Նժդեհի արձաններ պետք է շատ դրվեն․ Շարմազանով

Նժդեհի արձաններ պետք է շատ դրվեն․ Շարմազանով

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում չի դադարում ռազմաքաղաքական գործիչ, փիլիսոփա Գարեգին Նժդեհի արձանի շուրջ աղմուկը։

Ադրբեջանական դրդմամբ ռուսական կողմի ինչ-որ շրջանակներ կոչ են անում արձանն ապամոնտաժել։ Արձանը տեղադրվել է անցյալ տարվա սեպտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմի նախորդ օրը։

Նույնիսկ հարցը հասել է նրան, որ ռուսական կողմն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջոցով է փորձել մարտունեցիներին համոզել արձանը տեղափոխել ինչ-որ ժամանակով կամ ապամոնտաժել։

Երեկ Բալասանյանը «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում իրականությունից հեռու է որակել այն լուրերը, թե իբր ինքն առաջարկել է ապամոնտաժել Նժդեհի արձանը։ «Մենք չենք որոշողը, թե որտեղ պետք է լինի Նժդեհի արձանը: Այսինքն՝ քանդակագործն իր աշխատանքը կկատարի, և մարտունեցիներն իրենք կորոշեն՝ տեղում թողնել, թե թանգարան տեղափոխել: Սա տեղի բնակչության խնդիրն է», - նշել է Արցախի ԱԽ քարտուղարը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման օրոք՝ 2016 թվականի մայիսի 25-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղադրվել, իսկ մայիսի 28-ին տեղի էր ունեցել Գարեգին Նժդեհի հուշարձանի բացումը։ Նժդեհի այս արձանի տեղադրումը նույնպես որոշակի դժգոհություն էր առաջացրել ռուսական պաշտոնական շրջանակների մոտ, սակայն կարճ ժամանակ անց համակերպվել էին այս իրողության հետ՝ արձանի տեղադրումը գնահատելով որպես «Հայաստանի ներքին գործ»։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, կուսակցության խոսնակ, հունահայ գործիչ Էդուարդ Շարմազանովի հետ։

- Պարո՛ն Շարմազանով, Արցախի Մարտունի քաղաքում տեղադրվեց Նժդեհի արձանը, բայց ռուսական կողմից գեներալներ, մարդիկ կան, որոնք դժգոհ են, ուզում են հանել։ Ինչ-որ նմանություններ տեսնո՞ւմ եք այն շրջանի հետ, երբ որ ձեր կողմից արձան տեղադրվեց։ 

- Գարեգին Նժդեհը հայ ազգի հերոսն է նույնքան, որքան Ալեքսանդր Սուվորովը կամ Ալեքսանդր Նևսկին ռուս ազգի համար։ Ի՞նչն է խնդիրը։ Այն ժամանակ երբ որ եղավ, ես առաջինն եմ իմ կարծիքը շատ հստակ նշել, որ Նժդեհը մեր ազգային հերոսն է, մեր գաղափարախոսն է, մեր նվիրյալն է։ Եվ որևէ մեկն իրավունք չունի հայությանն ասել՝ Նժդեհի արձան դնի, թե չդնի։ Նժդեհի արձաններ պետք է շատ դրվեն, Նժդեհի գաղափարական ժառանգությունը պետք է շատ տարածվի մեր մատաղ սերնդի շրջանում, որպեսզի նաև մատաղ սերունդը հասկանա, որ նժդեհների և հենց Նժդեհի շնորհիվ է, որ 1919-21 թվականներին Սյունիքը մնաց հայ ժողովրդին։ Այն ժամանակ մեր ռուս գործընկերները, դաշնակիցներին տեղ հասան մեր քննադատությունները, մեր բացատրությունները։ Եվ եթե հիշում եք, նույնիսկ «Զվեզդա» հեռուստաընկերությունը [Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո է գործում] պաշտոնապես ներողություն խնդրեց իր ռեպորտաժի համար։ Իսկ տիկին Մարիա Զախարովան էլ հետագայում Երևանում նշեց, որ հայ ժողովրդի, Հայաստանի ներքին գործն է՝ ում արձանը կտեղադրեն։ Բայց քանի որ մենք հիմա ունենք ոչ թե իշխանություն, այլ՝ սրա-նրա քաղաքական կամքը կատարող հակապետական ու հակազգային ներկայացուցիչներ, բնականաբար Ալիևն էլ է խոսում Նժդեհից, ով ասես խոսում է, նրանք էլ չեն կարողանում հստակ պատասխան տալ։ Նժդեհը մեր ազգային հերոսն է և վե՛րջ։ Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ ռուսն է Նժդեհի դեմ, թուրքը, ադրբեջանցին, թաթարը, թե ամերիկացին։ Կրկնում եմ, Նժդեհը հայ ազգի համար նույն նշանակությունն ունի, ինչ Ալեքսանդր Նևսկին ռուս ազգի համար։

- Իսկ փորձե՞լ եք ռուսական կողմին թեկուզ դեսպանության միջոցով ասել, որ իրենց սխալ են տեղեկացնում Նժդեհի գործունեության մասին։

- Եղբա՛յր, Նժդեհի գործունեությունն արդարացնելու խնդիր չկա։ Նժդեհը հայ ազգի հերոսն է և վե՛րջ։ Այն ժամանակ մենք ոչ մեկին համոզելու խնդիր չենք ունեցել։ Մենք հստակ, գրավոր տեղեկատվություն ենք տվել, 2015 թիվն էր, կարծեմ, այն ժամանակ։ Մենք շատ նորմալ իրենց տեղեկացրել ենք, իրենց վարքագիծն էլ եղել է շատ ադեկվատ։ Դրանից հետո «Զվեզդա» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել, նյութերը կան։ Մարիա Զախարովան էլ, երբ որ եկավ Երևան, իրեն հարց ուղղեցին Նժդեհից, ասեց, որ հայ ժողովրդի որոշելու խնդիրն է, թե արձանը կդրվի։

- Պարո՛ն Շարմազանով, այս անգամ էլ, կարծես թե, ռուսական կողմը փորձել է Վիտալի Բալասանյանի միջոցով  մարտունեցիներին համոզել, որպեսզի թողնեն արձանն ապամոնտաժել։

- Դե քանի որ Արցախում հայկական իշխանություն չկա, այդպես պետք է լինի։ Ի՞նչ եք ուզում։ Արցախում այսօր հայկական իշխանություն գոյություն ունի՞։ Ես ասել եմ, Արցախի հարցի վերաբերյալ գեներալ Մուրադովն ավելի շատ իշխանություն ունի, քան Նիկոլն ու Արայիկը միասին վերցրած։ Ինչի՞ մասին է խոսքը։ Բոլոր նրանք, ովքեր փորձում են Նժդեհին ներկայացնել որպես հակառուսական գործիչ, նրանք անբարոյական են, անբարոյականություն են անում։ Գարեգին Նժդեհը (բացե՛ք «Հատընտիրը», էջ 478) ասում է, մեջբերում եմ. «... հայության միակ բնական զինակիցը ռուս մեծ
ժողովուրդն է»։ Վե՛րջ։ Եվ բոլոր նրանք, ովքեր բոլշևիկներին և ռուսներին նույնականացնում են, նրանք էլ են սխալ։ Այնքան վնաս, որքան բոլշևիկները տվել են ռուսական պետական, ազգային շահին, ոչ մեկին չեն տվել՝ ստորագրելով խայտառակ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ Սա որպես պատմաբան եմ ասում։ Պետք չէ նույնականացնել բոլշևիկը և ռուսը։ Եվ երկրորդը, Նժդեհին հակառուս ներկայացնողները ստվեր են գցում և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնեն։ Դա ադրբեջանաթուրքական խայծ է, որը կուլ են տվել Ռուսաստանում որոշ փորձագիտական շրջանակներ, որոնք, համոզված եմ, սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը։

- Ի վերջո, այս հարցին ինչպե՞ս վերջակետ դնել, որ չբարձրացվի։

- Ի՞նչ է նշանակում վերջակետ։ Մեր ժամանակ մենք վերջակետը դրել ենք։ Նման հարց առաջացել է, մենք եղել ենք ուժեղ իշխանություն, եղել ենք ազգային իշխանություն, և մեր իշխանության օրոք, կրկնում եմ, նրանք ովքեր Ռուսաստանում բարձրացրեցին այդ հարցը, մեկ ամիս հետո այդ հարցն օրակարգից դուրս եկավ։ Եվ այդ հարցն օրակարգ մտավ Ալիևի «պասով» արդեն Նիկոլի իշխանության օրոք։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն իր զորու չէ ինքնիշխանություն պաշտպանել, ի զորու չէ հայկական շահը ներկայացնել, հայ-ռուսական հարաբերությունների պատմություն չգիտի, նույնիսկ Նժդեհի պատմություն չգիտի․․․ Ասում է. «Նժդեհը կռվել է Սարդարապատում Բաղրամյանի հետ»։ Տեղյակ չէ, որ Նժդեհը Սարդարապատում չի կռվել, Ղարաքիլիսայում է կռվել։ Նժդեհը 1907 թվականին եկել է ու ազգային գործունեությամբ զբաղվել։ Մասնակցել է Բալկանյան պատերազմին, վիրավորվել է։ Ռուսական բանակից ունի Գեորգևյան խաչ, Առաջին աշխարհամարտում եղել է երկրորդ կամավորական վաշտի փոխհրամանատարը։ Ու այդպես շարունակ։ Ունեցել է ռուսական կրթություն, երբեք հակառուսական լոզունգներով հանդես չի եկել։ Նժդեհը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ որևէ խորհրդային զինվորի դեմ չի կռվել։ Նժդեհի նպատակն է եղել Գերմանիայում փրկել հայերին կոտորածից։ Եվ օգտագործել հայության ռեսուրսը ընդդեմ Թուրքիայի։ Բացե՛ք Նժդեհի նամակները. կա Նժդեհի նամակը Ստալինին, կա Նժդեհի նամակը Վորոշիլովին։ Բացե՛ք, կարդացե՛ք։ Նժդեհի մասին խոսում են մարդիկ, ովքեր Նժդեհի մասին ցիտատներով գիտեն ինչ-որ բաների վրա գրած։