Ամենամեծ նվերն Ադրբեջանին

Ամենամեծ նվերն Ադրբեջանին

Քաղաքագետների եւ քաղաքական գործիչների մի որոշակի շրջանակ առաջ է մղում Հայաստան-Արցախ միավորման, միասնական հայկական պետության հռչակման տեսլականը՝ վկայակոչելով 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը: Ամենասկզբից ասեմ, որ այդ ակտի ընդունման մասնակիցներից եմ եղել եւ, ինչպես երջանկահիշատակ Վարդգես Պետրոսյանը կասեր՝ դժվար է ինձ հայրենասիրության դասեր տալ: Բայց եկեք զգացմունքներից վեր կանգնենք եւ գնահատենք փաստը՝ այդ որոշմամբ միավորվել են ՀԽՍՀ-ը (շուրջ 30 000 քառակուսի կիլոմետր տարածքով) եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (4,4 հազար քառակուսի կիլոմետր տարածքով): Ընդ որում, վերջնականապես չի հստակեցված՝ ԼՂ-ն ՀԽՍՀ կազմում պահպանու՞մ է ինքնավարության կարգավիճակը, թե՞ ոչ, բայց դա երկրորդական է: Այդ որոշման տրամաբանությամբ Ադրբեջանի հետ խնդիրները կարգավորելու մի փորձ արվել է:

Դա այսպես կոչված «տարածքների» կամ «միջանցքների փոխանակման» տարբերակն է, որ եթե իրացվեր, ապա նախկին ԼՂԻՄ-ի տարածքը Լաչինի միջանցքով պետք է անցներ Հայաստանի իրավազորությանը, փոխարենն Ադրբեջանը կստանար «սուվերեն միջանցք»՝ կենդանի կապ հաստատելով Նախիջեւանի հետ: Ոմանք դա համարել եւ շարունակում են համարել «լավագույն լուծում»: Անձամբ ես հակառակ տեսակետն ունեմ, որ մամուլում հրապարակել եմ դեռեւս 2001թ.-ին՝ Հայաստանի տարածքի ոչ մի թիզը չի կարող դառնալ սակարկության առարկա:

Հիմա, ի՞նչ նպատակ է հետապնդում թեմայի գեներացումը: Եթե գաղափարի ապոլոգետները կարծում են, որ Հայաստանը, որպես պետություն, ռազմա-քաղաքական սուբյեկտ, ունակ է Արցախի միավորում հռչակագրել նրա  փաստացի սահմաններով եւ միջազգայնորեն «մարսել»՝ ապա նրանք կամ մե՜ծ երազողներ են, կամ՝ պոպուլիստ- մանիպուլյատորներ, որ խաղում են ժողովրդի զգացմունքների վրա: Խնդիրը, սակայն, բարդանում է նրանով, որ մի X պահի Ադրբեջանը կարող է առերեւույթ համաձայնություն տալ 1989 թ.դեկտեմբերի 1-ի որոշման միջազգայնացման նախագծին: Բացառված չէ, որ այդ տարբերակին աջակցեն նաեւ միջնորդ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան: Այդ դեպքում ի՞նչ կունենանք:

Վերստին օրակարգ կգա «տարածքների» կամ «միջանցքների» փոխանակության թեման, որովհետեւ Արցախի անկլավային գոյությունը պարզապես անպատկերացնելի է: Ավելին, անցած քսան տարիներին Ադրբեջանը մի մասով լուծման է մոտեցրել Նախիջեւանի հետ կապի հարցը, կառուցվել է Բաքու-Կարս երկաթուղի, նախագծվում է այն շարունակել եւ Իգդիրով հասցնել Նախիջեւան: Նախիջեւանի հետ ցամաքային կապ Ադրբեջանին տրամադրում է նաեւ Իրանը: Այսինքն, Ադրբեջանը նույնիսկ կարող է Մեղրիի միջանցքով հետաքրքրություն չցուցաբերել եւ դնել Լաչինով Հայաստան-Արցախ տրոնսպորտային միջանցքի վարձակալության պահանջ: Տալիս է ճանապարհ, որի դիմաց Հայաստանը պետք է տարեկան X գումար վճարի: Ի՞նչ ենք շահում այդ նախագիծը կյանքի կոչելով: Միայն մի բան՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքում Հայաստանի իրավազորությունը ճանաչվում է, 150 000 մարդ Հայաստանի ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ստանում: Այդպե՞ս: Իսկ եթե Ադրբեջանը պահանջ դնի, որ վերականգնվի 1989թ. դեկտեմբերի 1-ի ժողովրդագրական համամասնությու՞նը:

Չէ՞ որ ԼՂԻՄ-ի միավորումը ՀԽՍՀ-ին տեղի է ունեցել այն իրավիճակում, երբ ինքնավար մարզի բնակչության մեկ քառորդն ադրբեջանցի էր: Միասնական Հայաստանի ապոլոգետները պատկերացնու՞մ են Արցախի անկլավային վիճակ, 40 000 ադրբեջանցիների վերադարձ, այդ թվում եւ առաջին հերթին՝ Շուշի եւ մերձակա գյուղեր: Ավելի լավ նվեր Ադրբեջանին դժվար է պատկերացնել: Նրանք ասում են՝ Արցախի անկախությունը երբեք չի ճանաչվի, դա ֆիկցիա է, կեղծ օրակարգ: Նախ, նույն տրամաբանությամբ չի ճանաչվի նաեւ Հայաստան-Արցախ միասնական պետությունը: Երկրորդ, կարգավորման հայեցակարգը ենթադրում է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշում իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի միջոցով: Ինչու՞ չկենտրոնանալ այս օրակարգի վրա, այս տրամաբանությամբ առաջ չտանել բանակցությունները: Ի վերջո, Արցախի փաստացի տարածքը հնարավորինս պահպանելու միակ միջոցը նրա՝ որպես անկախ պետության հզորացումն ու միջազգային ճանաչումն է: