Դուք ուզում եք ստեղծել գրպանային ռեկտորների ինստիտուտ

Դուք ուզում եք ստեղծել գրպանային ռեկտորների ինստիտուտ

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի երեկվա նիստում մի քանի ժամ շարունակ քննարկվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, որից 5-ը կլինեն կառավարության լիազոր մարմնից, 4-ը՝ բուհի կողմից: Սա, ըստ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի, ոտնահարելու է բուհերի ինքնավարության սահմանադրական իրավունքը, ինչին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն արձագանքեց ամբիոնից՝ նշելով, որ բուհի ինքնավարությունը սկսվում եւ ավարտվում է բուհի առաքելությամբ։ Ինչ վերաբերում է խորհրդի անդամների թվին, թե ինչու հենց 9-ը, ապա, ըստ նախարարի, շատ բարդ է հստակ հիմնավորել․ «Ինչպես շատ բարդ է հիմնավորել՝ ինչու ԱԺ պատգամավորների թիվը պետք է լինի այսքան»։ Ավելին՝ ինքը կողմնակից է ոչ թե 9/4 հարաբերակցությանը, այլ՝ 9/0-ին, հենց այն պարզ հիմնավորմամբ, որ բուհի հիմնադիրը պետությունն է եւ պետք է կրի 100 տոկոս պատասխանատվություն բուհի գործունեության համար, իսկ պատասխանատվություն կրելու համար պետք է ունենա նաեւ համապատասխան իրավունքներ։ Այդ շրջանակներում բուհն ինքը կորոշի, թե 4-ից քանիսը լինեն դասախոս, քանիսը՝ ուսանող։

Նախարարն իր խոսքում նաեւ նկատեց, որ ինչպես մասնավոր բուհերն են մեր երկրում անբնական շատ, այնպես էլ պետական բուհերը․ «Մեր փոքրիկ հանրապետության համար այդքան բուհը ճոխություն է, եւ չեմ կարծում որ դա պարտադրված անհրաժեշտություն է»։

Այստեղ Անի Սամսոնյանը եւս մեկ անգամ դիմեց նախարարին՝ հետաքրքրվելով, թե ինչու է անբնական շատ համարում պետական բուհերի առկայությունը, ըստ այդմ՝ իր համար ո՞ր պետական բուհերն են այսօր ավելորդ, որ կարող են փակվել, եւ արդյոք սա՞ է իր տեսլականը՝ որպես նախարար։ Սամսոնյանը նաեւ նկատեց, որ բուհերի քաղաքականացված էջը չի կարող փակվել միայն նախագծում դրույթ սահմանելով, այն է՝ կառավարման խորհրդի անդամները չեն կարող լինել կուսակցական ղեկավար մարմինների անդամ․ «Քաղաքականցված էջը մենք կարող ենք փակել միայն այն ժամանակ, երբ սահմանենք այնպիսի մեխանիզմներ, որ քաղաքական որոշումներ կայացնողները չկարողանան ունենալ լիակատար ազդեցություն բուհական կառավարման խորհուրդներում։ Ռեկտորի ընտրության կապակցությամբ, այն մեխանիզմը, որ դուք առաջարկում եք, ըստ որի՝ լինելու է ընտրական ձեւով, այսինքն՝ կառավարման խորհուրդն ընտրելու է 3 հոգու, իսկ 3 հոգուց որեւէ մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը, դա խաբկանք է, որ լինելու է ընտրություն, որովհետեւ կառավարման խորհրդում լիազոր մարմինն ունի մեծամասնություն»։

ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանը, մասնավորապես հետաքրքրվեց ԳԱԱ-ի եւ նրա ինստիտուտների կարգավիճակով, նրանց ֆինանսավորման ձեւով, ինչին ի պատասխան՝ նախարար Դումանյանը նշեց, որ ինստիտուտները ստանալու են առավել ինքնուրույնություն՝ իրենց խորհուրդներով․ «Ի դեպ, խորհրդի կազմը 8 հոգանոց է, 4-ը ինստիտուտի գիտխորհուրդն է առաջադրում, մեկը՝ ակադեմիայի նախագահությունը, 3-ը՝ լիազոր մարմինը, այնպես որ, գիտական հիմնարկների հետ որեւէ խնդիր չկա։ Ֆինանսավորումը կատարվելու է ուղիղ ինստիտուտին, իսկ նախագահությունը, ըստ էության, մնում է, ուղղակի վարչարարության եւ ֆինանսավորման գործերին չի խառնվում»։   

Այստեղ Մ․ Մելքումյանը միջամտեց՝ նշելով, որ պետք է հասնենք նրան, որ գոնե հաջորդ տարվա բյուջեում, չնայած ներկա վիճակին, ֆինանսավորման հստակ ավելացում լինի՝ հստակ արդյունքի ակնկալիքով։

«Այս օրենքն ունի որոշակի խութեր, բայց այն չմեծացնենք ամենամեծ բացթողումով գիտությանը հատկացվող գումարը չֆիքսելով»,- իր խոսքում մասնավորապես նշեց Սոֆյա Հովսեփյանը՝ նույնպես կարեւորելով գիտության ֆինանսավորումը մինչեւ 4 տոկոս բարձրացնելու հանգամանքը։ Հովսեփյանը նշեց, որ բոլորը մատնանշում են բուհի ռեկտորի ընտրության կետը, բայց շատ կարեւոր է, որ պետությունը լինի պատասխանատու, միաժամանակ հարց հնչեցնելով, թե երբեւէ որեւէ մեկն այս 30 տարիների ընթացքում տեսե՞լ է, որ կրթական որեւէ ձախողման համար պետությունը պատասխանատվություն կրի։

«Երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի» ելույթներից ծաղկաքաղ արած հայտարարություններով իր ելույթը սկսեց Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով բուհերի ինքնավարության, ռեկտորների ընտրության կարգի մասին։ «Կառավարման խորհուրդը կազմված է լինելու 9 հոգուց, որոնցից 5-ին նշանակելու է կառավարությունը, հիմա Դուք, պարոն նախարար, ուզում եք, որ մենք հավատանք, որ Ձեր կողմից նշանակված կառավարման խորհրդի 5 անդամները լինելու են անաչա՞ռ եւ չե՞ն կատարելու քաղաքական պատվեր, կամ որ Դուք, լինելով քաղաքական մարմին, ռեկտորի այդ 3 թեկնածուներից մեկին ի՞նչ սկզբունքով եք ընտրելու։ Ես միանշանակ վստահ եմ, որ Դուք կատարելու եք քաղաքական ընտրություն,- ասաց Զոհրաբյանը՝ անդրադառնալով նաեւ հայագիտական առարկաների դասավանդման խնդրին,- դուք արեցիք ձեր ուզածը եւ հայագիտական առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում թողեցիք բուհի հայեցողությանը։ Սա հայագիտության դեմ ուղղված արշավ է, ես երբեւէ դեմ չէի լինի այս մոդելին, եթե հանրակրթական դպրոցներում հայոց լեզվի մակարդակը շատ դեպքերում ուղղակի չլիներ ողբերգական»։  

Ըստ Զոհրաբյանի, այս օրենքի նախագիծն իր մեջ քաղաքական հստակ մեսիջներ պարունակող օրինագիծ է, որը ջախջախում է ակադեմիական ազատությունները եւ դեմ է բուհերի ինքնավարության սկզբունքին․ «Դուք ուզում եք ստեղծել գրպանային ռեկտորների ինստիտուտ  եւ այսկերպ շարունակում եք նախկինների օրգանական գործելաոճը»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ իր խոսքում ռեպլիկով դիմեց նախարարին՝ հիշեցնելով նրան, որ ինքը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն է եւ ոչ թե ԵՊՀ պաշտպանը կառավարությունում։

«Երբ գրված է՝ ԵՊՀ-ն բացառիկ հաստատություն է, Ձեր հնչեցրած բոլոր մտքերը եւ հիմնավորման մեջ գրվածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա ակադեմիական ռասիզմի։ Սա ուղղակի անթույլատրելի է»,- ասաց պատգամավորը եւ նշեց, որ բոլոր պետական բուհերի համար պարտավոր են ապահովել նույն պայմանները: Գորգիսյանը հետաքրքրվեց, թե երբ նախարարն ասում է, որ ԵՊՀ-ն բացառիկ է, ապա ինչո՞վ է նրա մշակութային գործունեությունն ավելի բացառիկ, քան Թատերական ինստիտուտի կամ Կոնսերվատորիայի։ «Սա խտրականություն է, որը կոչում եմ ռասիզմ, եւ եթե Դուք այստեղ Ձեզ թույլ եք տալիս մոռանալ, որ Դուք նաեւ մյուս բոլոր բուհերի զարգացման պատասխանատուն եք, ապա, այո, ես պետք է հիշեցնեմ»,- ասաց պատգամավորը, ում Դումանյանը կոչ արեց հարգալից արտահայտչաձեւեր ընտրել։  Գ․ Գորգիսյանն էլ հաջորդաբար հույս հայտնեց, որ նախարարը հաջորդ անգամ դահլիճից այդքան չի բացակայի, քանի որ իրենց ելույթների մեծ մասը հենց իրեն էր ուղղված։

Այդուհանդերձ, Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ օրինագծում կան դրական կետեր՝ սկսած միջբուհական ազատությունից՝ կրեդիտային համակարգով աշխատելուց, մինչեւ ֆինանսավորման ձեւի փոփոխություն, ըստ որի՝ գումարը գնալու է ուսանողներին եւ ոչ թե բուհերին։ «Ստեղծում ենք մրցակցային պայմաններ, որ բուհերն իրար հետ մրցելով՝ բերեն ավելի լավ որակ եւ կրթական ծրագրեր, բայց այստեղ կարեւոր է, որ բոլորի համար այդ մրցակցային պայմանները լինեն հավասար, որովհետեւ հակառակ դեպքում ուսանողական հոսքերը կգնան մի տեղ,- նշեց նա ու հավելեց։- Եթե ինքնակառավարման համակարգում պետք է որոշիչ դեր ունենա կառավարությունը, ուրեմն գուցե չխաբենք մեզ ու հանրությանը՝ ասելով, որ բուհն ունենալու է ինքնակառավարում»։ Նա նաեւ հույս հայտնեց, որ առաջին ընթերցումից մինչեւ 2-րդ ընթերցում փոփոխություններ կկատարվեն օրենքի նախագծում։