Աբելյանի թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 5 հոգի

Աբելյանի թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 5 հոգի

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է մրցույթ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, որին հայտ է ներկայացրել նաեւ թատրոնի տնօրենի ԺՊ Լուսինե Սահակյանը։ «Թատրոնից այլ թեկնածու չկա, եւ այս անգամ թատրոնը միասնական է հանդես գալիս»,- ասում է Սահակյանն ու հավելում, որ դրսից կան եւս 4 դիմորդներ․ մեկը՝ Երեւանից, մյուսները՝ Վանաձորից, թե ովքեր են, չմանրամասնեց։ Մրցակցությունը մեծ է լինելու, բայց տնօրենի ԺՊ-ն չի վախենում դրանից․ «Չեմ ուզում որեւէ մրցակցի թերագնահատել, բոլորին կմաղթեմ հաջողություն»։

Լ․ Սահակյանը կարեւոր է համարում թատրոնում մշակութային ռազմավարության տրամաբանությունը զարգացնելը։ «Լիիրավ մասնակցություն միջազգային մշակութային բոլոր նախագծերին, որտեղ կկարողանանք ներկայանալ՝ հայի ինքնությունը պատշաճ ներկայացնելով, այսինքն՝ ներգրավվածության ակտիվացում։ Այդ առումով ունենք շատ լավ փորձ, նախորդ տարի մասնակցել ենք Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացած «Աբիշ Ալեմի» միջազգային փառատոնին, որտեղ փորձագետներից մեկը, մատնանշելով մեզ, ադրբեջանցի հյուրին ասել էր՝ ահա թե ինչպես է պետք ներկայանալ փառատոնին։ Սա, որպես գնահատական, շատ կարեւոր է, եւ բոլորս պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենանք միջմշակութային կապերին։ Կարեւոր է այդ համատեքստում նաեւ ճիշտ աշխատել, քանի որ համացանցն ամեն ինչ եւ բոլորիս մոտեցրել է իրար»,- ասում է Սահակյանը, ով նախատեսում է զբոսաշրջային ոլորտի պատասխանատուների հետ համագործակցությունն ակտիվացնել։ «Չեմ ուզում, որպեսզի Վանաձորը շրջանցվի, եւ Վանաձորով գան ու գնան Լոռվա ձոր։ Թատրոնն ինքն իրենով կարող է ներկայանալի լինել զբոսաշրջիկների համար»,- ասում է նա ու նշում, որ թատրոնը զբոսաշրջային երթուղիների մեջ նույնպես կներառվի։

«Ինձ համար շատ կարեւոր է ուժեղացնել նաեւ թատրոնի փիար բլոկը, որպեսզի մեր մարքեթինգային քաղաքականությունը լինի առողջ գործընկերային հարաբերություններով»,- ասում է նա ու նշում, որ այս տարի նախատեսում են ունենալ նաեւ հրավիրյալ ռեժիսորներ, մարտի 15-ից հետո թատրոնը կունենա նոր մանկական ներկայացում, որի ռեժիսորն Արմեն Բարսեղյանն է՝ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից։ «Շատ կարեւոր է, որ դերասանն աշխատի բազմաթիվ ռեժիսորների հետ եւ բացվի տարբեր ձեռագրերով, որպեսզի կարողանա հասկանալ նաեւ իր ներուժը»։  

Վանաձորի թատրոնը շուտով կվերանորոգվի, թե երբ՝ հայտնի չէ, բայց դա լինելու է հիմնանորոգում։ «Նախագիծն արդեն կա, հաստատված է, անցել է փորձաքննություն, մնում է անհրաժեշտ գումարը հատկացվի, եւ անցնենք վերանորոգման»,- ասում է Սահակյանն ու նշում՝ եթե կարողանան մասնավորին էլ ներգրավել,  միայն ողջունելի կլինի։ Իսկ, ընդհանուր առմամբ, թատրոնի հիմնանորոգման համար կպահանջվի մոտավորապես 374 մլն դրամ։

Թատրոնն աշխատում է նաեւ խաղացանկը թարմացնելու՝ ավելի հետաքրքիր եւ պահանջված դարձնելու ուղղությամբ․ «Ընդհանուր առմամբ, որդեգրել ենք թատերական ժամանակակից մոտեցումների ամբողջական համակարգ, հենց այդ տրամաբանության մեջ էլ պետք է աշխատենք՝ կարեւորելով համագործակցությունն ինչպես ոլորտային, այնպես էլ կրթական կառույցների եւ շահագրգիռ կողմերի հետ։ Մենք մատչելի եւ հետաքրքիր պետք է դարձնենք մշակութային կրթական միջավայրը։ Իսկ խաղացանկում կա ե՛ւ ժամանակակից, ե՛ւ դասական դրամատուրգիա»։

Ամենավաճառվող եւ հանդիսատեսի կողմից պահանջված ներկայացումները խիստ տարբեր են․ «Օրինակ՝ «Լիր արքան» նայել են ու հիմա էլ նայում են, «Աշնան արեւը» խաղացանկից դուրս չի գալիս, որովհետեւ կենսունակ ներկայացում է, «Ռուզան» դրաման՝ նույնպես։ Ընդհանուր առմամբ, շատ տարբեր է հասարակության պահանջարկը, մենք պետք է կարողանանք որակյալ առաջարկներ ներկայացնել հանրությանը, հենց այստեղ է կարեւոր կրթական բաղադրիչը, որպեսզի վաղն ունենանք մշակութապես զարգացած հասարակություն»։