Սեւրի մասին կամ՝ ի՞նչ է նշանակում «պատմա-քաղաքական իրավունք»

Սեւրի մասին կամ՝ ի՞նչ է նշանակում «պատմա-քաղաքական իրավունք»

Մամուլում շարունակում են քննարկել Սեւրի թեման: Այս անգամ՝ մի կտրվածքով, որ, ճիշտ է,  ոչ ոք սկուտեղի վրա մեզ չի մատուցելու հարյուրամյա վաղեմության պայմանագրով նշված տարածքները, բայց ճիշտ չէ նաեւ այն «թղթի կտոր» անվանել, քանի որ անանց է մի բան՝ մեծ տերությունները ճանաչել են հայության «պատմա-քաղաքական իրավունքը»: Եւ այսօրվա Հայաստանը պետք է օրակարգում ունենա որեւէ հարմար պահի այն «կապիտալիզացնելու առաջնահերթությունը»:

Որպեսզի հնարավոր լինի կողմնորոշվել, հարկ է փորձել հասկանալ, թե ի՞նչ է նշանակում «պատմա-քաղաքական իրավունք» ասվածը: Միջազգային իրավունքը գիտի երեք սկզբունք՝  տարածքային ամբողջականություն, ժողովուրդների հավասարություն եւ ինքնորոշում,  ուժի կամ դրա սպառնալիքի բացառում: Բոլոր ուսումնասիրողները միաձայն ընդունում են,որ Սեւրի պայմանագրի հիմքը Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնությունն էր, որով տերությունները պայմանավորվել էին Օսմանյան կայսրության տարածքների բաժանման հարցում: Ընդ որում, նման պայմանավորվածության նրանք եկել են, երբ Արեւմտյան Հայաստանում հայեր այլեւս չկային: Կամ՝ գրեթե չկային: Այսինքն, Մեծ Հայաստան ստեղծելու աշխարհաքաղաքական ծրագիր, որն ամրապնդված կլիներ ռազմական ներկայությամբ, ի սկզբանե ոչ ոք չի ունեցել: Այլապես տերությունները թույլ չէին տա, որ արեւմտահայությունը ցեղասպանվի: Աքսիոմա է, որ պետություն ստեղծվում է այն տարածքներում, որտեղ կա ժողովուրդ: Թուրքիան այդ հարցը լուծել էր՝ չկար ժողովուրդ: Թուրքիան նաեւ երկրորդ, ոչ պակաս կարեւոր հարցն էր կարգավորել՝ պատերազմում պարտվելուց հետո ձեւավորել էր դիմադրական շարժում: Զինված:

Մուստաֆա Քեմալն օսմանյան զինված ուժերի գեներալ էր, եւ օսմանյան կառավարությունը ցանկության դեպքում կարող էր արգելափակել նրան: Տեղի է ունեցել ճիշտ հակառակը: Եթե, դիցուք, սուլթանական կառավարությունը համակերպվել է Սիրիայի կամ Լիբանանի, կամ եվրոպական տարածքների մեծ մասի կորստի հետ, ապա Անատոլիայի (Արեւմտյան Հայաստանի) պարագայում մնացել է անզիջում: Այս իմաստով է, որ Սեւրի պայմանագիրն ընդամենը թղթի կտոր է: Մեկնաբաններից մեկը միտք էր զարգացրել, որ եթե այդպես է, ապա ինչու՞ ոմանք հավատ են ընծայում ԼՂ հարցով պայմանագրային կարգավորմանը: Չէ՞ որ դա էլ կլինի «թուղթ»: Ակնհայտ վրիպում: Որովհետեւ, նախ ԼՂ դեպքում Հայաստանը եւ Արցախը պայմանավորվող կողմ են (Սեւրում Ահարոնյանի միայն ստորագրել է տերությունների կազմած թուղթը, բուն բանակցություններին Հայաստանը չի մասնակցել), երկրորդ, ի տարբերություն Արեւմտյան Հայաստանի՝ Արցախում ժողովուրդը կա, ապրում է, ստեղծել է պետական կառավարման համակարգ եւ փաստացի ինտեգրվել Հայաստանին, երրորդ՝ առկա է  անվտանգության ազգային գործիքակազմ: 1920թ. օգոստոսի դրությամբ Հայասանը փաստացի չէր վերահսկում նույնիսկ Կարսի մարզը, Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը, որտեղից հայկական ուժերը հեռացել էին բոլշեւիկյան 11-րդ բանակի պահանջով: Փաստացի Հայաստանը վերահսկում էր այնքան տարածք, որքան ունի այսօր: Խոսքը միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին է:

Ըստ էության, Սեւրի պայմանագիրը Հայաստանի մասով ոչ այլ ինչ է, քան՝ «միլլի շարժման» դեմ պատերազմի «իրավական հիմք»: Եթե պարզ ասենք, իմաստն այս է. «Մենք ընդունում ենք, որ հայերը կարող են այդքան տարածքով պետություն ունենալ,մնացածը նրանց գործն է»: Կամ՝ «տվել ենք, գնացեք եւ տիրություն արեք»: Ինչպե՞ս: Իհարկե՝ պատերազմով, որովհետեւ այդ տարածքները վերահսկում էին քեմալական ուժերը: Սա՞ է 1920թ. սեպտեմբերի 26-ին սկսված հայ-թուրքական պատերազմի առիթ, թե՞ քեմալա-բոլշեւիկյան համաձայնությունը՝ կարելի է բանավիճել: Չոր արդյունքում Սեւրի ամենագլխավոր դասն այն է, որ արտաքին ոչ  մի ուժ, որքան էլ հարաբերությունները բարեկամական լինեն, որեւէ ժողովրդի համար պետություն եւ սահմաններ չի ստեղծում եւ նրան չի նվիրում: Հայաստանը Սեւրից ի՞նչ պիտի փորձի կապիտալիզացնել: Որ Թուրքիայի դեմ  հայրենիքի իրավունք ունե՞նք: Պատմա-փորձագիտական դիսկուրսի մակարդակով փոխըմբռնում հնարավոր է: Բայց գործնականում դարձյալ կասեն. «Մենք դեմ չենք, գնացեք եւ ունեցեք»: Իսկ անվտանգային այն համակարգը, որին մաս է կազմում Հայաստանը, նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը երաշխավորում է 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրի գծված սահմաններում: Հիմա Սեւրը ուժի՞ մեջ է, թե՞ միայն պատմական թուղթ: