Արշակունիների դամբարանը՝ ոնց որ որովայնը բացած ու անավարտ վիրահատության ենթարկված հիվանդ

Արշակունիների դամբարանը՝ ոնց որ որովայնը բացած ու անավարտ վիրահատության ենթարկված հիվանդ

Աղձք համայնքի տարածքում գտնվող Արշակունիների դամբարանի պեղումները շուրջ երկու տարի է՝ այսինքն՝ 2018թ․ հեղափոխությունից հետո  կանգած են։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին ահազանգեց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, որի բարձրաձայնումներով էլ ժամանակին սկսվել էր հնագիտական պեղումների երրորդ փուլը՝ 2017-ին։«Բյուջեով գումար կար նախատեսված, բայց չգիտես ինչ-ինչ պատճառներով չեն վերսկսվում․․․ինչ-որ մի չինովնիկի թեթև ձեռքով։ Աշխատանքների կանգնած  լինելը վտանգել է հուշարձանն էն առումով, որ կարող եմ համեմատել, որ ոնց որ հիվանդի վիրահատոթյունը կիսատ մնա․ որովայնը բացեն ու չավարտեն էդ օպերացիան։ Հիմա դամբարանի  վիճակը էդ կարգավիճակում է․ ամեն ինչ կիսատ, պահպանության համար ոչ մի բան չի նախատեսվում, ամեն ինչ,․․․ այ տենց բաց դրված շպրտած է»,-տեղեկացրեց Արագած Ախոյանը։

Մենք կապվեցինք հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանի հետ, որն ասաց, որ չի ցանկանում խոսել այդ մասին, որպեսզի չվնասի այն, ինչ նախատեսված է։ Այլ բան չցանկացավ ավելացնել։

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են աշխատանքները շուրջ երկու տարի կանգնած, հատկապես՝ երբ բյուջեից գումար հատկացված է, ասաց․«Անցած տարի, երբ մենք իրենց պետք է թերթիկ տայինք պեղումների, այսինքն, իրավունք՝ պեղումները շարունակելու, մինչ այդ, սակայն, պեղողները հաշվետվություններ են ներկայացնում միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովին, և հանձնաժողովի բոլոր անդամներն ընդունեցին Սիմոնյանի հաշվետվությունը, բայց գործակալության այն ժամանակվա պետն օգտվեց վետոյի իր իրավունքից և ասաց՝ ես չեմ ստորագրի բաց թերթիկը»։ Այսինքն՝ չի արտոնել շարունակել պեղումները։ Նարինե Խաչատուրյանի տեղեկացմամբ՝ «Եվ  դա այդպես մնաց, ցավոք սրտի։ Եվ գումարը, որ հատկացված էր, վերադարձավ բյուջե։ Այս տարի նորից միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստ ենք հրավիրել և տվել ենք թույլտվություն։ Այսինքն՝ իրենք այս տարի ունեն պեղելու թույլտվություն։ Եվ այդ գումարն էլ կա։ Այնպես որ, որևէ խնդիր չկա այս առումով։  Եվ ավելին՝ 21 թվականին կառավարության ծրագրով Աղձքը պետք է արգելոցի կարգավիճակ ստանա»։

Տիկին Խաչատուրյանը չցանկացավ մանրամասնել, թե Հակոբ Սիմոնյանի հաշվետվության դեմ ինչ է ունեցել հիշյալ  գործակալության պետը, միայն ասաց՝ նա  հիմա չկա, չգիտեմ՝ գուցե սուբյեկտիվ․․․ չգիտեմ։ ԿԳՄՍ փոխնախարարը չգիտի նաև, թե ինչու առ այս պահը բաց թերթիկ չի ստորագրվել, քանի որ ասաց, որ արշավախմբի ղեկավարը չի եկել թերթիկը տանելու։

Նշենք, որ դամբարանը առաջին անգամ պեղվել է 1970-ականների սկզբին, երկրորդ անգամ՝ 2001 թվականին, երբ հնագիտական այդ աշխատանքները հնարավոր էին դարձել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տրամադրած ֆինանսական հատկացումների շնորհիվ։ Հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանը ժամանակին հայտարարել էր, որ Արշակունիների դամբարանում ինչպես գիտական, այնպես էլ պատմական տեսանկյունից բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում հարթաքանդակներով աղյուսները, որոնք եզակի են ամբողջ Առաջավոր Ասիայում։ Դրանք արքայական իշխանության խորհրդանիշներ են պատկերում՝ թագակիր արծիվներ, առյուծներ, ցլեր, եղնիկներ, խոյեր, որոնք վաղ միջնադարյան հայ արվեստի բացառիկ նմուշներ են։
Հաջորդ փուլում նախատեսվում էր, մասնավորապես, ողջ տարածքը ուսումնասիրելու եւ արքայական աճյունները սպասարկող հոգեւոր կենտրոնի շինությունների տեսակը պարզելու հնարավորություն կտրվեր, ինչից հետո հնավայրը թանգարանի կվերածվեր։