Վրեժի զգացման բավարարո՞ւմ

Վրեժի  զգացման  բավարարո՞ւմ

90-ականների սկզբին, երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, խորհրդային կայսրությունն էր կազմաքանդվում: Պատերազմի սկզբում ադրբեջանցիներն ավելի խելացի էին՝ նրանք օգտագործեցին կենտրոնական իշխանության նկատմամբ իրենց հավատարիմ լինելու հանգամանքն ընդդեմ Արցախի: Ծավալվեց «Օղակ» ռազմական գործողությունը, և բազմաթիվ բնակավայրեր հայաթափվեցին: Երբ մենք դիմացանք այդ փուլին ու Խորհրդային Միությունն էլ վերացավ, Ադրբեջանը զրկվեց Մոսկվայի օժանդակությունից: Սակայն մեր հաղթանակը պսակվեց ոչ թե թշնամու կապիտուլյացիայով, այլ ընդամենը զինադադարով: Այդքան գովերգված ՀՀ առաջին նախագահը չկարողացավ (թե՞ չուզեց) հաղթանակն ամրապնդել խաղաղության պայմանագրով: Այդ հարցը թողնենք հետագային, ընդամենը արձանագրենք փաստը. մենք չկարողացանք օգտվել աշխարհաքաղաքական փոփոխություններից: Իսկ այդ փոփոխությունների ընթացքում ձեռք բերվածն ավելի հեշտ է ամրագրել, քան եթե դա տեղի ունենա կայուն աշխարհակագում: Երկրորդ դեպքում դու պետք է ունենաս հզոր պետություն կամ գոնե այդպիսի դաշնակից: Ճիշտ այնպես, ինչպես այսօր Ադրբեջանն է Թուրքիայով:

30 տարի անց աշխարհում կրկին տեղի են ունենում փոփոխություններ: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ Իլհամը երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած՝ փորձում է ավարտին հասցնել, նախ, Արցախի զավթումը, և հնարավորության դեպքում՝ Հայաստանից պատառներ պոկելը: Էլ չասած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ի տարբերություն արդեն Իլհամի՝ ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը ոչ թե զբաղվում է մեր երկրի վրա կախված սպառնալիքները չեզոքացնելու խնդրով, այլ տարատեսակ հանդիսություններով, տեղական ընտրություններով ու իբրև թե խաղաղության, սակայն իրականում կապիտուլյացիոն պայմանագիր կնքելու գործընթացով: Արդեն դժվարանում եմ կողմնորոշվել՝ այդ անձն ազգությամբ հայ է, թե ոչ: Ի դեպ, նրանից ետ չի մնում կինը: Իբրև թե զոհված զինծառայողների հարազատներին ապրումակցելու այցելություններ անելով՝ ապահովում է սեփական անձի փիառը: Այս դեպքում կարող է խոսք գնալ արդեն ոչ թե ազգության, այլ սեփական ժողովրդի նկատմամբ վրեժի զգացումը կյանքի կոչելու մասին: Այո, 14 տարի առաջ նրա կրած հոգեկան ապրումների համար հասարակությունից վրեժի զգացման բավարարման մասին:

Ենթադրում եմ, որ վերջինիս՝ պատերազմում խայտառակ պարտություն կրած երկրի ղեկավարի կնոջը ոչ հարիր վարքագծի հիմքում ընկած են հենց 2008 թվականի սկզբի իրադարձությունների վերաբերյալ հուշերը: Սկզբում՝ ամուսնու հասարակական ակտիվության հետ կապված, այնուհետև՝ տեր-պետրոսյանական շարժման պարտության կապակցությամբ իրավապահներից թաքնվելու, իսկ վերջում՝ իրավապահներին հանձնվելուց և բանտարկվեուց հետո նրա անհանգստությունները: Իհարկե, բանտում մնալու ժամանակ ընդդիմությունը և հատկապես ընդդիմադիր լրագրողները միշտ հետարքրքրվել են Նիկոլի վիճակով: Եվ ինչպես լրագրողներից մեկը վերջերս պատմեց՝ անհրաժեշտության դեպքում դիմել են նաև քրեական աշխարհի հետ կապ ունեցող անձանցից մեկին՝ Նիկոլի բանտային պայմանները տանելի դարձնելու խնդրանքով: Բայց դա, ինչպես երևում է, ոչ մի նշանակություն չունի այդ զույգի և հատկապես Նիկոլի կնոջ համար: վերջինս շարունակում է պահել իրեն այնպես, կարծես թե պատերազմում խայտառակ պարտություն է կրել ոչ թե Հայաստանը, այլ մեր թշնամին: Նման եզրակացության կարելի էր գալ՝ դիտարկելով, օրինակ, ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը դիտելու նպատակով Նիկոլի կնոջ ստեղծած՝ մոմերի լույսով «ռոմանտիկ» մթնոլորտը: Մի խոսքով, բոլոր առումներով մենք ընկած են էն բանի մեջ: Ու դրանից դուրս գալու մեկ ելք կա ընդամենը՝ Նիկոլին բոլոր հնարավոր միջոցներով հեռացնել վարչապետի պաշտոնից: