Ծառուկյանը մեղմացրել է քննադատությունը եւ վերադարձել «կառուցողական» դաշտ

Ծառուկյանը մեղմացրել է քննադատությունը եւ վերադարձել «կառուցողական» դաշտ

Մի քանի օր համացանցը, ի թիվ այլ քննարկումների, բզկտում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով օրերս հանդիպեց Նիկոլ Փաշինյանին, որից հետո վերջինս ֆեյբուքյան գրառմամբ հայտնեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20-ին: Օգտատերերից ոմանք Ծառուկյանին հիշեցնում էին՝ ինքն իր վրա դրած տղայական հայհոյանքը. «Անբարոյականի տղա լինեմ, թե՝ հետ կանգնեմ»:

Հիշեցնենք, որ այդ խոսքը ասել էր անցած հունիսին, երբ պահանջում էր փոխել ողջ կառավարության կազմը եւ հաշվետվություն էր պահանջում վիրուսի դեմ պայքարին ուղղված ֆինանսական ծախսերի մասին: Իսկ դրան հաջորդել էր ԱԱԾ-ի գրոհը Ծառուկյանի ու նրա թիմակիցների նկատմամբ: Հասարակությունը մտավախություն ունի, որ Ծառուկյանը վճռորոշ պահին լքում է ընդդիմության դիրքերը եւ սահուն անցնում իշխանության հետ «կառուցողական» դաշտ: Այսպիսի իրավիճակ էր նաեւ 2015 -ին: Իսկ 2018-ին Ծառուկյանը միացավ համաժողովրդական շարժմանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին զուգահեռ:

Շարժմանը նա բացահայտ միացավ այն ժամանակ, երբ համոզվեց, որ երկրում իշխանություն է փոխվում: Հետո հավաստիացրեց, որ ի սկզբանե է եղել շարժման մեջ. անգամ ջուր է հասցրել ցուցարարաներին: Մինչեւ վերջերս Ծառուկյանն ու իր թիմակիցներն ամենասուր քննադատությամբ էին խոսում Փաշինյանի ու նրա կառավարության մասին: Իսկ երբ Գեւորգ Պետրոսյանը լքեց կուսակցությունը, սկսեցին խոսակցություններ շրջանառվել Նաիրա Զոհրաբյանի եւ Միքայել Մելքումյանի հնարավոր դուրս գալու մասին, ենթադրությունները շատացան, որ ԲՀԿ-ի հետ ինչ-որ բան այն չէ եւ շշուկներ տարածվեցին, որ Ծառուկյանը կուլիսային պայմանավորվածությունների մեջ է Փաշինյանի հետ, դրա համար էլ անձամբ չի մասնակցում Հայրենիքի փրկության շտաբի հանրահավաքներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինքը՝ Ծառուկյանը, այդ խոսակցությունները համարեց կոնկրետ մարդկանց կողմից իր դեմ սարքված կեղծ լուրեր: 

Օրերս Փաշինանն ու Ծառուկյանը հանդիպեցին եւ որոշվեց ԱԺ արահերթ ընտրությունների օրը: Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումն, իհարկե, ոչ պաշտոնական հայտարարություն էր: ԱԺ ընտրությունների մասին կարող է հայտարարել միայն երկրի նախագահը: Իսկ Փաշինյանի նման ղեկավարը կարող է վաղը փոխել մտադրությունը՝ անհարմար դրության մեջ դնելով Ծառուկյանին, բայց հաշվի առնելով մեր երկրում տիրող խառնաշփոթն ու հակասահմանադրական իրողությունները, առայժմ ուժի մեջ է այս տարբերակը: Հայրենիքի փրկության շարժումն, ըստ էության, հրաժարվեց նախկին պայքարի մարտավարությունից եւ համաձայնեց ընտրությունների տարբերակին։

Հայաստանյան հասարակությունը հերթական հիասթափությունն ապրեց քաղաքական դաշտի ընդդիմությունից: Թե ինչ չափով կկեղծվեն փաշինյանական իշխանության կազմակերպած ընտրությունները, կարող ենք ենթադրել՝ հիշելով 44 օրյա պատերազմի կեղծված լրատվությունը, զոհերի, անհայտ կորածների ու ռազմագերիների թվի գաղտնի պահելը, Փաշինյանի մանիպուլյացիաները, վարչական լծակներով Եռաբլուրն ասպատակելը, ֆեյքերով հասարակության տրամադրություններն ապահովելը: Փաշինյանն ամեն ինչ կանի վերարտադրվելու համար, քանի որ սա իր համար կենաց ու մահու պայքար է՝ բառիս բուն իմաստով, ինչին նպաստում է հատկապես խորհրդարանական ընդդիմությունը: 

Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանը բավականին մեղմացրել էր իր քննադատական խոսքը կառավարության հասցեին, խոսում էր հիմնականում սոցիալական խնդիրներից, տնտեսության բարդ իրավիշակից, ներդրումների պակասից: Կարծես թե Փաշինյանի կառավարության գործունեության ամենավատ հետեւանքները դրանք են: Ոչ մի խոսք տանուլ տված պատերազմի, դավաճանության մասին կասկածների, Շուշին, Հադրութը, Քարվաճառն անհասկանալի ձեով թշնամուն տալու, զոհերի, անհայտ կորածների ու գերեվարվածների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի, ՀՀ սահմանների անտեր վիճակի մասին: 

Ինչու՞ է Ծառուկյանը հեշտացնում Փաշինյանի գործը՝ հեռանալով արմատական պահանջներից, լեգիտիմացնելով երկիրը պարտության տարած ղեկավարի կառավարությունը եւ կազմակերպելիք ընտրությունները: Միգուցե հասկացել է, որ վերջինիս հրաժարական պարտադրելու ոչ մի տարբերակ չի աշխատելու եւ միակ ճանապարհը առաջիկա ԱԺ-ում տեղեր զբաղեցնե՞լն է․․․Մանավանդ ԶՈՒ ԳՇ-ի շուրջ իրադարձություններից հետո։ Հասկացավ, որ մյուս խնդիրները պետք է թողնել հաջորդ փուլում լուծման։