական բոլոր ձևաչափերից սկսում է հրաժարվել, դրան գումարած տեսնում ենք Արևմուտքի կողմից ընդամենը վերբալ ինչ-որ հայտարարություններ ու բառային գործողություններ, մենք նաև տեսնում ենք որոշակի միտումներ, որ Միացյալ Նահանգների ուշադրությունը կսկսի նվազել այս տարածաշրջանի ուղղությամբ՝ այս ամենը շատ լավ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի համար՝ ուժով պարտադրել այն ամենը, ինչը որ ինքը ցանկանում է՝ նոր զավթումներ, նոր տարածքներ, միջանցքի բացմանն ուղված գործողություններ և այսպես շարունակ:
Անդրադառնալով Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները հաստատելու կարևորությանը, Սողոմոնյանը նկատեց, որ Իրանը մի քանի անգամ այդ ուղերձով հանդես է եկել, և այդ ուղերձը մեր կողքով է անցնում, և մենք չենք օգտվում այդ հնարավորությունից:
«Իսկ այդ հնարավորությունից Ադրբեջանն օգտվում է: Կամուրջներ են սարքում, քաղաքական հարաբերություններն են խորացնում և բացի այդ Իրանի նկատմամբ իրենց պահանջներն են շարունակում բարձրաձայնել: Այսինքն՝ համ եղում են, համ դեղում են Իրանին, իսկ մենք, որ ունենք այդ բնական դաշնակիցը, որ իսկապես շահագրգռված է՝ դա Իրանն է:ՀՀ իշխանությունները այդ հնարավորությունից օգտվելու ոչ մի շանս ցույց չեն տալիս: Տեսեք, գնացել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի են մասնակցում, բայց ՀԱՊԿ-ի մասնակցությունը մերժում են: Ադրբեջանը և ԱՊՀ ձևաչափերում է ամբողջությամբ մասնակցում, և ՆԱՏՕ-ին է մասնակցում, այսինքն և -և -ի տրամաբանության մեջ է խաղում և երկուսից էլ օգտվում է, երկուսում էլ ինքը հասկանալի է դառնում, երկուսում էլ իր տեսակետները կարողանում է ներկայացնել, կոմունիկացնել: Իսկ մեզ մոտ կարծես նեղացած երեխայի, քուչի տղայի վարքագիծ ենք ավելի շատ տեսնում, քան դիվանագիտություն՝ հիմնված շահերի կշռադատման վրա»,- նշեց Սողոմոնյանը:
Այնինչ, Ադրբեջանը, արտաքին դաշտում ձեռք բերած իր հաջողությունները հմտորեն փորձում է ներդնել Հայաստանի հետ հարաբերությունների մեջ, մասնավորապես բանակցային գործընթացի մեջ: Բանկացային գործընթացը, այն, ինչը որ կա՝ հիմնված է սկզբունքների վրա, որոնք ձևակերպվել են Ադրբեջանի կողմից: Դրանք ձևակերպված են նախապայմանային ոճով, իսկ Հայաստանի կողմից առաջադրված օրակարգ, առաջադրված հարցեր բանկացային գործընթացում չկան, գոյություն չունեն՝ ոչ արցախցիների վերադարձի հարց կա, ոչ գերիների հարց կա, ոչ բռնազավթված տարածքներից զորքերի հետքաշման հարց կա, չկա և չի երևում:
«Այն, ինչ-որ կա, միջանցքային տրամաբանություն կլինի, կոմունիկացիոն ապաշրջափակման անվան տակ տարբեր մեկնաբանություններով, Ալմա-Աթայի հռչակագիր կլինի, այդ ամեն ինչը 44-օրյա պատերազմի արդյունքները ամրագրելուն ուղղված Արդբեջանի կողմից առաջադրված սկզբունքներ են, որոնց որ Հայաստանի Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը: Այսինքն, ռազմավարական պարտությունը Հայաստանն այստեղ արձանագրել է, և հիմա, ընթանում են ինչ-որ իմիտացիոն գործընթացներ: Ադրբեջանը փորձում է երկարացնել և Արևմուտքի աչքին կառուցողական երևալու համար սկզբունքներ է առաջ քաշում։ Օրինակ Ալիևի առաջ քաշած սկզբունքներից մեկի մասին՝ սկզբունքներ նախաստորագրելու օրակարգ է առաջ քաշում, բայց միևնույն ժամանակ երևում է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելուց ձեռնպահ են մնում և առաջ են քաշում նոր նախապայմաններ: Այսինքն, իրենք փորձում են ինչ-որ նախապայմաններ ու սկզբունքներ ամրագրել տան, որ հետո ցանկացած եկող ՀՀ իշխանությունների համար վերադարձի, հայանպաստ ինչ-որ դիրքորոշումներ առաջ տանելու հնարավորություններ չմնան»,- եզրափակեց Սողոմոնյանը:
Կարծիքներ