Երեւանի փոխքաղաքապետն անցնո՞ւմ է Վերմիշյանի կաշառքի գործով

Երեւանի փոխքաղաքապետն անցնո՞ւմ է Վերմիշյանի կաշառքի գործով

Երեկ աղմկահարույց բացահայտում տեղի ունեցավ․ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանությունը ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ խուզարկություն էր իրականացրել:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2.5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Ըստ ԱԱԾ-ի՝ նա իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊԸ և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել այդ ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

Մենք տեղեկություններ ենք ստացել, որ այս գործով անցնում է նաեւ Երեւանի փոխքաղաքապետերից Հայկ Սարգսյանը, նույն այդ տեղեկություններով՝ հենց Սարգսյանն է վերահսկել շինարարական ոլորտը։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ փոխքաղաքապետից։ Ի պատասխան ասաց՝ ինքը նման տեղեկություն չունի, հավանական էլ չի համարում որեւէ փոխքաղաքապետի ներգրավվածությունն այդ գործին։

Հարցին՝ ինքը որեւէ առնչություն չունի՞, նշեց․ «Ոչ, եւ այսքանով ավարտենք դատարկ խոսակցությունը»։

Ազգային անվտանգության ծառայությունից էլ մեզ փոխանցեցին՝ գործի շրջանակում ոչինչ ասել չեն կարող։

Վահագն Վերմիշյանը ձերբակալված է․ կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը: 

Ճարտարապետ, 55-ամյա Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2019-ի մարտին, նա մինչ այդ Երևանի քաղաքապետի խորհրդականն է եղել, նախկինում էլ մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունում։