«Հրապարակի» զրուցակիցն է իսրայելցի ակտիվիստ, քաղաքական վերլուծաբան Յարոն Վեյսը: Նախօրեին իսրայելցի գերիների սպանության պատճառով Իսրայելում մասսայական ցույցեր մեկնարկեցին, մոտ 700 հազար մարդ դուրս էր եկել փողոց եւ Նեթանյահուի կառավարությունից պահանջում էր դադարեցնել պատերազմն ու գերիներին հետ բերել:
- Նման մեծաքանակ ցույցն ի՞նչ է նշանակում. ինչպե՞ս ստացվեց, որ գրեթե մշտական պատերազմական դրության մեջ ապրող հրեան պահանջում է պատերազմի դադարեցում, թե՞ սա ուղղակի դժգոհություն է Նեթանյահուի կառավարությունից:
- Մի քանի օր առաջ ահաբեկչական կազմակերպություն ՀԱՄԱՍ-ը, որին աջակցում է Իրանը, սպանեց Իսրայելի 6 քաղաքացու, որոնք առեւանգվել էին 11 ամիս առաջ եւ պահվում էին որպես գերի` անմարդկային պայմաններում: Ցույցերի հիմնական պատճառն այն է, որ շատ իսրայելցիներ չեն հավատում, որ Նեթանյահուն ամեն ջանք գործադրում է՝ գերիներին ազատ արձակելու համար: Պատճառը, որ շատերը չեն հավատում, թե Նեթանյահուն ջանքեր է գործադրում գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, այն է, որ իր կոալիցիայում ներառված մի քանի ծայրահեղական գործընկեր նրան հասկացրել են, որ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության գալը նշանակում է պատերազմի ավարտ, ինչի հետեւանքով իրենք պարզապես դուրս կմնան կառավարությունից, ինչն էլ կհանգեցնի Նեթանյահուի իշխանության կորստին:
- Նեթանյահուի կառավարությունը դատարանի միջոցով որոշել է փորձել կասեցնել արհմիությունների գործադուլները՝ հիմնավորելով, որ դրանք քաղաքական բնույթի են: Սա նշանակո՞ւմ է, որ Նեթանյահուն փորձելու է շարունակել պատերազմը:
- Արհմիությունների ղեկավարներից շատերը Նեթանյահուի աջակիցներն են: Բացի այդ, Նեթանյահուն նրանց մասով անհանգստություն չունի: Գործադուլը հայտարարվել էր միայն 1 օրով: Նպատակն էր՝ իրենց աջակցությունը հայտնել գերիների ընտանիքներին` մի կողմից, եւ մյուս կողմից` չկորցնելու հասարակական կարծիքի վրա ունեցած իրենց ազդեցությունը: Գործադուլի ավարտին ամեն ինչ իր նախկին տեղն է վերադառնալու:
- Եթե Նեթանյահուն չկանգնեցնի պատերազմը, կարո՞ղ է դա հանգեցնել խռովությունների կամ հեղափոխության, մեծացնել ցուցարարների թիվը փողոցում:
- Ուզում եմ հիշեցնել, որ մինչեւ 07․10․2023-ի պատերազմը, Իսրայելում մասսայական ցույցեր տեղի էին ունենում ամեն շաբաթ, սկսած այն պահից, երբ Նեթանյահուն վերընտրվեց ու հայտարարեց դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու իր մտադրության մասին: Նեթանյահուն ցույցերից չի վախենում: Միակ բանը, որից նա սարսափում է, այն է, որ իր կոալիցիայի գործընկերները, որոնք ծայրահեղ քայլերի կողմնակից են, դուրս կմնան կառավարությունից: Այդ դեպքում Նեթանյահուն բանտից խուսափելու իմունիտետ չի ունենա, եւ նրա՝ կոռուպցիայում ներգրավված լինելու գործերի քննություն կսկսվի:
- Իսկ ինչո՞ւ Իսրայելում սկսեցին պահանջել՝ ավարտել պատերազմը․ մարդիկ կարծում են, որ դա Նեթանյահուի շահերից է բխում, քան թե Իսրայելի՞:
- Ընդհանուր առմամբ, իսրայելցիները 2 տեսակետի են բաժանվել: Մեկի կողմնակիցները հետաքրքրված են պատերազմի շարունակմամբ, մինչեւ որ պաղեստինցիներն ամբողջությամբ կջախջախվեն, նույնիսկ եթե դա բերի իսրայելցիների ու պաղեստինցիների բազմաթիվ մահերի, եւ եթե նույնիսկ տնտեսությունը կոլապսի ենթարկվի: Երկրորդ տեսակետի կողմնակիցները պրագմատիկ մարդիկ են, ովքեր չեն ուզում շատ բարձր գին վճարել` մարդկային կյանքերի գնով եւ տնտեսության կոլապսով:
- «Իսրայել թայմս» լրատվամիջոցում Հայաստանի մասին հոդված է լույս տեսել, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես անտիսեմիտական տրամադրություններով աչքի ընկնող, իրականության դեմ պայքարի ելած ու հակաարեւմտյան երկիր:
- Վերջերս բազմաթիվ այդպիսի հոդվածներ են հրապարակվել իսրայելական լրատվամիջոցներում, որտեղ հայերին ու Հայաստանին նման մեղադրանքներ են վերագրվում: Իսրայելական լրատվամիջոցները մասնավոր սեփականություն են եւ ենթակա են բազմաթիվ շահագրգիռ կողմերի ազդեցության: Կարծում եմ, որ այդ զազրելի հոդվածների ալիքը բխում է Իսրայելում ադրբեջանական շատ ուժեղ լոբբիի եւ ծայրահեղ աջակողմյան տարրերի աջակցությունից, ովքեր ցանկանում են գրավել Արեւելյան Երուսաղեմի հայկական տարածքները։ Իսրայելի Ազգային անվտանգության շտաբը, որը պետական մարմին է, իսրայելցիներին նախազգուշացրել էր Իսրայելից դուրս վտանգների մասին: Նույն այդ մարմինը Հայաստանն անվանեց որպես տարածաշրջանում իսրայելցիների եւ հրեաների համար ամենաապահով երկիրը: Ազգային անվտանգության շտաբի տվյալներով՝ Հայաստանն ավելի ապահով է իսրայելցիների համար, քան Ադրբեջանը։ Շատ իսրայելցիներ հիշում են, որ Ադրբեջանի իշխանություններն առանց հիմնավորման բանտարկեցին Իսրայելի քաղաքացիներին եւ նույնիսկ բռնության ենթարկեցին նրանց։ Ամենահիշարժան դեպքը լրագրող եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի ապօրինի ազատազրկումն էր։ Կարծում եմ, որ ադրբեջանական լոբբին կշարունակի ջանքեր գործադրել՝ բոլոր տեսակի կայքերում զրպարտչական հոդվածներ հրապարակելու համար, որոնք ոչ ոք չի կարդում։ Բայց ես նաեւ կարծում եմ, որ իսրայելցիները հիմար չեն եւ գիտեն, թե ինչպես տարբերել ադրբեջանական կեղծ քարոզչությունը Հայաստանի դրական համբավից` Ազգային անվտանգության շտաբից ստացած մասնագիտական տեղեկատվության միջոցով։ Իսրայելի Ազգային անվտանգության շտաբը վերջերս հրապարակեց նախազգուշական քարտեզ՝ Հայաստանը (Կիպրոսի հետ միասին) կարելի է դիտարկել որպես կանաչ գույնով ներկված անվտանգ երկիր, մինչդեռ մյուս երկրները ներկված են կարմիրի երանգներով, ինչը նշանակում է, որ դրանք ավելի քիչ անվտանգ են իսրայելցիների համար: