Մի փոքր գրագիտությունը չէր խանգարի

Մի փոքր գրագիտությունը չէր խանգարի

Տեղեկատվություն է հրապարակվել, որ նախօրեին Երեւանում հանդիպել են «Հայրենիք» եւ արցախյան «Արդարություն» կուսակցությունները, որին մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը, ԱՀ ԱԺ-ում Արցախի Արդարություն կուսակցության խմբակցության նախագահ Դավիթ Գալստյանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու քննարկումները, ըստ հարկի հանդես գալու համատեղ հայտարարություններով: Քաղաքական գործընթացի իմաստով, ինչպես ասում են՝ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. «Հայրենիքն» ընդդիմադիր է Հայաստանում, իսկ «Արդարությունն»՝ Արցախում:

Այդուհանդերձ, պաշտոնական հաղորդագրության մեջ աչքի է  զարնում մի շեշտադրում. «Հանդիպման հիմնական նպատակներից մեկը կրթական նոր չափորոշիչներ են, անտեսելով մասնագիտական քննարկումը եւ արժանացել են ոչ միայն մասնագետների, այլ նաեւ հանրության  խիստ քննադատությանը: Փաստորեն անտեսվել է կրթության ռազմավարության պետական ծրագիրը եւ վտանգված է ազգային ինքնությունն ու հայ առաքելական եկեղեցու նշանակությունը, որի վառ օրինակն արցախցին իր կյանքում զգաց նաեւ ազատամարտի տարիներին»: Կրթության եւ ազգային ինքնության մասին խոսելիս, կարծում ենք, առաջին հերթին պետք է հարգել գրական հայերենի չափանիշները: Մինչդեռ տեքստի հեղինակներն այնպես են ամեն ինչ իրար խառնել, որ չի հասկացվում՝ ազատամարտի տարիներին արցախցին ազգային ինքնության եւ եկեղեցու նշանակությու՞նն է իր կյանքում զգացել, թե՞ դրանց վտանգվածությունը: Հայտարարությունը կազմողները նաեւ պարտավոր էին իմանալ, որ ազգային եկեղեցու անվանումը գրվում է մեծատառով՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցի: Այնպես որ, մի փոքր գրագիտությունը չէր խանգարի, որպեսզի «քույր» կուսակցությունների համաձայնեցված տեսակետը հանրությանն ավելի հասկանալի լիներ: Գուցե դրանից նրանք կշահեին: