Ինչո՞ւ ոչ օրենքով

Ինչո՞ւ ոչ օրենքով

Ախ, այդ չարաբաստիկ պարգեւավճարները։ Թեմա, որ մեկ տարուց ավելի է՝ չի իջնում օրակարգից։ Ստացողներն արդարացնում են, չստացողները՝ դատապարտում։ Իսկ վարչապետը, որն այս ավանդույթը հիմնեց, շարունակում է պնդել, թե ճիշտ է անում, կոռուպցիայի մեջ չթաղվելու, լիարժեք աշխատելու համար մարդիկ պետք է լավ վարձատրվեն։

Ընդդիմախոսները բազմաթիվ առարկություններ են բերում։ Օրինակ՝ այն, որ չի կարող նախարարի եւ նախարարության շարքային աշխատողի վարձատրության միջեւ տարբերությունը լինել անմարդկային, ասենք՝ 20 անգամ։ Չի կարող հարկ վճարող ՀՀ քաղաքացին ստանալ գրոշներ, իսկ նախարար-փոխնախարարները՝ ամսական 2 միլիոն դրամի կարգի գումար։ Եվ վերջապես՝ Ագորայի սկզբունքով կառավարելու խոստումներ տվող իշխանությունը, որը չի դադարում կրկնել, որ 2018 թվականին ժողովուրդն է եկել իշխանության, չի կարող անմասն լինել այդ գործընթացից։ Ավելին՝ պարգեւավճարները շնորհվեն ծածուկ՝ կառավարության կուլիսներում, եւ բացահայտվեն միայն պատահաբար։ Սակայն այս ամենի մեջ մի ավելի չարագուշակ բան կա․ ինչո՞ւ չի փորձում Փաշինյանը վարձատրությունների այս համակարգն օրինականացնել։

Որ ոչ թե պարգեւավճարների կամայական ու անօրինական համակարգ աշխատի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով նախատեսված դրույքաչափերը փոխվեն, օրենքում համապատասխան փոփոխություններ կատարվեն, այդ փոփոխություններն իրականացվեն Ազգային ժողովի կողմից, ապա մտնեն օրինական ուժի մեջ, եւ քննադատողներն էլ իմանան, որ սա արվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

Պատճառն այն է, որ այդ պարագայում բոլորը՝ վերից վար, պետք է օրենքով սահմանված չափով վարձատրվեն։ Եվ դրա չափն այլեւս կախված չի լինելու ո՛չ վարչապետի, ո՛չ քաղաքապետի, ո՛չ էլ որեւէ նախարարի կամքից։