Ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է դիմորդը տարվա ընթացքում 2 անգամ քննություն հանձնի

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է դիմորդը տարվա ընթացքում 2 անգամ քննություն հանձնի

2023 թվականից դիմորդները հնարավորություն կունենան միասնական քննություն հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար եւ հունիս-հուլիս ամիսներին: 2023 թվականից միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին: Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի 2022 թվականի դեկտեմբերի 15-25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 15-ը): Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հունվարին սպասվող միասնական քննությանը մասնակցությունը կլինի ոչ թե պարտադիր, այլ՝ ըստ ցանկության․ «Նույն առարկան մեկ անգամ հունվարին կարող են հանձնել, մեկ անգամ էլ՝ հունիսին, բայց որի գնահատականը բարձր կլինի, մրցույթին կմասնակցի հենց այդ գնահատականը։ Ընդ որում հնարավոր է, որ դիմորդը պարզապես կտրվի, անբավարար ստանա, բայց մրցույթին կմասնակցի դրական գնահատականը»։

Միասնական քննությունների երկու փուլերի տարբերությունն այն է, որ հունվարին քննություն հանձնողները հայտագրում են միայն առարկան, ոչ թե մասնագիտությունը, այսինքն՝ մրցույթ, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ «Որովհետեւ այդ դեպքում հնարավոր է ստացվեր այնպես, որ որեւէ մասնագիտության տեղերը լրացվեին մինչեւ քննությունները։ Հունվարին կտան այս քննությունը, բայց եթե ուզեն, ամռանը մի անգամ էլ կհանձնեն, եթե գնահատականը բավարարում է իրենց՝ ամռանն այլեւս չեն տա,- ասում է Խ․ Գրիգորյանն ու նկատում, որ միասնական քննությունների երկու փուլերի տարբերությունը նաեւ գումարի չափն է։- Հունվարին իրականացվող առաջին փուլն ուսումնական տարվա վերջին իրականացվող միասնական քննությունից տարբերվում է նրանով, որ 1500 դրամի փոխարեն վճարելու են 4 հազար 500 դրամ, քանի որ այն ԳԹԿ-ն իրականացնում է իր միջոցներով. կառավարությունն այս գործընթացը չի ֆինանսավորում»:
Սա, ըստ ԳԹԿ խոսնակի, դիմորդին հնարավորություն է տալիս ծանոթանալու քննության կազմակերպման ձեւին, առհասարակ՝ քննական գործընթացին, իսկ բովանդակային մասով՝ որպեսզի դիմորդը մեկ անգամ եւս ստուգի իր գիտելիքները, թե ինչքանով է պարապածը՝ ինքնուրույն, թե կրկնուսույցի միջոցով, արդարացնում իրեն։ «Ծնողները եւս այս ձեւով կարող են իրենց երեխայի իմացությունը ստուգել, նույնը կարելի է ասել կրկնուսույցների մասին։ Այդ առումով բավական շահավետ տարբերակ է»։

Այս փոփոխությունն արդյո՞ք պայմանավորված է այն հանգամանքով, որ դիմորդների ընդունելության թիվը բուհերում տարեցտարի նվազում է, եւ պետությունն այս քայլով փորձում է դիմորդ չկորցնել, ավելին՝ ընդառաջ է գնում՝ տալով նաեւ սխալվելու հնարավորություն։ «Ամեն դեպքում, նման գաղափար չկա, բայց գուցեեւ նախարարությունից պարզաբանեն, թե ինչու եւ ինչ դրդապատճառով, որովհետեւ կառավարության որոշումով է սա արվում, իսկ կառավարության որոշումները մշակում են նախարարությունում։ Մենք կատարող ենք եւ նախարարությունից հանձնարարություն ստանալով՝ կազմակերպում ենք քննությունները։ Պետք է ասեմ, որ այս մտադրությունը նոր չէ, որ ծնվել է, պարզապես անցած տարի զգացինք, որ ժամկետների մեջ չենք տեղավորվելու, եւ ըստ այդմ՝ այդ որոշումը չընդունվեց, ու անցած տարի չարեցինք»։

Մինչ այս պահը դիմորդների, կրկնուսույցների, ծնողների կողմից նկատե՞լ են հետաքրքրվածություն, դիմորդներն ուրա՞խ են այս փոփոխության համար, թե՞ հակառակը՝  լարվածություն է առաջացել։ «Չեմ կարող ասել, քանի որ ինքս չեմ շփվել, բայց կարծում եմ, եթե այն լավ բան չէ, հաստատ վատն էլ չէ, որովհետեւ ոչնչի չի խանգարում։ Գուցե դիմորդներ լինեն, որ հունվարին 2 քննություն հանձնեն կամ գուցե մեկը հանձնեն՝ վստահ, որ բարձր են ստանալու, հետո ամռանը կենտրոնանան այն 2-րդի վրա ու պարապեն միայն այդ քննության համար։ Այսինքն՝ եթե հաստատ օգուտ չէ, ապա վնաս էլ չի տալիս, որեւէ լարվածություն, նաեւ բուհ չընդունվելու սպառնալիք չկա այս առումով, մեծ հաշվով՝ պետությունը մեկ անգամ սխալվելու հնարավորություն է տալիս դիմորդին»։