«Դեբոշ»՝ գյուղապետի եւ նախկին փոխմարզպետի միջեւ․ հարուցվել է քրեական գործ

«Դեբոշ»՝ գյուղապետի եւ նախկին փոխմարզպետի միջեւ․ հարուցվել է քրեական գործ

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում «դեբոշ» է եղել․ դրա մասնակիցներն էլ եղել են ոչ ավել, ոչ պակաս ներկայիս գյուղապետ Տիգրան Մուրադյանն ու նախկին գյուղապետի գործարար եղբայր Արտուշ Ղուկասյանը։ Վեճը, մեր տեղեկություններով, ծագել է վերջինիս պահածոների գործարանի արտանետած թունավոր ջրի շուրջ։

«Հրապարակ»-ի հետ զրույցում համայնքապետն ասաց, որ իրեն բազմիցս բողոքներ է եկել գյուղացիներից գործարանի կոյուղաջրի վերաբերյալ, սեփականատերերին զգուշացրել է, սակայն այդ հարցը չեն լուծել ․«Գործարանը պատկանում է նախկին փոխմարզպետ, Հանրապետական Արտուշ Ղուկասյանին։Նրան մի քանի անգամ զգուշացրել ենք, որ համայնքի բնակիչների կողմից ունենք բողոքներ արտանեվող ջրի հետ կապված, որ մշակաբույսերին մեծ վնասներ են հասցնում, պաշտոնական գրություն եմ ուղարկել տնօրինությանը, որ ջուրը չարտանետվի։ Դրանից հետո իրենք դիմել են ոստիկանությանը, թե իբր համայնքի ղեկավարը կամայականորեն խոչընդոտում է գործարանի բնականոն աշխատանքը, բայց դա իրականության հետ աղերս չունեն։ Մենք իրենց առաջարկել ենք ունենալ կոյուղահորեր, բայց դա էլ չի կատարվել»։

Մեր զրուցակիցը նաեւ մանրամասնեց, թե ինպես է բանը հասել ձեռնամարտի․ «Կիրակի օրը շրջում էինք համայնքի փողոցներով եւ եկանք նաեւ այդ փողոց։ Այդտեղ հավաքված էին նաեւ  Արտուշ Ղուկասյանը, իր որդիները, եղբոր որդին ու մի խումբ բնակիչներ, որոնք պահանջում էին ջուրը կտրվի։ Մենք մոտեցել ենք, նախկին փոխմարզպետին զգուշացրել եմ, որ դուք ապօրինություն եք անում, դուք նման իրավունք չունեք ձեր կոյուղաջրերը միացնել համայնքի առվին։ Ագրեսիվություն նկատեցի իրենց կողմից ու որպեսզի բանը չհասնի տհաճ խոսակցությունների, կռվի, ահազանգել եմ ոստիկանություն, որպեսզի խումբ ժամանի՝ կանգնեցնելու համար եւ ապօրինությունը, եւ զերծ մնանք տհաճ միջադեպերից։ Մինչ ոստիկանության տեղ հասնելը՝ իրենք զանգել էին իրենց բարեկամներին, եկան ու սկսեցին հայհոյանքներ տալ ու հարձակվեցին իմ վրա»։

Տիգրան Մուրադյանը նաև նշեց, որ ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ, անցել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցվել է քրեական գործ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։