Սա Հայաստանն ու հայկական մշակույթը ցույց տալու, ինչպես նաև բարեգործություն անելու ծրագիր է

Սա Հայաստանն ու հայկական մշակույթը ցույց տալու, ինչպես նաև բարեգործություն անելու ծրագիր է

Երևանում կանանց միջազգային ասոցիացիան (IWAY) դեկտեմբերի 1-ին կազմակերպում է իր 11-րդ ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Ավանդաբար այս միջոցառմանը մասնակցում են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դիվանագետների կանայք, հասարակական գործիչներ, սփյուռքահայ մեր հայրենակիցները, գործարարներ, տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ: Միջոցառումը կրում է «Կանաչ Հայաստան. գիտակից կյանք» կարգախոսը՝ արժևորելով կայուն զարգացումն ու առողջ կենսակերպը: Բարեգործական տոնավաճառն այս անգամ կանցկացվի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ Ամիրյան 1 հասցեում: 

Բարեգործական նախաձեռնության արդյունքում հավաքագրված միջոցները կուղղվեն Հայաստանի մարզերում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը: Դրանց հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ կամ հեռավոր գյուղերում ապրող կանանց, երեխաների և ընտանիքների արժանապատիվ կյանքի ապահովմանը՝ բարելավելով սոցիալական ենթակառուցվածքները: 

«Իր գոյության 12 տարիների ընթացքում ամանորյա հաջողված տոնավաճառների շնորհիվ Երևանում կանանց միջազգային ասոցիացիան (IWAY) իրականացրել է ավելի քան 30 ծրագիր հատկապես սահմանամերձ ու հեռավոր բնակավայրերում ապրող կանանց ու երեխաների համար: Մենք այսօր կոչ ենք անում հովանավորներին ու գործընկերներին միանալ մեզ և մեզ հետ կիսել արդեն բարի ավանդույթ դարձած այս նախաձեռնությանը մասնակցելու ուրախությունը»,- ասում է կազմակերպության նախագահ Վիկտորյա Ղասաբյանը:

Ղասաբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է. «12 տարի է, ինչ նման տոնավաճառ ենք կազմակերպում, քովիդի տարին բացառություն էր: Սա Հայաստանն ու հայկական մշակույթը ցույց տալու, ինչպես նաև բարեգործություն անելու ծրագիր է: Մենք տրադիցիան շարունակում ենք մինչ օրս և հույս ունենք, որ այն կլինի շարունակական: Նման կամուրջների կառուցումը խիստ կարևոր է մեզ համար: Աննախադեպ քանակությամբ դեսպանատներ են մասնակցում ծրագրին՝ Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Ուկրաինա, Վրաստանՙ ճապոնիա, Ֆիլիպիններ, Հնդկաստան, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն: Շուրջ 15 դեսպանատուն ունենք այդ պահին հաստատված: Դեսպանատները վերցնում են սեղաններ և ներկայացնում իրենց երկրի ազգային ուտեստները, ձեռագործ աշխատանքներ: Միջոցառումը կայանալու է Մարիոթ Արմենիայում: Այս տարի ներգրավված են նաև որոշ հասարակական կազմակերպություններ: Այն ՀԿ-ները, որոնք աջակցում են կանանց, կարող են նաև տվյալ կանանց ձեռագործ աշխատանքները ներկայացնել: Սովորաբար նման ՀԿ-ներ չեն եղել, սակայն այս տարի ցանկանում ենք նաև օգնել նրանց», - նշեց մեր զրուցակիցը: