Երեւանում չէի՞ք կարողանում հավաքվել` զրուցել
Բրյուսելում հայաստանյան ՀԿ-ները «Հայաստան-Եվրոպա» համաժողով են կազմակերպել, որին մասնակցում են Հայաստանում հայտնի սորոսական շրջանակները: Ֆորումն ուղիղ հեռարձակմամբ հրապարակվում է իշխանական civik.am կայքում եւ մի շարք այլ լրատվամիջոցներում:
Կազմակերպիչը Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության պլատֆորմ կոչվող միավորումն է` Հովսեփ Խուրշուդյանի գլխավորությամբ: Բացելով համաժողովը Խուրշուդյանը ինչ-որ այլ կազմակերպությունների անուններ էլ նշեց, բայց պարզ է, որ ոչ թե եվրոպական միջոցառում է, այլ զուտ հայկական` մի քանի եվրոպացիների մասնակցությամբ: Եւ կազմն էլ նույնն է, ինչ սովորաբար Հայաստանում է լինում. Լուսինե Հակոբյան, Հովսեփ Խուրշուդյան, Վազգեն Սարգսյանի եղբայր` Արամ Սարգսյան, Տիգրան Խզմալյան:
Մի նոր դեմք միայն հայտնաբերեցինք` Արտակ Սերգոյան: Ճիշտ է` նա ՀԿ ունի. «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է, սակայն հայ հասարակությանը ծանոթ է Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի թիմից: Նա Դոն Պիպոյի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, ում Ասատրյանը հեռացրել է իր թիմից` ինչ-որ խնդիրների պատճառով:
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Արամ Սարգսյանը մեկնել է Բրյուսել, նրա հետ մեկնել է նաև իրենց կուսակցությունից Անահիտ Ադամյանը: Թե ի՞նչ են քննարկելու համաժողովի ընթացքում «Հանրապետություն» կուսակցության անդամները, Անի Խաչատրյանն ասում է, որ այդ հարցին կպատասխանի միայն Արամ Սարգսյանը. «Ամսի 12-ին կվերադառնան ու կխոսեն մանրամասն, ես ոչինչ չգիտեմ», - նշում է Անի Խաչատրյանը:
Նկատենք, որ այս «սաստավով» հանգիստ կարող էին Հայաստանում հավաքվել, զրուցել, բայց որոշել են Բրյուսելում անել, որ համ Եւրոպան տեսնեն, համ տպավորություն ստեղծեն, թե Եվրոպայի հետ ինտեգրման բուռն գործընթաց է ընթանում եւ իրենք էլ եվրոպական վեկտորի կրողներն են:
Կարծիքներ